Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր․․․ Վահան Տերյան՝ Հայկ Բլբուլյանի ընթերցմամբ

 


Կյանքը լռում է, աղմուկը մեռնում.
Մի անծանոթ ձեռք նուրբ մթնշաղում
Անցյալն ու ներկան իրար է խառնում,
Իմ սրտում ոսկե անձրև է մաղում:

Մի քնքուշ լույս կա իմ հոգու համար-
Ամեն ինչ ունի չըմեռնող մի կյանք,
Կա խորհրդավոր դյութող մի խավար,
Ուր բախտից քաղցր են տրտունջ ու տխրանք:

Մի քաղցըր վիշտ կա անդարձ անցածում,
Վերհուշերի մեջ - մի անսուտ դրախտ,
Մի անանց վայելք, անխաբ հիացում-
Կյանքից գեղեցիկ ցնորական բախտ...



* * *

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս,
Աներևույթ դու խոսում ես աշխարհում,
Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս,
Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում.

Քնքուշաբույր ծաղիկների թերթերում,
Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում
Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում,
Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։

Ամենուրեք մի կարոտ ես դու նետել,
Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում,
Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել,
Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։

Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր
Թափառում եմ և որոնում տխրադեմ,
Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր,
Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։

* * *

Հրաշք-աղջիկ

Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
Ճառագայթող քո աչքերով դու եկար,
Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…

Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։

Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…

Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
Գիշերային արեգակի ճառագայթ,—
Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

* * *

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

* * *

Դյութեցին ինձ քո մազերը ալեծածան
Եվ աչքերիդ խորությունը խորախորհուրդ,
Եվ քո քնքուշ ժպիտների խոսքերն անձայն
Գիշերեցին իմ հոգու մեջ մի քաղցր մութ...
Դյութեցին ինձ իրենց խաղով լուսակարկաչ
Քո խոսքերի զանգակները զվարթաձայն.
Շռւրթերըդ — վարդ բոցավառված են իմ առաջ
Ցանկությունով արյունատենչ ու մեղսական։
Մութ ցանկությամբ ես քո կանչող գիրկն եմ ընկնում,
Նետում եմ ցած վեհ բարձունքից հոգիս հպարտ,
Քո գրկում կա սիրուց անուշ մի հիացում,
Քո խավարում — մոռացության մի ակնթարթ...

* * *

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ...

* * *

Կա խորհրդավոր մի հրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ - որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ - որ քամահրանք:

Մի այլ երկրային երաժշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և կան, և չըկան...

Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին...

* * *

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար...

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ...

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ...

* * *

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման. —
Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում...
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել...
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել...

Ընթերցվող․․․