Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Քրտնարտադրությունը բնական պրոցես է, որը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը, միզանյութի հավասարակշռությունը։ Սակայն առատ քրտնարտադրությունը խնդիր է դառնում, հատկապես, երբ հանդիպում է գիշերային ժամերին։
Սկզբնական շրջանում գիշերային քրտնարտադրությունն անուշադրության է մատնվում, սակայն ժամանակի ընթացքում այն վերածվում է քրոնիկ խնդրի, որի դեպքում հարկավոր է բժշկական հետազոտություններ անցնել, քանի որ այն կարող է վկայել առողջական խնդիրների առկայության մասին։
Դաշտանադադար։ Կանանց շրջանում առատ քրտնարտադրությունը մեծամասամբ կապված է դաշտանադադարի հետ։ Այդ փուլում կնոջ օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում։ Մասնավորապես, նվազում է էստրոգենի մակարդակը, ինչը հանգեցնում է գիշերային քրտնարտադրության։ Կնոջը կարող է անհանգստացնել նաև շնչահեղձության զգացումը, քնի խանգարումը, փոխվում է սրտի ռիթմը։
Որոշ դեղամիջոցների ընդունում։ Մի շարք դեղամիջոցների օգտագործումը կարող է կողմնակի ազդեցություն ունենալ և առատ քրտնարտադրության պատճառ դառնալ։ Որպես կանոն՝ նման խնդրի հանգեցնում են հորմոնալ, արյան մեջ շաքարի մակարդակն իջեցնող, ինչպես նաև՝ բորբոքումն ու ցավը բուժող ստերոիդային դեղամիջոցները։
Տուբերկուլյոզ։ Որպես կանոն՝ գիշերային քրտնարտադրությունը պայմանավորված չէ լուրջ հիվանդությունների առկայությամբ, որոնք դժվարությամբ են բուժվում։ Սակայն այս խնդիրը կարող է պայմանավորված լինել նաև քրոնիկ հիվանդություններով, ինչպիսին է տուբերկուլյոզը։ Այս հիվանդությունը լրջորեն ազդում է թոքերի առողջության վրա և գրեթե միշտ ուղեկցվում գիշերային առատ քրտնարտադրությամբ, բարձր ջերմությամբ, կրծքավանդակի հատվածում ցավերով, արյունային խորխի առկայությամբ, շնչառության դժվարացմամբ։
Նյարդային համակարգի աշխատանքի խանգարում։ Նյարդային լարվածությունը ևս կարող է հանգեցնել մարմնի ջերմաստիճանի բարձրացման։ Մարմնի ջերմաստիճանը կարգավորելու համար օրգանիզմն սկսում է քրտինք արտադրել։ Սա օրգանիզմի նորմալ ռեակցիան է, սակայն, եթե քրտնարտադրությունն ակտիվանում է միայն գիշերային ժամերին, դառնում քրոնիկ և ինտենսիվ, այն կարող է նյարդային համակարգի հետ կապված լուրջ խնդիրների հետևանք լինել։ Նյարդային հիվանդությունները հանգեցնում են համակարգի ֆունկցիաների խանգարման՝ ազդելով ճարպագեղձեր ուղարկող ազդանշանների վրա։
Հիպերհիդրոզ։ Այս տերմինն օգտագործվում է առատ քրտնարտադրությունը բնորոշելու համար։ Այս քրոնիկական խանգարումը բավական հաճախ է հանդիպում, ինչը կապված է նաև գենետիկ նախատրամադրվածության հետ։ Այս խնդրի հետևանքով նկատվում է առատ քրտնարտադրություն, հատկապես՝ գիշերային ժամերին։ Երբեմն քրտնարտադրությունն այնքան ինտենսիվ է դառնում, որ նրանք սկսում են շնչահեղձ լինել։
Հիպերթիրեոզ։ Սա վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում է, որի արդյունքում վերջինս չափից շատ հորմոններ է արտադրում։ Դա ազդում է նյութափոխանակության վրա, հանգեցնում բազմաթիվ այլ բացասական փոփոխությունների։ Այս հիվանդությամբ տառապող մարդկանց շրջանում կարող է խիստ հոգնածություն և գիշերային առատ քրտնարտադրություն նկատվել։ Բացի այդ՝ կարող են նկատվել քաշի տատանումներ, մազաթափություն, դող ձեռքերում։