Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մարդու կենսակերպն ու սովորությունները շատ մեծ ազդեցություն են ունենում նրա առողջական վիճակի, ընդհանուր ինքնազգացողության ու առհասարակ կյանքի տևողության վրա, ուստի կյանքի տևողությունը հնարավորինս երկարացնելու համար մասնագետները հորդորում են վարել առողջ կենսակերպ, ճիշտ սնվել ու խուսափել վնասակար սովորություններից։
Այնուամենայնիվ կան նաև անվնաս թվացող որոշ սովորություններ, որոնք կարող են խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի տևողության վրա։ Բրիտանական Express պարբերականի հետ զրույցում բժիշկ Էմեկա Օկորոչան ներկայացրել է չորս տարածված սովորություն, որոնցից խուսափելը կնպաստի երկարակեցությանը։
Նստակյաց կենսակերպ
Բժշկի խոսքով՝ ֆիզիկական ակտիվությունն ու մարզումները միայն որպես նիհարելու միջոց դիտարկելը շատ սխալ մոտեցում է, քանի որ իրականում ֆիզիկական ակտիվությունը կյանքը երկարացնելու ամենաարդյունավետ ու հասանելի միջոցներից մեկն է։
«Ֆիզիկական ակտիվությունը պահպանում է մկանների ֆունկցիոնալությունն ու լավ տոնուսը, ինչը նշանակում է, որ ձեր սրտամկանն ավելի լավ է ապահովում արյան շրջանառությունը մարմնով մեկ՝ մատակարարելով ավելի շատ թթվածին և օգտակար նյութեր, որոնք նպաստում են օրգանիզմի առողջությանը», - նշում է բժիշկը:
Երկար ժամանակ նստած անցկացնելու սովորությունը, իր հերթին, նպաստում է նյութափոխանակության դանդաղեցմանը, մկանների թուլությանը, քաշի ավելացմանն ու արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանը։ Մասնագետի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ կյանքի տևողության երկարացման համար հատկապես օգտակար են աերոբային վարժությունները, որոնք կատարվում են մաքուր օդին։
Վատատեսություն
Մյուս վնասակար սովորությունը ամեն ինչ վատատեսորեն ընդունելու սովորությունն է, որից հարկավոր է օր առաջ հրաժարվել կյանքի տևողությունը երկարացնելու համար։ Մասնագետի խոսքով՝ հետազոտությունները ցույց են տվել, որ վատատես մարդկանց իմունային համակարգն ավելի թույլ է լինում, ուստի տարատեսակ հիվանդությունների զարգացման հավանականությունը բարձրանում է, ինչն էլ բացասաբար է անդրադառնում կյանքի տևողության վրա։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վերանայել մոտեցումը կյանքին ու լինել ավելի լավատես։
«Շատերը չեն գիտակցում, թե ինչպես կարող են իրենց մտքերն ու հոգեվիճակն անդրադառնալ կյանքի տևողության վրա։ Վատատեսությունն ու հուսալքվածությունը նվազեցնում են կյանքից բավարարվածության զգացումը և կարող են հյուծել մարդուն, ինչն էլ նպաստում է ծերացման գործընթացի արագացմանն ու բջիջների ոչնչացմանը», – նշում է փորձագետը։
Քնի պակաս
Ինչպես ընդգծում է բժիշկ Օկորոչան, մարդու օրգանիզմին հարկավոր է քնի այնպիսի տևողություն, որը բավարար կլինի ինչպես հարկն է «վերագործարկվելու» և հանգստանալու համար։ Սա է պատճառը, որ օրվա ընթացքում հարկավոր է միջինում քնել 7-8 ժամ և խուսափել քնի պակասից։ Քնի պակասը թույլ չի տալիս մկանների, օրգանների ու գլխուղեղի բջիջներին ինչպես հարկն է վերականգնվել ու թարմանալ, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է կարգավորել քունը։
Կարմիր մսի գործածություն
Կարմիր մսի և դրա վերամշակումից ստացված մսամթերքի գործածությունը կարող է զգալի բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա։ Նման մսամթերքի սիրահարների մոտ բավական բարձր է լինում սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման և քաղցկեղի հետևանքով մահվան հավանականությունը, ինչն էլ հանգեցնում է կյանքի տևողության կրճատման։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել այս մթերքի գործածությունը։