Մարդու կենսակերպն ու սովորությունները շատ մեծ նշանակություն են ունենում նրա առողջության համար և կարող են ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել վնասակար սովորություններից, որոնք կարող են դառնալ բավական լուրջ առողջական խնդիրների զարգացման պատճառ։
Վնասակար սովորությունները մարդկանց մոտ սովորաբար ասոցացվում են ծխախոտի գործածության, ալկոհոլի չարաշահման, անառողջ սննդի գործածության, ֆիզիկական ակտիվության պակասի և նմանատիվ այլ սովորությունների հետ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ գոյություն ունեն նաև բավական անվնաս համարվող սովորություններ, որոնք նույնպես կարող են շատ վտանգավոր լինել։ Wirtualna Polska պարբերականը ներկայացրել է անվնաս համարվող նման սովորություններից երեքը, որոնք իրականում կարող են կործանարար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։
Սնվելուց հետո քնելու սովորություն
Առողջության համար կործանարար սովորությունների շարքին է դասվում ճաշելուց հետո քնելու սովորությունը։ Մասնագետների խոսքով՝ այս սովորությունը խիստ բացասաբար է անդրադառնում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա՝ նպաստելով փորկապության զարգացմանը։ Բանն այն է, որ քունը և պառկած դիրքը խանգարում են մարսողության գործընթացներն ու դժվարացնում են սննդի տեղաշարժը մարսողական համակարգում։
Ուտելուց հետո թեյ խմելու սովորություն
Ինչպես նշում են լեհ գիտնականները, թեյի գործածությունը սնվելուց անմիջապես հետո խանգարում է օրգանիզմին նորմալ յուրացնել սննդից ստացած որոշ վիտամիններն ու հանքանյութերը։ Խոսքը, մասնավորապես, երկաթի յուրացման մասին է, որը կենսական նշանակություն ունի մարդու առողջության ու իմունային համակարգի համար։ Բացի այդ, թեյի ազդեցության տակ վատթարանում է սպիտակուցների ու ճարպերի մարսման գործընթացին, ինչն էլ պայմանավորված է ըմպելիքի ցածր pH մակարդակով։
Սնվելուց հետո ինտենսիվ ֆիզիկական վարժություններ անելու սովորություն
Սնվելուց անմիջապես հետո ինտենսիվ ֆիզիկական ակտիվությունը նույնպես կարող է խիստ բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա։ Այս սովորությունը կարող է խանգարել օրգանիզմի աշխատանքը, ինչն էլ բարձրացնում է մարսելախանգարման, որովայնի ցավերի ու առհասարակ մարսողական համակարգի նորմալ աշխատանքի խանգարման հավանականությունը։