Նորապսակներ. ապրել առանձի՞ն, թե՞ ամուսնու ծնողների հետ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Հայկական ավանդական ընտանիքին երկար ժամանակ բնորոշ է եղել այն, որ որդին իր կնոջ հետ ապրի ծնողների հետ` հայրական տանը: Սակայն, ինչպես գիտենք, ժամանակները փոխվում են, և կարծրատիպերը վերանում են: 

Այսօր բազմաթիվ երիտասարդներ (եթե ոչ ամեն երկրորդը) խոսում են առանձին ապրելու մասին: Նրանք պատճառաբանում են, որ «այսօրվա մեծերը ծանր բնավորություն ունեն և խոսում են ամեն ինչ վրա», երիտասարդները ցանկանում են ավելի ազատ ու անկաշկանդ զգալ:

Մյուս կողմից` ոչ փոքրաթիվ մաս են կազմում նաև ավանդական մտածողություն ունեցող տղաները, ովքեր երբեք և ոչ մի պարագայում չեն պատկերացնում իրենց ծնողներից հեռու ապրելը: Նրանք նախընտրում են հենց ծնողների հետ համատեղ ապրելու տարբերակը կամ հասարակական կարծիքի ճնշման տակ (ինչ կասեն շրջապատում), կամ էլ` սեփական արժեհամակարգից, բնավորությունից ելնելով…

Ահա, թե ինչ են մտածում թեմայի շուրջ մեր հայրենակիցները.

Լիանա, 24տ.

«Բնականաբար նախընտրելի է առանձին ապրելը: Այդ դեպքում, սովորաբար, ամուսինների հարաբերություններն ավելի ներդաշնակ են լինում: Տանը մեկ տնտեսուհի պետք է լինի: Ճիշտ է, հայաստանյան սուղ պայմաններում առանձին ապրելն այդքան էլ հեշտ բան չէ` ֆինանսական նկատառումներից ելնելով, բայց եթե բնակարան գնելու հնարավորություն չկա, ապա տուն վարձելն անհնարին չէ: Ես կհարգեմ ու կսիրեմ ամուսնուս ծնողներին, բայց կնախընտրեմ ամուսնուս հետ ապրել առանձին, քանի որ երբ մի տանիքի տակ ապրում են 2-3 սերունդեր, բախումներն անխուսափելի են, ինչքան էլ ջանք թափես: Հարս և սկեսուր հարաբերությունները լավ կլինեն միայն հեռավորության վրա, մեկ տանիքի տակ մի տղամարդու սիրող ու մեծարող երկու կին՝ մայր և կին, չեն կարող լինել»:

Քրիստինա, 25տ.

«Ապրել ամուսնու ծնողների հետ նշանակում է մշտապես հյուր զգալ տանը: Պատկերացնենք, ես եկել եմ նրանց տուն, թեկուզ իրենց տղայի կնոջ կարգավիճակում… միևնույն է, դա ԻՐԵՆՑ տունն է: Ճիշտ է, կան ինքնավստահ ու «լկտի» աղջիկներ, ովքեր առաջին իսկ օրվանից զգում են իրենց` ինչպես իրենց տանը, դնում են իրենց «դրվածքն» ու փոփոխություններ իրականացնում, համարում իրենց լիրաժեք (եթե ոչ միակ) տնտեսուհին… Բայց ես այդպես չէի կարող: Տանը պետք է մեկ տնտեսուհի լինի: Ես, օրինակ, չէի կարող հանել խոհանոցի կանաչ կլորիկներով վարագույրն ու կախել կարմիրը` ուղիղ գծերով, չէի կարող դեն գցել հյուրասենյակի բազմոցը, քանի որ այն արդեն 35 տարեկան է, տեղափոխել մահճակալը, քանի որ ֆենշույի մասին ունեցած իմ ընկալումներով այդ դիրքը ճնշում է սեռական էներգիան, ամուսնուս հետ իրականացնել վերանորոգում Հայ թեք ոճով… Կարճ ասած` չէի կարող տնօրինել իմ բնակարանը ըստ իմ հայեցողության (բնականաբար, համաձայնեցնելով ամեն ինչ ամուսնուս հետ): Բնակարանն իմը չէ, և այն տնօրինելու իրավունք ես չունեմ: Եվ եթե անգամ սկեսուրս ինձ սիրալիր ասում է` «Զգա քեզ` ինչպես տանը, սա քո տունն է», ես չեմ կարող: Ոչ, չէ որ ես այստեղ պարտավոր եմ (ինձնից սպասում են) անմիջապես վեր թռչել տեղիցս ու մաքրել սեղանը, լվանալ ափսեները, հավաքել խոհանոցը, ապա անել բոլոր մյուս գործերը… իսկ հանգստանալ ու զբաղվել սեփական գործերով կարելի է միայն, երբ տան բոլոր գործերն արված են: Իհարկե, չկա հատուկ հրաման, բայց հայ սկեսուրների մեծ մասը հենց այսպիսի վարք են ակնկալում»:



Համլետ, 26տ.

«Միայն առանձին ապրելու դեպքում ընտանիքն ամուր կլինի: Ոչ ոք չպետք է խառնվի այդ ընտանիքի խոսակցություններին, վեճերին: Եթե վեճերի մեջ եղավ երրորդ անձ, ուրեմն այն արդեն անլուծելի է և հղի ամեն տեսակ վատ հետևանքներով: Ես իմ կնոջ հետ պետք է առանձին ապրեմ, որպեսզի իմ կյանքի երկու կարևորագույն կանայք՝ մայրս և կինս, երբևէ միմյանց հետ չվիճեն, ես դրան չեմ դիմանա: Իհարկե, առանձին ապրելը չի խանգարի բավականաչափ ուշադրություն դարձնել ծնողներին, հաճախակի այցելել և չկտրվել նրանցից: Այնպես որ` ծնողներն էլ պիտի ըմբռնումով մոտենան այս հարցին»:

Էլեոնորա, 27տ.

«Զույգերի համար օգտակար է միասին մեծ ընտանիքի մեջ ապրելը: Սկզբնական շրջանում առանձնանալը իսկապես մեծ դժվարություն է: Օրինակ, աղջիկների համար շատ դժվար կլինի անմիջապես միայնակ ամուսնու հետ ապրել, որովհետեւ շատ հարցերում աղջիկները խեղճանում են, քանի որ անփորձ են լինում»:

Հակոբ, 30տ.

«Այս հարցում ես ավանդապաշտ եմ: Ընդ որում, համարում եմ, որ միմյանց վրա բարենպաստ են ազդում հատկապես կրտսեր ու ավագ սերունդները՝ այսինքն թոռներն ու տատ-պապերը: Անձամբ ես իմ տատ ու պապերի դերն իմ դաստիարակության ու հոգեկերտման մեջ շատ մեծ եմ համարում, և ուզում եմ, որ իմ երեխաներն էլ իրենց տատ ու պապերի հետ շատ ժամանակ անցկացնեն: Իսկ բոլոր մյուս խնդիրները հնարավոր է լուծել նորմալ բնակարանային պայմանների ու քիչ թե շատ փոխադարձ հարգանքի պայմաններում»:



Հասմիկ, 26տ.

«Համատեղ ապրելու դեպքում տանը պետք է միշտ լինես հատուկ «զգաստ» հանդերձանքով (ոչ մի կիսաբաց խալաթ կամ կիսամերկ մարմին լոգանքից հետո): Սեքսը` միայն ուշ գիշերին, երբ բոլորը քնած են, այն էլ` սեղմած բերանով, որպեսզի հանկարծ չարձակես ավագ սերնդի լսելիքին անհաճո կրքոտ տնքոցներ ու ձայներ: Երկար կարելի է օրինակներ բերել համատեղ կյանքի թերություններից: Սկեսուրը կամա ակամա հետևում է հարսին և իր «ուսումնասիրությունները» պատմում տղային, երբեմն էլ փորձում «բացել նրա աչքերը»… Թող կարծիք չստեղծվի, թե ես ի սկզբանե բացասաբար եմ տրամադրված ապագա սկեսրոջս հանդեպ: Ոչ, ես կհարգեմ նրան ու կփոխադարձեմ անգամ մեկ կաթիլ սերը, բայց համատեղ ապրելուն ես կտրականապես դեմ եմ:

