Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Հայաստանում աճող դեղաբույսերը դարերի ի վեր փոխարինել են բժիշկներին, հատկապես՝ վիրաբույժներին. տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար մարդիկ դեղաբույսերի թուրմ են խմել, բույսերի տերևներն ու թերթիկներ էլ դրել են վերքերին, որպեսզի արագ սպիանան:
Տարբեր տվյալներով՝ Հայաստանի տարածքում աճում է շուրջ 300 տեսակ ուտելի բույս: Որպես սնունդ օգտագործվող այս տեսակներից շատերի դեպքում պետք է շատ զգույշ լինել, քանի որ թունավոր նյութեր են պարունակում, իսկ բուժական նպատակներով կարելի է օգտագործել միայն ցողուններն ու տերևները,- հայտնում է Sputnik Արմենիան:
Ֆիտոթերապիան (դեղաբույսերով բուժում) այսօր մեծացնում է կողմնակիցների բանակը, դրան զուգահեռ՝ օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք դեղորայքային բուժումը համարում են ոչ արդյունավետ, իսկ երբեմն էլ՝ վտանգավոր:
Եվ այսպես, ծանոթանանք ամենաօգտակար դեղաբույսերի հնգյակին, որոնք աճում են հայոց հողում:
Ուրց
Լեռնային ուրցի ցողունից ու տերևներից կարելի է թեյ պատրաստել: Այս բույսի համը հիանալի համադրվում է սև թեյի հետ, բայց կարելի է նաև առանձին օգտագործել: Ուտելիքի մեջ օգտագործում է և՛ թարմ, և չորացրած վիճակում: Ուրցից պատրաստում են քսուքներ, թրմեր և եթերայուղեր:
Ուրցը ունի պարուրող, խորխաբեր, հանգստացնող հատկություն։ Ուրցը լավացնում է ախորժակը, ուժեղացնում ստամոքսահյութի արտադրությունը, նպաստում մարսողությանը, հանգստացնում որովայնի ցավերը։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում է բույսի վարակամերժ և ցավազրկող ազդեցությունը։ Թրջոցները և լոգանքը թեթևացնում են հոդերի, մկանների, նյարդային բնույթի ցավերը, օգտագործվում են նաև մաշկային հիվանդությունների բուժման համար։ Եփուկով ողողում են կոկորդը և բերանը ստոմատիտի, լարինգիտի, անգինայի դեպքում, դնում թրջոցները բորբոքված կոպերին, լվանում գլուխը ցավերի և թեփոտման դեպքում։
Ավելուկ
Այս բուժիչ բույսը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, ուստի մեծ կիրառություն ունի ժողովրդական բժշկության մեջ: Ավելուկը պարունակում է C, B1, K վիտամիններ, կարոտին, եթերայուղեր, օրգանական թթուներ և հանքային նյութեր:
Մեծ քանակության դեպքում ավելուկը գործում է որպես լուծողական, իսկ փոքր չափաբաժնով հակառակ ազդեցությունն է ունենում: Ցածր թթվայնությամբ գաստրիտի դեպքում այն խթանում է ստամոքսահյութի առաջացումը, լավացնում մարսողությունը: Ավելուկի հյութը փոքր չափաբաժիններով կարող է կիրառվել որպես լեղամուղ:
Ժողովրդական բժշկության մեջ ավելուկի արմատներից և տերևներից պատրաստված թուրմը կիրառվում է որպես արյունը վերականգնող, հակաբորբոքային միջոց:
Անանուխ
Այս բույսը մի քանի տեսակ ունի: Հիմնականում տարածված է կծու, դաշտային և հոտավետ անանուխը:
Կծու անանուխն ունի ցավազրկող, ինչպես նաև անոթներ լայնացնելու հատկություններ: Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտը ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։
Այս խոտաբույսը լավացնում է մարսողությունը, վերացնում սրտխառնոցը, ունի լեղամուղ հատկություններ, օգտագործվում է ասթմայի և փորափքանքի ժամանակ: Բրոնխների, թոքերի բորբոքման ժամանակ, ինչպես նաև սրտանոթային և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում անանուխի թուրմը օգտագործում են, որպես հանգստացնող միջոց:
Անանուխի տերևներից պատրաստված թուրմով ախտահանում են բերանի խոռոչը տարբեր բորբոքային պրոցեսների ժամանակ: Այն վերացնում է փորացավը, ստամոքսի այրոցը: Անանուխով լոգանքը հանգստացնող հատկություն ունի: Մենթոլն անանուխի էսենցիայի գլխավոր բաղադրիչն է, որն ավելացնում են ատամի մածուկի, տարբեր փոշիների, օծանելիքի, բուժահեղուկների մեջ:
Արևքուրիկ (Зверобой)
Հայկական դեղաբուսերից հայտնի է նաև արևքուրիկը: Բժշկական նպատակներով հիմնականում օգտագործում են արևքուրիկի տերևներն ու ընձյուղները:
Այս բույսը պարունակում է տոկոֆերոլներ, ֆլավանոիդներ, հիպերիցին եթերաայուղ, աղաղանյութեր, P, PP, C վիտամիններ, կարոտին, մակրո և միկրոտարրեր, նիկոտինաթթու, ազուլեն, պրովիտամին A և այլն:
Բույսի արմատներն օգտագործում են ոսկորների տուբերկուլյոզի և դիզենտերիայի դեպքում: Արևքուրիկն օգտակար է մարդու, բայց վտանգավոր՝ կենդանիների համար: Երկարատև արշավներից առաջ տարբեր երկրների բանակներում արևքուրիկի թուրմ են տվել զինվորներին:
Արևքուրիկի թեյը կարգավորում է ստամոքսի և աղիքների աշխատանքը, խթանում ներքին արտազատման գործառույթը:
Երիցուկ
Բոլորին հայտնի է, որ երիցուկի թեյը հանգստացնում է նյարդերը, իսկ թուրմն օգնում մաշկային հիվանդությունների և կոկորդի հիվանդություների ժամանակ:
Դեղատնային երիցուկն ունի սպազմալիտիկ, հակաբորբոքային, հակասեպտիկ, փքահան, քրտնաբեր և ամոքող հատկություններ:
Դեղատնային երիցուկի ծաղիկների թուրմն օգտագործում են փորլուծության և մարսողական խնդիրների, աղիքների ջղակծկումների ժամանակ, նորածինների մոտ փորացավի դեպքում: Թուրմը լավացնում է ախորժակը և մարսողությունը, հանգստացնում ստամոքսի լորձաթաղանթը (օգտակար է բարձ ստամոքսահյութի թթվայնության դեպքում), ունի փքահան հատկություններ:
Ինքնազգացողության վատթարացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում չչարաշահել խոտաբույսերով թուրմերը և բուժման նպատակով օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ: