Ինչպես կարելի է պայքարել փորլուծության դեմ


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Հեղինակ: «Տնային Առողջարան»

- Աղեստամոքսային հիվանդության հետ կապված ինձ մոտ ջրազրկում է նկատվում, ի՞նչ խորհուրդ կտաք:

Սոնա

Աղեստամոքսային ուղու գործունեության խանգարման հետևանքով խախտվում է ողջ մարսողական գործընթացը: Այդ պատճառով տեղի է ունենում սննդանյութերի ոչ լրիվ ճեղքում, որը նպաստում է ստամոքս-աղիքային ուղում թունավոր նյութերի կուտակմանը և նպաստավոր միջավայր է ստեղծում աղիքային մանրէների բազմացման համար:

Ֆերմենտատիվ մարսողությանը միանում է նաև բակտերիալը, որը պայմանավորում է սննդի ոչ լրիվ քայքայման հետևանքով գոյացող թունավոր արգասիքների կուտակումը, ինչն էլ, բնականաբար, գրգռում է աղիների լորձաթաղանթը: Շարունակական բնույթ կրող լուծը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման:

Թեմայի շուրջ զրույց թերապևտ Հովիկ Խանսանամյանի հետ:

- Բժի՛շկ, առհասարակ ինչո՞ւ է առաջանում փորլուծություն:

- Փորլուծությունն աղիքների գործունեության խանգարումն է, որն ուղեկցվում է հաճախակի և հեղուկային արտաթորանքներով: Փորլուծության առաջացման պատճառները բազմազան են:
Լուծն առաջանում է աղիներում սննդի արագ առաջ շարժման հետևանքով: Լուծ չի կարելի համարել կղելու հաճախականությունը, եթե կղանքը նորմալ խտության է: Արտաթորությունների հեղուկ վիճակը փորլուծության հիմնական նշանն է:

- Դուք նշեցիք, որ լուծի առաջացման պատճառները բազմազան են: Կարո՞ղ եք տեսակավորել և մանրամասնել մի քանի խոսքով:

- Այո, դրանք բազմազան են, կարելի է բաժանել մի քանի խմբի՝

1) Փորլուծություններ, որոնք կախված են սննդային պարունակության բնույթից, այսինքն դրա տեղային գրգռիչ հատկություններից: Դրանք առաջանում են առատ ուտելուց, շտապելու կամ ատամների բացակայության պատճառով վատ ծամված սննդից, կոշտ ուտելիքից, մեծ քանակությամբ մրգեր (հատկապես չհասած), որոշ տեսակի բանջարեղեն (վարունգ, կաղամբ) ուտելուց, սառը հեղուկներից կամ ուտելիքից:

2) Մարսողական օրգանների՝ ստամոքսի, աղիքների, ենթաստամոքսային գեղձի և լյարդի գործունեության խանգարումների հետևանքով առաջացած փորլուծություններ:

3) Փորլուծություններ, որոնք առաջանում են աղիքների պատի լորձաթաղանթի հիվանդությունների հետևանքով: Այդպիսի լուծերը կարող են լինել թունավոր կամ վարակային ծագմամբ:

Թունավոր լուծերն առաջանում են տարբեր բնույթի տեղային գրգռիչ թունավոր նյութերից, որոնք աղիքի պատում առաջացնում են բորբոքային փոփոխություններ:

Փորլուծությանն ամենից հաճախ նպաստում են մեծ չափաբաժիններով օգտագործված լուծողականները, թունավոր սնկերը, բոտուլիզմը: Վարակիչ բորբոքային լուծերի պատճառը լինում է բարակ և հաստ աղիքների բորբոքում առաջացնող վարակը:

4) Նյարդածին լուծերն առաջանում են հոգեկան հուզումների, ինչպես, օրինակ, վախի, սարսափի, ուժեղ հոգեկան սթրեսի դեպքում:

- Իսկ եթե լուծը կրում է շարունակական բնույթ, այն կարո՞ղ է հանգեցնել օրգանիզմի ջրազրկման:

- Միանշանակ այո: Լուծը պետք է կանխել առաջացման առաջին իսկ օրերից, հատկապես երեխաների մոտ: Եթե լուծը տևում է մի քանի օր, կղելու հաճախականությունը գերազանցում է օրական 8-10 անգամը, ապա միանգամայն պարզ է, որ օրգանիզմը ջրազրկվում է: Այդ դեպքում հիվանդի վիճակի ծանրությունն ուղիղ համեմատական է օրգանիզմի ջրազրկման աստիճանին:

Հիվանդությունը հաճախ սկսվում է գխտոցով, փսխումով, ապա միանում է նաև լուծը: Խմորման գործընթացների ուժեղացման հետևանքով աղիներում գազեր են կուտակվում: Լուծի և փսխման պատճառով հիվանդը կորցնում է մեծ քանակությամբ հեղուկներ ու աղեր: Կապված կորցրած հեղուկում աղերի պարունակության հետ, զարգանում է.