Ի դեպ, բազմաթիվ աղջիկներ բարեհաճ են վերաբերվում սկեսրոջ հետ ապրելուն, որպեսզի շահագործեն նրան որպես դայակ և ճաշ եփող… Ես թույլ չէի տա, որ նա թողներ իր բոլոր գործերն ու զբաղվեր միայն թոռներով: Թող նրանք զբաղվեն իրենց գործերով, հանգստանան, բայց երեխաների դաստիարակությամբ պարտավոր եմ ինքս զբաղվել: Իհարկե, նրանք շատ են օգնում և երբեմն դեմ էլ չեն ամբողջ օրն անցկացնել թոռնիկի (թոռների) հետ, բայց երեխային վփաթաթել սկեսրոջ վզին» սխալ է…»:

Աննա, 29տ.

«Ընտանիքը բաղկացած է երկու հոգուց՝ ամուսին և կին։ Հետո ծնվում են երեխաներ։ Այս մարդկանցից բացի, մնացածն ավելորդ են։ Տղամարդը և կինը պետք է ստեղծեն իրենց սեփական ընտանիքը, իրենց դրվածքը, այն մթնոլորտը, որում ուզում են ապրել իրենք և ուզում են, որ մեծանան իրենց երեխաները։

Երբ մարդն ամուսնանում է, պետք է բավականաչափ հասուն լինի առանց կողմնակի միջամտության ընտանիքը կառուցելու համար։ Այն, ինչ կատարվում է տվյալ ընտանիքում, միայն ամուսնու և կնոջ գործն է։ Ու նույնիսկ լավագույն մղումներով հարազատների «ներխուժումը» ուրիշի ընտանիքի գործերին գրեթե միշտ ունենում է դժբախտ ավարտ (սա ապացուցելու համար օրինակներ բերելու կարիք չկա, որովհետև բոլորս էլ գիտենք բազմաթիվ դեպքեր)։

Բացի այդ, երբ առանձին են ապրում, երկու սերունդներն իրար ավելի շատ են սիրում։ Քիչ-քիչ են տեսնում ու տեսնվելուց հետաքրքվում են իրարով: Կարևորը, որ առօրյա կենցաղային հարցերում իրար հետ գործ չունենան։

Մենք սկզբից ապրել ենք ծնողներիս հետ, հիմա ապրում ենք առանձին։ Իմ կարծիքով` առանձինից լավ ու ճիշտ տարբերակ չկա։ Բայց եթե ծնողները ունենում են խնամքի կարիք, ապա մեր` երեխաներիս, պարտականությունն է գտնվել նրանց կողքին և խնամել»։



Կարեն, 33տ.

«Ամուսնացած եմ, ապրում եմ ծնողներիս հետ: Հազար ափսոս, որ տատ ու պապ հիմա չունեմ: Հաճույքով իրենց հետ մի հարկի տակ կապրեի… Կարծում եմ` ինչ որ չափով եսասիրություն է առանց ծնողների ապրելը. չէ՞ որ տատիկ-պապիկների ուրախությունն են թոռները , ո՞նց կարելի է զրկել նրանց այդ երջանկությունից»:

Ռուբեն Պողոսյան, հոգեբան

«Կողմնակից եմ, որ նորապսակները որոշ ժամանակաշրջան ապրեն մարդաշատ, մեծ ընտանիքներում, որովհետև այդտեղ որոշ հատկություններ կան, կյանք կա, ինչը չափազանց կարևոր է ապագայում առանձին ապրելու համար: Այդպես շատ նուրբ երևույթներ, մարդկային հատկանիշներ են մշակվում. մեծահասակի նկատմամբ վերաբերմունքը, սերնդական կապերի նկատմամբ վերաբերմունքը՝ ով որտեղ է գտնվում, ով ինչպես է իր կեցվածքը ստեղծում, ինչպես է ընտանիքը ամուր և կուռ լինում… Ընտանիքի ինչ-որ ավանդական հատկություններ կան, որոնք դարերի ընթացքում մշակվել, բյուրեղացել են, այդ պատճառով էլ այդ ընտանիքը ամուր է մնացել, պահպանվել է, ազգապահպան դեր է ձեռք բերել: Կարծում եմ՝ յուրաքանչյուր նորապսակ ընտանիք պետք է ապրի նմանատիպ ընտանիքում, որպեսզի օրինակ վերցնի մեծերից: Մարդաշատ ընտանիքում որոշ ժամանակ ապրելով` նորապսակները կկարողանան այդ սերնդական կապերի մեջ իրենց տեղադրումներն ունենալ, ձեռք բերել, յուրացնել և հետո նոր տանել կյանք: Իսկ անկախ ամեն ինչից` ամուր և առողջ ընտանիքի գրավականը սերն է. ոչ առանձին, ոչ էլ սկեսուր-սկեսրայրի հետ ապրելը ոչ մի դեր ու նշանակություն չունեն: Եթե տվյալ ընտանիքում սեր կա, մնացած ամեն ինչն էլ կլինի, իսկ դժվարությունները կհաղթահարվեն: Սիրուց բացի, կարևոր է նաև փոխվստահությունը: Իսկ մնացածն արդեն երկրորդական է»:

