Բալի օգտակարությունը․ 7 պատճառ սննդակարգում ներառելու համար

 




Բալն ամենահամեղ ու օգտակար մրգերից է, սակայն մարդիկ ոչ միշտ են պատշաճ ուշադրություն դարձնում այս մթերքին: Այնուամենայնիվ, բալն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնք մասին ոչ բոլորը գիտեն:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 պատճառ հաճախ բալ ուտելու համար:

Հարուստ է հակաօքսիդանտներով

Բալը հակաօքսիդանտների ու հակաբորբոքային ազդեցությամբ օժտված բաղադրիչների հարուստ աղբյուր է: Այդ նյութերը դանդաղեցնում են ծերացման գործընթացն ու պաշտպանում են քրոնիկ հիվանդություններից, այդ թվում նաև սրտանոթային հիվանդություններից, շաքարային դիաբետից, ուռուցքներից, ծերունական թուլամտությունից ու ճարպակալումից:



Պաշտպանում է շաքարային դիաբետից

Իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ բալը պահպանում է ամբողջ օրգանիզմի առողջությունը: Բացի այդ, այն ունի շատ ցածր գլիկեմիկ ինդեքս, ուստի չի նպաստում արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացմանը: Սա է պատճառը, որ բալը լավագույն բաղադրիչն է շաքարային դիաբետից պաշտպանվելու համար:

Ապահովում է առողջ քուն

Բալը համարվում է մելատոնին հորմոնի բնական աղբյուրներից մեկը, իսկ այս հորմոնն ապահովում է առողջ քունը: Հետազոտություները ցույց են տվել, որ քնելուց երկու ժամ առաջ բալի հյութ խմելն ավելացնում է քնի տևողությունը 1 ժամ 24 րոպեով:

Պաշտպանում է արթրիտից

Հետազոտությունները ցույց են տվել, որ բալի գործածությունը շատ օգտակար է օստեոարթրիտի դեպքում: Պարբերաբար բալ ուտելը կամ բալի բնական հյութ խմելն օգնում է մեղմել հոդացավերը:

Նվազեցնում է հոդատապի զարգացման հավանականությունը

Հոդատապը հոդերի բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է հոդերում միզաթթվի բյուրեղների կուտակման հետևանքով: Գիտափորձը ցույց է տվել, որ երկու օր բալ օգտագործելու դեպքում կարելի է նվազեցնել հոդատապի ցավոտ նոպաները 35%-ով:

Նվազեցնում է խոլեստերինի մակարդակը

Գիտնականները պարզել են, որ բալի հյութի գործածությունը նվազեցնում է խոլեստերինի ընդհանուր ցուցանիշները, այդ թվում նաև «վատ» խոլեստերինի մակարդակը: Միևնույն ժամանակ խոլեստերինի մակարդակն ընդամենը 1%-ով նվազեցնելն օգնում է 2%-ով նվազեցնել նաև սրտի հիվանդությունների հավանականությունը:

Մեղմում է ցավը մարզումներից հետո

Բալը հիանալի մթերք է հաճախ մարզվող մարդկանց համար: Այն օգնում է արդյունավետ կերպով մեղմել ցավոտ զգացողությունները գերինտենսիվ մարզումներից հետո:

 

Տարածել...

Ընթերցվող․․․