Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Ստորին վերջույթների երակները հաճախ խցանվում են արյունային մակարդուկների՝ թրոմբի առաջացման հետևանքով: Բարդություններից խուսափելու համար հարկավոր է սովորել ճանաչել ստորին վերջույթների խորանիստ երակների թրոմբոզի ախտանշանները:
Խնդրի առկայության մասին կարող են վկայել հետևյալ նշանները.
- ջղաձգումներ, ցավ, լարվածություն ստորին վերջույթներում
- նկատելի այտուցվածություն
- վերջույթի ախտահարված հատվածում մաշկի գույնի փոփոխություն՝ վերջույթները կարող են կարմիր կամ կապույտ գույն ստանալ:
Ախտանշանների առկայության դեպքում կարևոր է դիմել համապատասխան մասնագետի, ախտորոշվել և բուժում ստանալ՝ հետագա բարդություններից խուսափելու նպատակով:
Հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ որոշ դեպքերում հիվանդությունը կարող է ընթանալ առանց հստակ ախտանշանների:
Ովքեր են ռիսկի խմբում: Մարդկանց որոշակի խմբերի շրջանում հիվանդության զարգացման հավանականությունն ավելի մեծ է: Հետևյալ գործոնները մեծացնում են հիվանդության զարգացման հավանականությունը.
- երկար ժամանակ շարժման բացակայություն՝ անկողնային ռեժիմ, ճանապարհորդություն և այլն
- ջրազրկում
- հղիություն
- օրալ հակաբեղմնավորիչների ընդունում
- ծխախոտ
- ճարպակալում
- ոտքերի լուրջ վնասվածքներ
- քաղցկեղ
- արյան մակարդելիության որոշ խանգարումներ:
Ինչպես կանխարգելել հիվանդության զարգացումը
Բավարար քանակով ջուր խմեք՝ ջրազրկումից խուսափելու համար:
Եթե օրվա ընթացքում երկար ժամանակ նստած եք, ժամանակ գտեք քայլելու համար, մերսեք ոտքերը:
Դադարեք ծխել:
Վարժություններ արեք՝ արյան շրջանառությունը լավացնելու համար:
Եթե արյան մակարդելիության հետ կապված խնդիրներ կան, և նշանակվել են դեղամիջոցներ, ընդունեք դրանք՝ բժշկի նշանակմամբ: