Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Առողջ ու որակյալ քունն առողջության պահպանման ու լավ ինքնազգացողության կարևորագույն գրավականներից մեկն է, քանի որ թույլ է տալիս օրգանիզմին ինչպես հարկն է հանգստանալ ու վերականգնվել, մինչդեռ քնի վատ որակը կարող է խիստ վտանգավոր լինել ու բարձրացնել առողջական մի շարք խնդիրների զարգացման հավանականությունը։
Որոշ դեպքերում այն կարող է դառնալ անգամ գլխուղեղի կաթվածի պատճառ, ուստի քնի որակին ու տևողությանը հարկավոր է շատ լուրջ ուշադրություն դարձնել։
Քնի պակասի վնասակար ազդեցության մասին շատերը գիտեն, սակայն ոչ բոլորին է հայտնի՝ որքան պետք է լինի տարբեր տարիքի մարդկանց, այդ թվում նաև երեխաների ու տարեցների քնի տևողությունը: Քունը շատ կարևոր նշանակություն ունի նորածինների, մանկահասակ երեխաների ու դեռահասների աճի ու զարգացման համար: Այնուամենայնիվ տարիքի հետ լիարժեք քնի կարևորությունը բնավ չի նվազում, սակայն դրա ազդեցությունն այլ կերպ է գնահատվում: Հասուն մարդկանց տևական քունն անհրաժեշտ է առաջին հերթին մարմինը, գլխուղեղն ու կենտրոնական նյարդային համակարգը հանգստացնելու ու վերականգելու, ինչպես նաև բջիջները պոտենցիալ տոքսիկ նյութերից ազատելու համար:
Քնի պակասը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել՝ սկսած տրամադրության տատանումներից ու ուշադրության պակասից, մինչև շատ ավելի լուրջ ախտաբանություններ, որոնց շարքին են դասվում թուլամտությունը, սրտի հիվանդությունները, մետաբոլիկ խանգարումները, շաքարային դիաբետն ու քաղցկեղը: Ավելին՝ քնի պակասը կամ վատ որակը մասնագետները կապում են նաև կյանքի տևողության կրճատման հետ, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները սովորաբար հորդորում են չանտեսել քնի հետ կապված խնդիրներն ու անպայման միջոցներ ձեռնարկել քունը կարգավորելու համար:
Ինչպես հասկանալ՝ տևական է արդյոք մարդու քունը
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) հաղորդմամբ՝ նորմալ կենսագործունեության համար մարդկանց մեծ մասին հարկավոր է օրական մոտ ութ ժամ տևողութամբ քուն: Միևնույն ժամանակ մասնագետները նաև շեշտում են, որ մարդիկ տարբեր են լինում և ոմանք ֆիզիկապես ավելի տևական քնի կարիք կարող են ունենալ, մինչդեռ ոմանց էլ կարող է պահանջվել ավելի կարճատև քուն, ուստի անհրաժեշտ քնի տևողությունը հասկանալու համար հարկավոր է հետևել ընդհանուր ինքնազգացողությանը: Եթե մարդն արթնանում է հոգնածության զգացումով ու ամբողջ օրը մտածում է միայն քնելու մասին, ապա մեծ է հավանականությունը, որ նրա քնի մշտական տևողությունը չի բավականացնում ինչպես հարկն է հանգստանալու համար:
Որքան պետք է քնեն երեխաները.
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության տվյալներով՝ կախված երեխայի տարիքից քնի տևողությունը կարող է տատանվել: Այսպիսով՝
- 4-12 ամսական երեխաների օրական քնի տևողությունը պետք է լինի 12-16 ժամ,
- 1-2 տարեկան երեխաների օրական քնի տևողությունը՝ 11-14 ժամ,
- 3-5 տարեկան երեխաների օրական քնի տևողությունը՝ 10-13 ժամ,
- 6-12 տարեկան երեխաների օրական քնի տևողությունը՝ 9-12 ժամ,
- 13-18 տարեկան դեռահասների օրական քնի տևողությունը՝ 8-10 ժամ:
Որքան պետք է քնեն մեծահասակները. Ըստ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնների՝
- 18-60 տարեկան մեծահասաներին օրական խորհուրդ է տրվում քնել 7 ժամ և ավելի,
- 61-64 տարեկան մեծահասակներին՝ 7-9 ժամ,
- 65 տարեկան և դրանից բարձր տարիքի մեծահասակներին՝ 7-8 ժամ: