Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Լիլիթ Կարապետյանն է: Զրույց՝ նրա էությանը բնորոշ գծերի, նախասիրությունների և կյանքի ամենատարբեր իրավիճակներում նախընտրելի մոտեցումների մասին:
Լիլիթը պատմել է, թե տարիներ շարունակ ինչ աներևակայելի «լեգենդներ» են իր անվան շուրջ հյուսվել, ինչպես է հաղթահարել նևրոզն ու երկրորդ կյանք ստացել: Երգչուհին նաև նշել է, թե որն է սեքսուալ լինելու գաղտնիքը և որ դեպքում կինը կարող է տղամարդուն իր կողքին պահել:
-Լիլի՛թ, ե՞րբ եք երկրորդ անգամ ծնվել: Ինչի՞ հետ եք կապում այդ վերածնունդը:
-Երբ շուրջ չորս տարի առաջ կարողացա հաղթահարել նեւրոզը: Փառք Աստծո, դա արդեն անցած էտապ է:
-Ո՞րն է այն քաղաքը, որտեղ շատ սեր եք տեսել:
-Սերը տեղանքի հետ կապ չունի, բայց ինչպե՞ս կարող ենք ժխտել, որ Փարիզն, իսկապես, սիրո քաղաք է:
-Հաճա՞խ եք ասում` ներիր: Առհասարակ, հեշտությա՞մբ եք այդ բառն արտաբերում:
-Բավական հաճախ: Ի դեպ, որդուցս եմ հաճախ ներողություն խնդրում: Չեմ ընկալում այն մարդկանց, որոնք այդ բառը չեն արտաբերում:
-Ի՞նչ եք անում, երբ զգում եք, որ որևէ մեկը Ձեզնից երես է թեքել…
-Նախ փորձում եմ հասկանալ` ինչն է պատճառը, հարաբերություններում ճշտումներ մտցնել, իսկ եթե դա ապարդյուն լինի, ինքս էլ երես կթեքեմ:
-Եթե հնարավորություն ունենայիք վերադառնալու մանկություն, ի՞նչ կգնեիք փոքրիկ Լիլիթի համար: Ինչի՞ կարիք ուներ նա:
-Ես ոչնչի պակաս չեմ ունեցել, իսկ այն, ինչ կցանկանայի վերադարձնել, նյութական չէ: Շատ կուզեի, որ հայրս մեզ հետ լիներ: Ես ինը տարեկան էի, երբ կորցրի նրան:
-Ձեր կյանքը չեք պատկերացնում առանց շոկոլադի՞, գինո՞ւ, թե՞ թեյի:
-Այդ երեքն էլ կարող են իմ կյանքում չլինել, և դրանից շատ բան չի փոխվի:
-Ըստ Ձեզ` ո՞րն է Ձեր ամենաուժեղ կողմը, որով կարող եք նաև պարծենալ:
-Ներելու կարողությունը:
-Ո՞րն է եղել Ձեր մասին լսած ամենազվարճալի և, միեւնույն ժամանակ, զարմանալի բամբասանքը:
-Շատ տարիներ առաջ թերթերից մեկը գրել էր, թե իբր ես սիրային կապի մեջ եմ մեր պաշտոնյաներից մեկի հետ, բայց ես այդ մարդուն մի քանի անգամ էի տեսել միայն հեռվից` համերգներիս ժամանակ: Գրել էին նաև, թե իբր ես տուն չունեմ, ապրում եմ վարսավիրանոցում, և նա ինձ համար մի հսկա սեփական տուն է կառուցում Հանրապետության հրապարակի մոտ: Հիշում եմ, որ եղբայրս գնել էր այդ թերթը, չգիտեր` ծիծաղեր, թե զայրանար: Ինձ ասաց. «Եթե քույրս չլինեիր, հաստատ կհավատայի այս ամենին»: Բայց ոչ մի բառը ճիշտ չէր…
-Շարունակե՛ք միտքը. «Կինը սեքսուալ է, երբ…»
-Ցածր է խոսում, քիչ, հանդուժող է, բարի: Կնոջը սեքսուալ դարձնում է ավելի շատ նրա պահվածքը, ոչ թե արտաքին տվյալները:
-Եթե կինը ցանկանում է, որ տղամարդն իրեն չդավաճանի…
-Պետք է լինի տղամարդու սիրելին, ընկերը, գաղափարակիցը:
-Ո՞վ է Ձեր համակրելի հայ քաղաքական գործիչը:
-Սպարապետ Վազգեն Սարգսյանն ամենա-ամենան է եղել:
-Տան ո՞րերորդ զավակն եք, այդ հանգամանքն ինչպե՞ս է անդրադարձել Ձեր ճակատագրի վրա:
-Տան փոքրն եմ, երկրորդ զավակը, բայց դա որևէ առանձնակի ազդեցություն չի ունեցել իմ կյանքում:
-Թալիսման ունե՞ք:
-Չգիտեմ` դրանք թալիսման են, թե ոչ, բայց պայուսակիս մեջ ունեմ աղոթագիրք, դրամապանակիս մեջ էլ եղբորս, որդուս լուսանկարներն են:
-Ավտոմեքենայի սիրելի մակնիշ ունե՞ք:
-Մեքենաներից շատ գլուխ չեմ հանում, այլապես կվարեի: Սիրողական պատասխան կտամ. նախընտրում եմ բարձր, սպիտակ մեքենաներ:
-Նախընտրում եք ճամփորդել գնացքո՞վ, նավո՞վ, թե՞ ինքնաթիռով:
-Գնացքով: Շատ տարիներ առաջ, երբ հայրս դեռ ողջ էր, մեր բոլոր ճամփորդությունները գնացքով էին լինում: Դրանից ավելի հաճելի բան չկա: Ինքնաթիռից ու նավից վախենում եմ:
-Եվ վերջում` իմ հարցերից ո՞րը Ձեզ դուր եկավ:
-Բոլորը: