Օմար Խայամի իմաստուն խրատները կյանքի մասին կսովորեցնեն ճշմարիտ ապրել. Լևոն Բլբուլյանի թարգմանությամբ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։



Օմար Խայամը (1040-1129) Իրանական պոեզիայի փառքը հանդիսացող չորս նշանավոր բանաստեղծներից մեկն է (Ֆիրդուսի, Սաադի, Հաֆեզ, Խայամ): Լինելով իր ժամանակի անվանի գիտնականներից մեկը, նա այսօր, հատկապես իր քառյակներով, հայտնի է ամենից առաջ որպես արևելյան մեծանուն իմաստուն, և արդեն քանի հարյուրամյակ ողջ աշխարհում հետաքրքրությունը չի մարում նրա անձի ու ստեղծագործության հանդեպ:

Մեզանում ևս, դեռևս 19-րդ դարասկզբից, թարգմանիչները անդրադարձել են Խայամին, բայց ինչպես փորձը ցույց է տալիս, համաշխարհային գրականության նշանավոր ստեղծագործությունները ժամանակ առ ժամանակ թարգմանիչներին հիշեցնում են իրենց մասին, «ստիպում» նոր թարգմանություններ անել՝ տվյալ ժամանակի ըմբռնումներին, լեզվամտածողությանը ավելի հարազատ: Այնպես որ անսպասելի չէ բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության և Ս. Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի դափնեկիր Լևոն Բլբուլյանի անդրադարձը Օմար Խայամի նշանավոր քառյակներին: 

Ամբողջական գիրքը կարող եք առցանց ձեռք բերել այստեղ։

 

 

Մի անգամ չէ, որ շրջել եմ հանգրվանում մեռյալների,
Տեսել շքեղ դամբարաններ, շիրմաթմբեր անտունների.
Ո՛չ աղքատն էր առանց պատանք ճանապարհվել գիրկը հողի,
Ո՛չ հարուստը հետը տարել մի պատանից շատ ավելի:

***

Մի բան եմ լոկ ես ուզում քեզ բացատրել՝
Բազմերանգ է կյանքն այս, ամեն վայրկյան՝ տարբեր,
Թե չես ուզում զուր քամուն տալ օրերը քո,
Փորձի՛ր բոլոր նրբերանգները նշմարել:

***

Չարժե անվերջ ապագային հայացք գցել,
Վայելի՛ր այն, ինչ այս օրն է քեզ մատուցել,
Ուր որ է և մե՛նք մահվան հետ կհանդիպենք,
Ինչպես նրանք, որ դեռ վաղուց են գնացել:

***

Ամենամեծ նվաճումը մարդկային ողջ պատմության
Բախտին ծնկի բերելը չէ, ո՛չ էլ՝ նահանջը մահվան:
Երկնային այն մրցավարը մեզ միավոր է տալիս
Այնժամ միայն, երբ ինքներս մե՛զ ենք մատնում պարտության:

***

Դու բառերիդ հսկի՛չ եղիր ու պահապա՛ն,
Խոսքի կեսից ոչ մեկին մի՛ տուր
պատասխան:
Երկու ականջ է քեզ տրված ու մի բերան,
Որ երկու խոսք լսես ու նոր ասես մի բան:

***
Երբեք հիմարին քո տանը գինի չհյուրասիրես,
Թե չէ շատ հիմար մի վիճակի մեջ դու կհայտնվես.
Հարբած կաղմկի նա ամբողջ գիշեր, չի թողնի քնես,
Իսկ առավոտ վաղ ներում խնդրելով՝ կզզվեցնի քեզ:

***

Այն օրը, որ դարձավ երեկ, մոռացի՛ր, էլ մի՛ հիշիր,
Ո՛չ էլ գալիք օրվա հոգսը այսօրվանից դու քաշիր.
Ապագայի մասին քեզնից կպչուն մտքերը քշի՛ր,
Այսօ՛ր ապրիր, քո կյանքը զուր երազելով մի մաշիր:

***

Ով ուրիշի վատն է ուզում, լավ օրի չի՛ արժանանա.
Թշնամության ու նախանձի պատասխանը չի՛ ուշանա:
Ես քո բարի՛ն եմ ցանկանում, դու ուզում ես ինձ վնասե՞լ.
Դե ի՛նչ, ուրեմն, էլ ինձնից չե՛ս կարող լավ բան սպասել:

***

 

 

Որքան ուզում են, թող որ գեհենի հրով սպառնան,
Դժոխք դարձնեն հանդերը բոլոր, դաշտ ու անդաստան,
Լոկ, Աստվա՛ծ չանի, ոչնչություններ քեզ ընկերանան.
Դա նո՛ւյնն է՝ մարդու գինու փոխարեն մահացու թույն տան:

***

Ի՜նչ օգուտ, ցավել, տառապել իզուր բոլորի համար.
Ավելի լավ չէ՞ մտերիմ մեկին երջանկություն տալ,
Լա՛վ է փոքրիկ մի հարցում եղբորդ լինես օգտակար,
Քան միայն խոսքով «տանես» մարդկության հոգսերն անհամար:

***

Օգուտ չունի փող ու ոսկի մի կողմ դնել,
Թե չես կարող հավերժություն մի օր գնել,
Ժամկետով է տրված քեզ կյանքը, բարեկա՛մ.
Աշխատիր ո՛չ մի ակնթարթ բաց չթողնել:

***

Լավ է, ոնց անգղ, դու մի ոսկորով անգամ գոհանաս,
Քան տմարդ մեկի ճոխ սեղանի մոտ անկոչ հյուր դառնաս:
Լավ է՝ մի կտոր քո գարեհացի հույսին լոկ մնաս,
Քան թե մի ստոր ոչնչության հետ խնջույքի գնաս:

