Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Եթե լրացել է ձեր 65 տարին, չունեք կեսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։
Պետությունը փորձել է ձեռք մեկնել նաև նրանց, ովքեր դպրոցից հետո այդպես էլ երբևէ չեն աշխատել կամ աշխատել են, բայց չունեն գրանցված ստաժ ու գործատուի հետ չեն կնքել քաղիրավական պայմանագիր: Նպաստը, որը նշված դեպքերում նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, կոչվում է ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ,- հայտնում է Dialogue.am-ը:
Սկսենք նրանից, որ ծերության նպաստը նշանակվում է ՑՄԱՀ։ Այն, ի տարբերություն կենսաթոշակների չափի, հաստատուն է՝ ցանկացած քաղաքացի որպես ծերության նպաստ ամեն ամիս ստանում է կայուն եկամուտ, որը կազմում է ընդամենը 16 հազար դրամ:
Հարց ու պատասխան/Սոցիալական աջակցություն
Ում դիմել և ինչ փաստաթղթեր ներկայացնել
Ծերության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին անձամբ դիմի ՍԱՊԾ-ի ցանկացած տարածքային կենտրոն՝ անկախ իր բնակության հաշվառման վայրից, քանի որ նպաստը նշանակվում է ստանալու իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա։
Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթուղթ՝անձնագիր կամ նույնականացման քարտ։
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձիք՝ արպես անձը հաստատող փաստաթուղթ, կարող են ներկայացնել` ՀՀ-ում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձիք` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:
Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել նպաստը կամ մերժել: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին դիմողը գրավոր է ծանուցվում:
Նպաստի նշանակումը կարող է մերժվել, եթե դիմողը չունի նպաստի իրավունք (օրինակ՝ դեռ չի լրացել 65 տարին կամ արդեն իսկ ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ) կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:
Նկատենք, որ ծերանոցում բնակվող անձին ծերության նպաստ չի նշանակվում և չի վճարվում։
Ծերության նպաստը նշանակվում է նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:
Ուշադրություն.Եթե քաղաքացին ՍԱՊԾ դիմում ներկայացնի իր 65-ը լրանալուց հետո 3 ամիս անց, ապա նախորդ երեք ամիսների վճարվելիք նպաստը չի ստանա, փոխարենը նպաստը կնշանակվի և կհաշվվի դիմումը ներկայացնելու օրվանից:
Այն նշանակելու համար 65 տարեկանը լրանալուց հետո կարող եք դիմել ցանկացած ժամանակ` Ձեր հայեցողությամբ:
Ծերության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝
- Նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում,
- Նպաստառուին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում,
- Նպաստառուի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
- ՀՀ երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում, ինչպես նաև ՀՀ բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում,
- Նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում,
- Նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում,
- Նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում։
Ծերության նպաստի չվճարված գումարը վճարելու կարգը
Ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող 1 տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:
Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն հասցեում հաշվառված լինելու հանգամանքից։ Ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ ՀՀ բնակչության պետռեգիստրում առկա տվյալների, նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն հասցեում։
Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում։ 6-ամսյա ժամկետում չդիմելու դեպքում չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են նպաստառուի մահվանից հետո` 12 ամիսների ընթացքում: