Դիետոլոգ. Ինչ է ճարպակալումը և ինչպես պայքարել դրա դեմ


Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։




Aroxj-ի հարցազրույցը դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանի հետ: Այժմ ճարպակալման հետևանքով առաջացող հիվանդությունների պատճառով մահացության դեպքեր ավելի շատ են, քան սովի:

Ամեն տարի մոլորակում մահանում է ճարպակալում ունեցող 2.8 միլիոն մարդ: Աշխարհում ճարպակալման խնդիր ունեցող երկրների ցուցակը գլխավորում է Մեքսիկան, որտեղ հիվանդների թիվը կազմում է բնակչության 32.8%-ը, երկրորդ տեղում է ԱՄՆ-ն /31.8% /, երրորդում՝ Սիրիան /31.6 %/, չորրորդում՝ Վենեսուելան և Լիվիան /30.8 %/, հինգերորդում՝ Տրինիդադ և Տոբակոն /30 %/: Ի

Ինչ է ճարպակալումը, որն է ճարպակալման դեմ պայքարի ամենատարածված մեթոդը, ինչ հիվանդությունների կարող է հանգեցնել ճարպակալումը, ինչպես պետք է սնվել այս խնդրից խուսափելու համար: Aroxj-ի հարցերին պատասխանել է դիետոլոգ-էնդոկրինոլոգ Հասմիկ Աբովյանը

- Ճարպակալումը գենետիկ բնույթ ունի, ժառանգականության գործոն այստեղ կա թե ոչ:

Ճարպակալումը նորմալ քաշից ավել քաշ ունենալն է: Որոշակի սահմանից վեր քաշն արդեն ճարպակալումն է: Պետք է նշել, որ այս հիվանդությունն ունի նաև գենետիկ բնույթ, բայց դա չի նշանակում, որ մարդը գենետիկորեն ստացել է ճարպակալման տրամադրվածությունը ուրեմն պարտադիր պետք է ճարպակալում ունենա: Նա կարող է լինել լիովին նորմալ, եթե պահպանի առողջ ապրելակերպի, առողջ սննդակարգի և ճիշտ ֆիզիկական ակտիվության ռեժիմը: Ճարպակալման առաջացման պատճառներից մեկը նաև սննդային ռեժիմի խախտումն է: Ճարպակալումը կարող է լինել օրինակ էնդոկրին խանգարումների պատճառով, որն իր հերթին բերում է ախորժակի գերգրգռման, բացի այդ կան հոգեբանական խնդիրներ, որոնք նույնպես բերում են չափից շատ ուտելիքի օգտագործման:

- Ո՞րն է քաշի նորմավորված չափը: Որ դեպքում արդեն կարող ենք ասել , որ մարդու մոտ ճարպակալում է սկսվել: Այսինքն ինչ ախտանիշներ են նկատվում այն մարդում մոտ, ում մոտ սկսվել է ճարպակալում:

Էնդոկրինոլոգներն ունեն տարբեր բանաձևեր, որով չափում են կոնկրետ մարդու տվյալները վերցնելով՝ հասակը, քաշը, սեռը և այդ ֆորմուլաներով հաշվարկում են: Ինչ վերաբերվում է ախտանիշներին, ապա վստահաբար կարող եմ ասել, որ առանց օրինակների բոլորն էլ միանգամից կարող են նկատել, որ իրենց մոտ նմանատիպ խնդիր կա:

- Հայաստանում ճարպակալման ցուցանիշներն ինչպիսին են:

Միանշանակ կարող եմ ասել, որ վերջին 20 տարիների ընթացքում չափից դուրս շատացել են ճարպակալված մարդկանց թիվը և ամենասարսափելին այն է, որ եթե տասնյակ տարիներ առաջ երեխաների մոտ ճարպակալման դեպքեր չէին գրանցվում, ապա հիմա չափից դուրս տարածված խնդիր է մանկապարտեզի տարիքի, դպրոցահասակ երեխաների մոտ: Դա պայմանավորված է այդ ֆասթ ֆուդ կոչվածով, որը մեր սննդի բնույթը կտրուկ փոխել է: Երբ առաջ մարդիկ պատրաստում էին բնական մթերքներից ուտեստներ իրենց տանը, այս խնդիրը ավելի քիչ էր հանդիպում: Ֆասթ ֆուդն ունի մի տեսակ գռեհիկ համ, որը անընդհատ ստիպում է ուտել, իսկ բնական ուտելիքներն ունեն ավելի զսպված համ, որը նպատում է ուտել այնքան, որքան կպահանջվի սովի զգացումը բավարարելու համար: Իսկ ֆասթ ֆուդ կոչված ուտելիքները չգիտես թե ինչերով են համեմվում, հավելվում, տարբեր տեսակի քիմիական հավելումներով, որոնք արհեստական համեր են առաջացնում: Այդ համերը մարդու մոտ առաջացնում են կախվածություն:

- Որո՞նք են ճարպակալման դեմ պայքարի ամենատարածված մեթոդները, որոնք՞ն են ավելի շատ նախընտրում հիվանդները և ինչ խորհուրդ կտաք Դուք:

Քանի որ ճարպակալումը բազմակողմանի խնդիր է, պետք է ասեմ, որ դրան անհրաժեշտ է բազմակողման մոտեցում: Մոտեցումն անհատական է, քանի որ գալիս են տարբեր խնդիրներով, տարբեր պատճառներվ և տարբեր աստիճանի ճարպակալում ունեցող հիվանդներ: Յուրաքանչյուրին պետք է մոտենալ յուրովի, որովհետև ճարպակալումը նաև հոգեբանական խնդիր է: Շատ կարևոր է պարզել, թե հիվանդն ինչ հորմոնային խնդիր ունի, նշանակել դեղորայքային բուժում անհրաժեշտության դեպքում: Բայց այս ամենից զատ ամենակարևորը՝ տեղեկացնել հիվանդին առողջ սննդակարգի տարրական կանոններին հետևելը և դրան զուգակցել ֆիզիկական ակտիվությունը: Բայց սա էլ շատ անհատական է, քանի որ լինում են ծանր դեպքեր, երբ գալիս են մարդիկ, որոնց դեռ պետք չէ ֆիզիկական ակտիվություն, նրանք պետք է շատ դանդաղ կարգավորեն սննդի ընդունումը և հետո ավելացնել ֆիզիկական ակտիվությունը: Իմ միակ խորհուրդն այն է, որ բոլոր դեպքերում դիմեն մասնագետի, իսկ մինչ այդ ցանկալի է հետևել առողջ ապրելակերպի նորմերին:

- Ճարպակալման դեպքում որ հիվանդությունների առաջացման ռիսկն է ավելանում: Ինչ հիվանդությունների կարող է հանգեցնել ճարպակալումը:

Ճարպակալումն անհրաժեշտ է բուժել, քանի որ այն կրճատում է կյանքի տևողությունն ու որակը: Առաջացնում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացի խանգարում, ճարպը տարածվում է նաև ներքին օրգաններում. առաջանում է աթերոսկլերոզ, սրտի իշեմիկ հիվանդություններ, շաքարային դիաբետ, լյարդի և լեղուղիների հիվանդություններ, զարկերակային հիպերտոնիա , էնդոկրին համակարգի ֆունկցիայի խանգարում, կրծքի, սեռական օրգանների, աղիների և այլ օրգանների ուռուցքներ։

- Որոնք են ճարպակալումը կանխարգելող մթերքները: Ինչ սննդկարգ եք խորհուրդ տալիս:

Իհարկե, բոլոր բուսական սննդատեսակները, որոնք իրենց մեջ պարունակում են բջջանք, դրանք ամենաարժեքավոր սննդատեսակներն են, դրանք են՝ բոլոր բույսերի, հատիկավորների, բանջարեղենների այսպես ասած արտաքին շերտը: Դրա համար մարդու սննդակարգում մեծ տեղ պետք է զբաղեցնի բանջարեղենը: Շատ կարևոր է, եթե հաց են ուտում, ուտեն ցորենի թեփով հաց: Առաջին հերթին տեղեկացված լինել առողջ սննդակարգի կանոններին: Ինչ վերաբերվում է սննին, պետք է ասեմ, որ կարևոր է սննդի համատեղելիության կանոնների պահպանումը: Սկզբունքորեն արգելվում է ածխաջրատների և ճարպերի զուգակցումը: Օրինակ, քաղցրավենիքը, սպիտակ ալյուրով պատրաստված սննդատեսակները, կարտոֆիլը հասարակ ածխաջրատներ են: Երբ դրանք համադրում ենք ճարպերի հետ՝ թե բուսական, թե կենդանական /կարագ, ձեթ/, դրանք երկուսն էլ իրենց գիրացնելու հատկությունը տասնապատկում են: Իսկ մեզ մոտ շատ ընդունված է ուտել առավոտյան հաց, կարագ, մեղր, որը շատ անընդունելի է ու սխալ: Ածխաջրատի ու ճարպի առանձին, չափավոր օգտագործումը չի արգելվում, իսկ համատեղելիությունը միանգամից բերում է ճարպակալման:Մեծ սխալ է երբ երեկոյան մարդիկ միրգ են ուտում: Իրենց թվում է, թե դա չի թողնում գիրանալ: Դրանք ածխաջրատներ են և խորհուրդ է տրվում ուտել առավոտյան ժամերին , որը մեծ էներգիայի աղբյուր է: Երեկոյան խորհուրդ է տրվում ուտել սպիտակուցներ և բանջարեղեն: Օրինակ կարելի է ուտել մի բաժին ձուկ՝ բանջարեղենով պատրաստված աղցանով:

Եթե չեք կարողանում վերահսկել ձեր ախորժակը անպայման դիմեք մասնագետի, որովհետև որքան խնդիրը խորանում է այնքան առողջական և հոգեբանական խնդիրներն ավելանում են մարդու մոտ:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․