Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ Erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
– Ինչո՞ւ պետք է կինը գլուխը ծածկի եկեղեցում:
– Սուրբ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է, որ կինը պարտավոր է գլուխը ծածկել աղոթելիս, որովհետև «… վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղոթքի կանգնել Աստծու առաջ» (Ա Կորնթ. 11: 5, 13): «… կինը պարտավոր է քող դնել գլխին, հրեշտակների պատճառով» (Ա Կորնթ. 11: 10): Ինչպես տեսնում ենք, կնոջ գլուխը ծածկելը եկեղեցում ունի ավետարանական լուրջ հիմնավորում: Ավետարանական այս պատգամի գործադրումով կանայք ու աղջիկները ցուցաբերում են հնազանդություն, խոնարհություն ու համեստություն ոչ միայն առաքելական խոսքին, այլ հենց ուղղակի Աստծուն, քանի որ ավետարանական յուրաքանչյուր տող ու պատգամ գրվել է Աստծո Սուրբ Հոգով:
Եթե մենք ունենք պատկառանք ու երկյուղ Աստծո տուն մտնելիս, որքան ևս առավել պետք է պատկառանքով ու խոնարհությամբ ծածկենք մեր գլուխը Նրա առջև աղոթելիս, Ում ահից «քերովբեները թևասքողվում են, սերովբեները սարսելով ամփոփվում իրենց մեջ, իսկ տերություններն ու պետությունները չեն համարձակվում նայել», – ասում է Ս. Խոսրով Անձևացին` երկրորդելով սուրբ Պողոս առաքյալի` վերը նշված խոսքը: Բացի դրանից շատ խորհրդավոր ու գեղեցիկ է, երբ Պատարագի խորհրդի ժամին եկեղեցում աղոթքի կանգնած կանայք ու աղջիկները գխաշոր են կրում:
Ուստի կանայք և աղջիկները, չպիտի խորշեն եկեղեցում գլխաշոր կրելուց, խոնարհաբար ծածկեն իրենց գլուխները Աստծո առջև աղոթելիս, որպեսզի Նա, տեսնելով նրանց հնազանդությունը, ունկնդիր լինի նրանց աղոթքներին և կատարի նրանց բարի ու ազնիվ խնդրանքները: