Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Պատրաստվում եք վիզայի հայտ ներկայացնել ԱՄՆ-ի դեսպանատուն, բայց վախենում եք, որ ձեզ կմերժե՞ն։
Պետք չէ անհանգստանալ, քանի որ ձեզ համար հավաքել ենք վիզայի հայտի մերժման ամենատարածված 7 պատճառները։
Կարդացեք / լսեք հոլովակը և ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք նույն սխալները։
Երբ ձեր հայտը մերժվել է․․․
Իրականում կան հազարավոր պատճառներ, որոնցից ելնելով՝ դեսպանատունը կարող է մերժել վիզայի ձեր հայտը։ Իսկ մերժելուց հետո ձեզ ոչ ոք չի ասի, թե ինչ պատճառով է հայտը մերժվել։ Բայց եթե նույնիսկ ձեզ մերժել են, դա չի նշանակում, որ այլևս երբեք չեք կարող գնալ ԱՄՆ։ Դուք մշտապես կարող եք ևս մեկ անգամ դիմել՝ առավել լավ պատրաստելով ձեր հայտը, սակայն ավելի լավ է միանգամից պատրաստված գնալ, քան թե մերժվել և փորձել լուծել այդ խնդիրը։ Այդ իսկ պատճառով ձեզ ենք ներկայացնում վիզայի հայտի մերժման ամենատարածված պատճառները։
1. Սահմանափակ կապեր հայրենիքի հետ
Դեսպանատան աշխատակցի պարտականությունների մեջ է մտնում ձեր և ձեր հայրենիքի միջև եղած կապերը բացահայտելը, այն է՝ իմանալ արդյոք հայրենի երկրում ունեցվածք, աշխատանք և հարազատներ ունեք, թե ոչ։ Այս պատճառը հատկապես ազդեցիկ է երիտասարդների համար, ովքեր չունեն երեխաներ, անշարժ գույք, բարձր վարձատրվող աշխատանք և այլն։
2. Քիչ ճամփորդություններ արտերկիր
Վիզայի հայտի մերժումը կարող է կապված լինել վիզային պատմության սակավության կամ ընդհանրապես բացակայության պատճառով։ Բացի այդ՝ ուշադրություն է դարձվում նաև այն երկրների ցանկին, որոնք այցելել եք։ Նախապատվություն է տրվում Եվրոպական երկրներին, քանի որ քչերն են ցանկանում արտագաղթել Եգիպտոս, Թուրքիա կամ Վրաստան։ Կարևոր է նաև մեկնման և ժամանման գրաֆիկները չխախտելը և վիզայով նախատեսված ժամանակից երկար չմնալը արտերկրում։
3. Կասկածելի հրավեր
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ մարդիկ ցանկանում են ամուսնանալ ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող մարդու հետ, որպեսզի իրենք նույնպես միանգամից քաղաքացի դառնան։ Այդ իսկ պատճառով, եթե մեկնում եք հանդիպելու ձեր երկրորդ կեսին, դեսպանատան աշխատակիցը կարող է դա կասկածելի համարել։ Բացի այդ՝ կասկածելի են աղքատիկ անգլերենով գրված կամ սև ցուցակում գտնվող նոտարի կողմից հաստատված հրավերները։
4. Ոչ համոզիչ պատճառաբանում այցելության նպատակի վերաբերյալ և հուզվածություն
Երբ հարցազրույցի ժամանակ ձեզ հարցնում են այցելության նպատակի մասին, ցանկալի է, որ դուք պատասխանեք վստահ և ստույգ։ Եթե ձեր նպատակը զբոսաշրջությունն է, ապա պատմեք, թե ինչ քաղաքներ եք ցանկանում այցելել, ինչ տեսարժան վայրեր եք ցանկանում տեսնել, ներկայացրեք ինչ-որ միջոցառումների՝ նախապես գնված տոմսեր և նախապես ծրագրված երթուղի։ Նյարդային վիճակը նույնպես կարող է մերժման պատճառ լինել, այդ իսկ պատճառով ձեզ հնարավորինս հանգիստ ու հավասարակշռված պահեք։
5. Ծննդաբերություն ԱՄՆ-ում
Եթե արդեն ծննդաբարել եք ԱՄՆ-ում և այդ ծախսերը չեք հոգացել, ապա ձեզ միանշանակ կմերժեն։ Կասկածելի է նաև այն, որ դուք հղի եք հայտը տալու ժամանակ, սակայն թաքցնում եք այցի իրական նպատակը։ ԱՄՆ-ն դեմ չէ, որ այնտեղ երեխա ունենաք, սակայն պարտադիր է հոգալ բոլոր ծախսերը և չթաքցնել այցելության նպատակը։
6. Ֆինանսական միջոցների սակավություն
Եթե դուք մեկնում եք ԱՄՆ բուժվելու նպատակով, ապա պետք է անպայման ներկայացնել փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ կարող եք վճարել այդ բուժման համար։ Նույնը պետք է անել նաև ուսանողների համար։ Եթե դուք մեկնում եք սովորելու, ապա պետք է փաստերով ապացուցեք, որ կարող եք վճարել ձեր ուսման վարձը։ Իսկ ընդհանրապես, ցածր եկամուտները կասկածի տեղիք կտան, և դեսպանատունը կմտածի, որ դուք գնում եք անօրինական աշխատելու և ձեր ֆինանսական վիճակը բարելավելու համար կամ ավելի վատ՝ ևս մեկ ծախս դառնաք այնտեղի բարեխիղճ հարկատուների համար։
7. Զանազան խախտումներ
Եթե նախկինում այցելել եք ԱՄՆ և ինչ-որ օրենքներ եք խախտել, ապա մեծ է հավանականությունը, որ ձեր վիզայի հայտը կմերժեն։ Այդ իսկ պատճառով պետք է լավ ծանոթանալ օրենքներին՝ մինչև ԱՄՆ մեկնելը։ Եթե վիզայով նախատեսված ժամանակից 0.5-1 տարի ավելի եք մնացել ԱՄՆ-ում, ապա ձեզ չեն թողնի վիզայի հայտ ներկայացնել 3 տարի շարունակ, իսկ եթե ավելի մնալու ժամկետը գերազանցում է 1 տարին, ապա դուք չեք կարողանա վիզա ստանալ 10 տարի շարունակ։ Այդ իսկ պատճառով լավ մտածեք ԱՄՆ-ում օրենք խախտելուց առաջ։
Խուսափեք այս սխալներից, և մեծ է հավանականությունը, որ վիզայի համար ձեր հաջորդ հայտը դրական արդյունքեր կունենա և վերջապես կկարողանաք մեկնել ԱՄՆ։