Մարինե, 25տ.

«Ցավոք սրտի հայերիս մոտ համարվում է ամոթ, եթե զույգերն ուզում են առանձնանալ:

Բոլորս էլ լավ գիտենք, որ այդպես է: Երբ կինը առաջարկում է ամուսնուն առանձին ապրել, անմիջապես լսվում է պատասխանը` «Բա ծնողնե՞րս, բա ի՞նչ կասեն բարեկամները, հարևաները, ընկերները...»: Համաձայնեք, որ ամեն հայ երիտասարդ ընտանիք չի կարողանում այդ քայլին դիմել: Պատճառն այն է, որ ամուսնու ծնողների հետ ապրելը ավանդույթի պես դարերով եկած սովորություն է եղել, և հիմա փոփոխման ժամանակաշրջան է: Դրա համար էլ որոշ ծնողներ դրան խիստ «ցավոտ» են վերաբերվում ։ Ծնողները կարող են վատ զգալ լսելով ամեն ինչի մեջ քիթները մտցնող «հոգատար» հարևանների և «սիրող» հարազատների ասեկոսները` «Բա լսեցի՞ր, այսինչի հարսը ոնց տղային ստիպեց, որ առանձին ապրեն»։



Սրբուհի, 28տ.

«Չորս տարի է` ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա: Այս չորս տարիների ընթացքում ոչ մի օր չի անցել առանց վեճի: Մի չնչին բացթողում, և սկեսուրս վեճի թեմա ունի: Ցանկանում եմ` առանձին ապրենք, սակայն ամուսինս պնդում է, թե չի ուզում լքել ծնողներին: Չգիտեմ` այսպես ինչքան կարող է շարունակվել»:

Կարինե Նալչաջյան, հոգեբան

«Հաճախ առանձին ապրել ասելով` բազմաթիվ հայ տղամարդիկ պատկերացնում են ծնողներին լքելը, բայց կարելի է առանձին ապրել` առանց ծնողներին լքելու: Ի դեպ, մարզերում այս տրամադրությունն ավելի իշխող է, քան մայրաքաղաքում: Երիտասարդները միշտ էլ ցանկացել են առանձին ապրել, ծնողները` դիմադրել:

Եթե հարսը կարողանա իրեն կտրել իր անհատական զգացողություններից և իրեն դնի սկեսրոջ դերի մեջ, ապա նա աշխարհը կտեսնի բոլորովին այլ աչքերով: Կարող է պատկերացնել նաև իր մորը, որը նույնպես սկեսուր է: Աշխարհին նայելով մոր կամ սկեսրոջ աչքերով` կարելի է շտկումներ մտցնել հարաբերություններում: Եթե ճիշտ բաշխվեն մարդկանց դերերն ու պարտականությունները, խնդիրներ քիչ կլինեն: Երբեմն մայրերն իրենց տղայի կյանքում ուրիշ կին պատկերացնել չեն կարողանում, էլ ուր մնաց` ընդունեն: Նման դեպքերում տղամարդիկ (ամուսինները) տառապողներն են լինում: Սառնություն է առաջանում, սկսում են ծնողների հետ հարաբերությունները վատթարացնել, նույնիսկ թողնում-հեռանում են: Եթե կա առանձին ապրելու հեռանկար, ինչու՞ լքել, պարզապես գնալ և առանձին ապրել»:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․