***
Բարձունքո՞ւմ ես՝ կքաշե՛ն, վա՛ր կբերեն,
Ճո՞խ ես ապրում՝ ունեցվածքիդ կտիրեն:
Զգո՛ն եղիր, զգուշացի՛ր դավերից,
Թե չէ գլխիդ մի օր փորձանք կբերեն:

***
Թույլ մի՛ տուր երբեք խոսքերով շոյեն ու օրորեն քեզ,
Բախտի անողոք սուրը գլխիդ է կախված մշտապես:
Ինչքան էլ քաղցր՝ փառքի մեջ թույն կա մի վտանգավոր.
Զգո՛ւյշ, որ դանդաղ, աննկատ մի օր չթունավորվե՛ս:

***

Ինչ-որ մեկին նվիրվելը վաճառվել չի՛ նշանակում,
Կողքին քնելն ամենևին շնանալ չի՛ նշանակում,
Վրեժից ետ կանգնելը դեռ հաշտություն չի նշանակում,
Ոչ էլ հեռու լինելն արդեն մոռանալ է նշանակում:

***

Նա, ով աշխարհն այս նվիրել է լոկ երջանիկներին,
Սիրում է պատժել, տեղի-անտեղի զարկել մյուսների՛ն:
Դու զուր մի՛ տխրիր, որ ուրիշներից քիչ ես ծիծաղել,
Գո՛հ եղիր, որ քեզ գեթ քիչ են ծեծել, քան ուրիշներին:

 

 

***

Ե՛կ, բարեկա՛մ, մենք գալիքի հոգսերն ընդմիշտ մոռանա՛նք,
Մի շնչի չափ կարճ այս կյանքը լավ վայելե՛նք՝ նոր գնանք:
Վաղը, մե՛կ է, հին այս թաղից պիտի անդարձ հեռանանք՝
Մեզնից դարեր առաջ ապրած անցվորներին միանանք:

***

Կյանքն ու աշխարհը մոռացած, հոգս ու ցավի մեջ անել՝
Դու մի՛ ջանա ոսկի դիզել, փողը մի կողմ միշտ դնել.
Քանի դեռ պաղ քո շուրթերին վերջին շունչը չի մարել,
Վայելիր՝ ինչ ունես, մի՛ թող քո թշնամուն այն նվեր:

***

Հեշտ չէ, բայց փորձիր վարժվել քո ցավին, որ շատ չտանջվես,
Ո՛չ փառքի ձգտիր, ո՛չ տիտղոսների՝ հանգիստ կլինես:
Քեզնից բարձրի հետ մի՛ համեմատվիր, մի՛ կեղեքիր քեզ,
Դու նայիր միայն քեզանից ցածրին, խաղաղ կքնես:

***

Չի՛ կարելի ամեն սեղանի ձեռք մեկնել,
Աներես ճանճի պես, ուր պատահի, մտնել,
Լավ է նույնիսկ փշուր հացի կարոտ մնալ,
Քան սրիկա մեկի հաշվին խնջույք անել:
***

Երբ ինչ-որ մեկին խայթում է մեղուն, հո չի՞ հասկանում,
Որ իր սեփական վախճանն է միայն ինքն արագացնում:
Ճիշտ այդպես շուրջը մաղձ ու թույն սփռող որքա՜ն հիմարներ
Չեն գիտակցում, թե ինչ են սեփական կյանքի հետ անում:

***
Լող էին տալիս ծովում դելֆինն ու տափակաձուկը:
«Ի՜նչ գեղեցիկ է» ,- ժպտալով ձկանն, ասաց դելֆինը:
«Ա՜յ քեզ այլանդակ»-նրան խեթելով, մտածեց ձուկը:
Սա ձեզ օրինակ, թե որն է, ինչ է նախանձությունը...

 

 

***

Կյանքն է սովորեցնում մեր ուղին ճիշտ անցնել,
Քծնանքը շրջանցել, սուտը հեռու վանել,
Նա լուռ զգուշացնում, խստիվ արգելում է
Հոգու մեր սափորը մաղձ ու թույնով լցնել:

***

Նայի՛ր՝ ի՜նչ թարմ են ծաղկունքը գարնան, թփերը մոշի,
Բայց լա՛վ իմացիր՝ հենց թոշնեն, նրանց ո՛չ ոք չի հիշի,
Այնպես որ՝ խմի՛ր դու ալվան գինին ու ծաղի՛կ քաղիր.
Աչքդ թարթես, հող կդառնա թուփը, ծաղիկը՝ փոշի:

***

Երկու բան կյանքում իմաստության մեծ խորք-խորհուրդ ունի,
Ասված ու չասված բոլոր խոսքերից գուցե ավելի.
«Լավ է կյանքում այս քաղցել, քան ուտել՝ ինչ ձեռքդ ընկնի,
Լավ է մշտապես մենակ լինել, քան՝ ում հետ պատահի»:

***
Մի զլացեք մարդկանց դուք լավ խոսքեր ասել,
Սեր, բարություն սփռեք՝ որքան կարողանա՛ք.
Ինչքան շատ փայտ դնեք դուք խարույկի մեջ ձեր,
Այնքան ավելի շատ ջերմություն կստանաք:

***
Ելնենք բացվող նոր, ջինջ օրվան ժպտանք, իրար ողջունենք,
Հոգս ու ցավ մի պահ մոռանանք, թախի՛ծը վանենք,
Ողջ կրծքով շնչենք, ըմբոխշնենք գարնան օդը վաղորդյան,
Քանի դեռ շնչել-արտաշնչելու այս բախտը ունենք:



Կիսվել...

 

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․