1) ջրազրկում ջրի առավել կորստով,

2) ջրազրկում աղերի առավել կորստով,

3) ջրազրկում հեղուկների ու աղերի համարժեք կորստով: Վերջին ձևը հանդիպում է համեմատաբար ավելի հաճախ:

Տարբերակվում են ջրազրկման 3 տեսակ՝ ջրային անբավարարության, աղային անբավարարության և իզոտոնիկ:

Ջրային անբավարարության ձևն առաջանում է ջրի առավել կորստի դեպքում: Այս ձևը զարգանում է բավականին արագ: Հատուկ է ընդհանուր գրգռվածությունը, անհանգստությունը, ծարավի զգացումը, մարմնի ջերմաստիճանը հաճախ լինում է բարձր:

Աղային անբավարարությունը, ի տարբերություն ջրայինի, հաճախ զարգանում է դանդաղ, աղիքային հիվանդության 3-4-րդ օրը: Սովորաբար հիվանդների վիճակը լինում է ծանր, կարող է լինել նաև գիտակցության կորուստ, ծարավի զգացումը բացակայում է: Մաշկը լինում է սառը, կապտավուն երանգ է ունենում: Օրգանիզմը կորցնում է ոչ միայն նատրիումի, այլև կալիումի աղեր:

Իզոտոնիկ ջրազրկման ժամանակ ջերմությունը լինում է նորմալ: Սա ջրի և աղերի համարժեք կորստի ձև է, որի ժամանակ նկատվում է թուլություն, քնկոտություն, հիվանդի մաշկը չոր է, գունատ: Կարող են դիտվել արյան շրջանառության խանգարման երևույթներ:

- Բժի՛շկ, իսկ ինչպե՞ս է իրականացվում բուժումը:

- Նախ՝ ասեմ, որ ջրազրկման տարատեսակների որոշումը գործնականորեն կարևոր նշանակություն ունի, քանի որ տարբերակիչ մոտեցումը բուժական առավելագույն արդյունքի հասնելու հնարավորություն է ընձեռում: Ջրազրկման աստիճանը որոշվում է կլինիկական հետազոտման և կշռման միջոցով:

Հասարակ լուծի բուժման ժամանակ անհրաժեշտ է առաջին հերթին օրգանիզմն ազատել աղիներում կուտակված սննդի ոչ վերջնական քայքայման արգասիքներից, այսինքն՝ նշանակվում է հոգնա: Աղեստամոքսային ուղու մաքրման և նրա գործունեության խնայման նպատակով նշանակվում է ջրա-թեյային սննդակարգ, այդ ընթացքում հիվանդները պիտի ստանան միայն հեղուկներ, քաղցր թեյեր և ոչ թե ժամկետանց «բնական» կամ գազավորված հյութեր: Ջրա-թեյային սննդակարգից հետո նշանակվում է սնունդ: Առաջին ուտելուց է հաճախ կախված հիվանդության ընթացքը և ելքը: Տրվող սնունդը չպետք է աղիներում գրգիռ առաջացնի, պետք է լավ ներծծվի ու յուրացվի:

Նպատակահարմար է բրնձի խիտ եփուկը, կարտոֆիլի խյուսը: 2-րդ օրն արդեն տրվում են կաթնամթերքների խառնուրդներ տարբեր նոսրացումներով, օգտակար է նաև մոշի տերևներից պատրաստված թեյը: Ստամոքսի լորձաթաղանթը չգրգռելու և փսխում չառաջացնելու համար նպատակահարմար է սկզբնական շրջանում սնունդը տալ փոքր բաժիններով:

Դեղորայքային ինքնաբուժումը խորհուրդ չի տրվում, բուժումը պետք է իրականացվի միայն բժշկի խորհրդով:

- Եթե լուծը հասարակ բնույթ չի կրում ու վերածվել է թունավոր լուծի, ի՞նչ բուժում է հարկավոր:

- Թունավոր լուծը կարող է հասարակ լուծի զարգացման հետագա փուլը լինել, բայց կարող է զարգանալ և ինքնուրույն: Բոլոր այն գործոնները, որոնք նպաստում են հասարակ լուծի առաջացմանը, կարող են նաև թունավոր լուծի պատճառ հանդիսանալ: Թունավոր լուծը կարող է զարգանալ հասարակ լուծի ոչ ժամանակին և անորակ բուժման հետևանքով: Այս տիպի լուծի բուժման համար պահանջվում է մեծ հմտություն և համբերություն: Բուժումը կազմակերպվում է անհապաղ, նույնիսկ նախքան պարզելը, թե ջրազրկման որ ձևն ու աստիճանն է հիվանդի մոտ: Բոլոր թերապևտիկ միջոցառումները պետք է անցկացվեն հիվանդանոցում: Բուժման ժամանակ անհրաժեշտ է ճիշտ խնամք, հիվանդասենյակի հաճախակի օդափոխում:

Եվ վերջում՝ ձեր խորհուրդը ընթերցողներին:

- Հիվանդության կասկածի կամ սկզբնական առաջացման դեպքում դիմել բժշկի: Ավանդական ինքնաբուժման ժամանակ բուժումը կիսատ մի թողեք, քանի որ դա կարող է ավելի վտանգավոր բարդություններ առաջացնել: Օգտագործեք սովորականից շատ հեղուկներ, իսկ ապաքինման շրջանում օգտագործեք օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնող միջոցներ: Շատ կարեւոր է խուսափել վերավարակումից՝ հատկապես երեխաների համար:

Եղե՛ք առողջ:

Հեղինակ՝ Գոհար Թևանյան




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․