YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Գիշերային անմիզապահությունը կամ գիշերամիզությունը քնած ժամանակ ակամա միզումն է այն տարիքից հետո, երբ ակնկալվում էր, որ նման բան պետք է տեղի չունենա:
Թաց սպիտակեղեններն ու գիշերանոցները (պիժամա) և շփոթված երեխան բազմաթիվ ընտանիքներում սովորական երևույթ են: Այնուամենայնիվ, սա չպետք է դառնա հուսահատության առիթ և բնավ չի նշանակում, որ երեխային զուգարանից օգտվել չեն սովորեցրել: Հաճախ գիշերային անմիզապահությունը պարզապես երեխայի նորմալ զարգացման մի շրջանն է:
Որպես կանոն, մինչև 7 տարեկանը գիշերային անմիզապահությունն անհանգստություն չի առաջացնում: Այս տարիքում երեխան դեռևս կարող է զարգացնել գիշերային ժամերին միզապարկի վրա վերահսկողության ունակությունները:
Եթե գիշերային անմիզապահությունը շարունակվում է, անհրաժեշտ է խնդրին մոտենալ համբերությամբ և ըմբռնումով: Ապրելակերպի փոփոխությունները, միզապարկի վարժանքները, խոնավության ահազանգումը և երբեմն դեղամիջոցները կարող են օգնել գիշերամիզության մեղմացմանը:
Գիշերային անմիզապահությունը երեխաների մոտ
Գիշերային անմիզապահությունը կամ գիշերամիզությունը մինչև 6 տարեկան երեխաների մոտ հաճախ հանդիպող երևույթ է:
Սակայն որոշ դեպքերում այս վիճակը կարող է պահպանվել նաև ավելի մեծ տարիքի երեխաների մոտ:
Գիշերային անմիզապահությունը երեխայի նորմալ աճին և զարգացմանն ուղեկցող վիճակ է, ուստի, որպես ծնող, պետք չէ երեխային պարսավել կամ հանդիմանել անկողինը թացացնելու համար: Երեխային ամաչեցնելը չէ բնավ, որ կարող է նրան օգնել հաղթահարելու բոլորի համար անցանկալի այս վիճակը, այլ նրա խնդիրը ըմբռնելը և դրա լուծմանն աջակցելը:
Որոշ երեխաների մոտ նյարդային համակարգի զարգացման փուլը տևում է ավելի երկար, որի պատճառով ուղեղի և միզապարկի միջև կայուն և վերահսկելի փոխկապվածությունը ձևավորվում է ավելի ուշ տարիքում:
Գիշերային անմիզապահությունը հազվադեպ կարող է պատճառվել նաև առողջական խնդիրներից, օրինակ՝ միզուղիների վարակային բորբոքում, դիաբետ, նյարդային կամ մկանային խնդիրներ: Նման վիճակների առկայության մասին պետք է կասկածել հատկապես այն ժամանակ, երբ երկարատև ժամանակ գիշերները չոր անցկացնելուց հետո երեխան դարձյալ սկսում է քնած ժամանակ «միզել տակը»:
Ահա որոշ խորհուրդներ, որոնք կարող են օգնել գիշերային անմիզապահությամբ երեխային:
Մինչև երեխայի պառկելը, հիշեցրեք նրան, որ գնա զուգարան:
Զուգարանում տեղադրեք և վառ թողեք գիշերային որևէ լամպ և քաջալերեք երեխային, որ գիշերային ժամերին ըստ կարիքի ավելի համարձակորեն գնա զուգարան` նույնիսկ առանց ընտանիքի անդամներին անհանգստացնելու կամ քնից հանելու:
Երեխայի անկողնուն մոտ պահեք գիշերանոթ:
Աջակցեք նրան, որ օրվա ընթացքում առատ հեղուկներ խմի: Սա կօգնի, որ ավելի շատ մեզ արտադրվի և կնպաստի միզապարկի մեծացմանը:
Հոգ տարեք, որ երեխան անկողին մտնելուց առնվազն երկու ժամ առաջ սահմանափակի հեղուկների, այդ թվում՝ գազավորված և կոֆեին պարունակող այլ ըմպելիքների օգտագործումը:
Եթե երեխայի համար չեք օգտագործում «փամփերսներ» կամ այլ միջոցներ, անկողնու դոշակը մեզից պաշտպանեք անջրաթափանց սավանով:
Առավոտյան ժամերին ստուգեք երեխայի ներքնաշորերը և անմիզապահության նշաններ հայտնաբերելիս մի պարսավեք նրան: Դուք նաև կարող եք երկուսով լվանալ կեղտոտված շորերը:
Եթե փորձեք երեխային պատժել կամ խիստ հանդիմանության արժանացնել, ձեր խոսքից կամ բացասական վերաբերմունքից երեխայի ինքնագնահատականը կարող է խիստ տուժել: Նույն կերպ, մի՛ փորձեք երեխային ամաչեցնել ընտանիքի մյուս անդամների, ձեր ընկերների կամ նրա հասակակիցների մոտ: Դրա փոխարեն՝
գովեք և ձեր դրական վերաբերմունքով և հույզերով «պարգևատրեք» երեխային գիշերը «չոր» անցկացնելու համար կամ աջակցեք ու ըմբռնումով մոտեցեք, եթե այնուամենայնիվ, գիշերը կրկին թրջել է
երբեք մի՛ պատժեք ձեր երեխային «չհաջողված» գիշերվա համար
եղեք համբերատար և աջակցող ու հիշեք, որ գիշերային անմիզապահության մեջ երեխան որևէ մեղավորություն չունի
մի՛ զայրացեք. զայրույթը ոչ մի կերպ չի կարող երեխային օգուտ տալ
մի՛ արեք բաներ, որից ձեր երեխան կարող է ամաչել. դա բնավ չի օգնի, որ նա կարողանա ավելի լավ կառավարել միզապարկը:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է ավելի մեծ տարիքի երեխաներին նշանակել դեղամիջոցներ: Սակայն գիշերային անմիզապահությունը դրանց օգտագործումը դադարեցնելիս կարող է կրկին հայտնվել:
Երեխաների մեծ մասն այս խնդրից վերջնակապես ազատվում է 6-10 տարեկան հասակում: