Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Մարսողական համակարգը շատ կարևոր նշանակություն ունի ամբողջ օրգանիզմի համար, ուստի այս համակարգի օրգանների առողջությանը հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել։ Այս համակարգի առավել կարևոր օրգաններից մեկը ստամոքսն է, որը պատասխանատու է մարդու ընդհանուր ինքնազգացողության համար, ուստի հարկավոր է շատ զգույշ լինել ու խուսափել դրա աշխատանքի խանգարման պատճառ հանդիսացող սովորություններից։
Չինացի գաստրոէնտերոլոգ Յան Ցյանը նշել է այն հիմնական սովորությունները, որոնք կարող են կործանարար լինել ստամոքսի համար և որոնցից հարկավոր է հնարավորինս խուսափել։
Անկանոն սննդակարգ
Մասնագետի խոսքով՝ ստամոքսի և առհասարակ ամբողջ մարսողական համակարգի համար առաջին հերթին խիստ վնասակար է անկանոն սննդակարգը։ Կանոնավոր քաղցած մնալու և որևէ կերպ քաղցը չհագեցնելու դեպքում բարձրանում է ստամոքսահյութի ու սպիտակուցների մակարդակը, ինչի հետևանքով ստամոքսն սկսում է մարսել սեփական լորձաթաղանթը։ Միևնույն ժամանակ խիստ վնասակար է նաև սննդի չարաշահումը, քանի որ այս սովորությունը ձգում ու լայնացնում է օրգանը, ինչը կարող է դառնալ բորբոքային գործընթացների զարգացման պատճառ։
Սթրես
Կանոնավոր սթրեսները խիստ վնաս են հասցնում աղեստամոքսային տրակտին, ուստի հարկավոր է անել հնարավոր ամեն բան սթրեսի մակարդակը նվազեցնելու համար։ Բանն այն է, որ սթրեսի ժամանակ աղաթթվի ու սպիտակուցային ֆերմենտների ավելցուկը հանգեցնում է ստամոքսի անոթների նեղացման, ինչն էլ դառնում է օրգանի լորձաթաղանթի պաշտպանիչ շերտի վնասման պատճառ։ Այս ամենը կարող է հանգեցնել ստամոքսի խոցային հիվանդության զարգացման, ուստի հարկավոր է հնարավորինս խուսափել սթրեսներից։
Արագ սնվելու սովորություն
Չափազանց արագ սնվելու դեպքում սնունդն ինչպես հարկն է չի ծամվում և ստամոքսում է հայտնվում մեծ կտորներով, ինչը մեծացնում է աղեստամոքսային տրակտի ծանրաբեռնվածությունը։ Այս ամենի հետևանքով մեծ է ստամոքսի տարատեսակ հիվանդությունների զարգացման հավանականությունը։
Նախաճաշից հրաժարվելու սովորություն
Մասնագետը հիշեցնում է, որ նախաճաշը չափազանց կարևոր է մարդու օրգանիզմի համար, քանի որ էներգիա և ուժ է հաղորդում։ Առավոտյան նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման ու մի շարք այլ մարսողական խնդիրների զարգացման, ուստի հարկավոր է հնարավորինս շուտ ազատվել կանոնավոր չնախաճաշելու սովորությունից։
Գազավորված ըմպելիքների գործածություն
Փորձագետը խորհուրդ է տալիս լիովին հրաժարվել տարատեսակ գազավորված քաղցր ըմպելիքներից, քանի որ դրանց բաղադրության մեջ պարունակվում են մեծ քանակությամբ շաքար ու այլ վնասակար հավելումներ, որոնք լուրջ վնաս են հասցնում ոչ միայն ստամոքսին, այլև ամբողջ օրգանիզմին։
Վատ լվացված մթերքի գործածություն
Սննդամթերքն օգտագործելուց առաջ լվանալու անհրաժեշտության մասին բոլորը գիտեն, սակայն շատ հաճախ մարդիկ չեն հետևում մթերքի մաքրությանը, ինչը կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ։ Վատ լվացված մթերքը կարող է Helicobacter pylori բակտերիայի աղբյուր հանդիսանալ, իսկ դրանով վարակվելը կարող է նպաստել ստամոքսի խոցային հիվանդության զարգացմանը։
Ընթրիքին մեծ քանակությամբ մթերքի գործածություն
Շատերը գերադասում են հրաժարվել նախաճաշից կամ նախաճաշել որևէ թեթև ուտեստով, իսկ երեկոյան ընթրել մեծ քանակությամբ մթերքով, մինչդեռ այս սովորությունը խիստ վնասակար է մարսողական համակարգի համար։ Բանն այն է, որ նման ընթրիքը ծանրաբեռնում է մարսողական համակարգը, ինչն ի վերջո կարող է հանգեցնել քաշի ավելացման ու անգամ ճարպակալման։ Ճարպակալումն իր հերթին բարձրացնում է մի շարք այլ առողջական խնդիրների զարգացման հավանականությունը, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է կարգավորել սննդակարգն ու սովորել ճիշտ ընթրել։