Հետևեք մեր YouTube-յան ալիքին՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ Ֆեյսբուքյան էջին՝ erkusov.com: Մենք՝ Ինստագրամում։
Բարդածաղկավորների ընտանիքին պատկանող անթառամը ոչ միայն գեղեցիկ ծաղիկ է, այլեւ հայտնի է իր բուժական նշանակությամբ: Անթառամը ծաղկում է մայիս-սեպտեմբեր ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս-հոկտեմբերին, հանդիպում է չոր եւ քարքարոտ հողերում, հովիտներում եւ տափաստաններում։
Բուժական նպատակով կիրառվում են ծաղկազամբյուղները, որոնք պարունակում են ֆլավոնոիդներ, եթերայուղեր, օրգանական թթուներ, կարոտինոիդներ, խեժեր, լորձեր, դառը նյութեր, դաբաղող նյութեր, վիտամիններ C եւ K, հանքային աղեր եւ այլն։
Անթառամի ծաղիկներն ունեն լեղամուղ, միզամուղ հատկություններ, օգտագործվում են իբրեւ աղիների հարթ մկանների, լեղածորանների, լեղապարկի, արյունատար անոթների կծկանքը վերացնող եւ ցավազրկող։ Անթառամը բարձրացնում է ստամոքսահյութի արտադրությունը, խթանում ենթաստամոքսային գեղձի գեղձային գործունեությունը, ավելացնում օրական միզարտադրությունը։ Դեղաբույսն ունի արտահայտված հակաբորբոքային ազդեցություն։ Ելնելով օրգանիզմի վրա ունեցած իր բարերար ազդեցությունից՝ այն օգտագործվում է հետեւյալ հիվանդությունների բուժման դեպքում, դեղնախտ` մի քանի օրում վերացնում է դեղնությունը, խոլեցիստիտներ, խոլանգիտներ, խրոնիկական, թերսեկրետոր, թերթթու գաստրիտներ, լեղաքարային հիվանդություններ։
Եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 10 գ (3 ճաշի գդալ) անթառամի ծաղիկները դնել էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել 200 մլ (1 թեյի բաժակ) եռացած ջուր, փակել կափարիչով եւ 30 րոպե եփել ջրային բաղնիքում՝ հաճախակի խառնելով։ Այնուհետեւ 10 րոպե հովացնել սենյակային ջերմաստիճանի պայմաններում, քամել հումքը, ստացված եփուկի ծավալը հասցնել 200 մլ-ի՝ ավելացնելով համապատասխան քանակությամբ եռման ջուր։ Օգտագործել 1/2 թեյի բաժակ, օրը 2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։
Իսկ ջրաթուրմը պատրաստել հետեւյալ կերպ. 5 գ մանրացրած հումքը 500 մլ սառը ջրում թրմել 8 ժամ։ Խմել օրական 3-4 անգամ։
Անթառամը բուժման նպատակով օգտագործում են նաեւ չոր` մանրացված տարբերակով, որը պետք է խմել 1 գրամ, օրական 3 անգամ, ընդամենը 2-3 շաբաթ։
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