Ինչպես ձեռք բերել հոգեկան հավասարակշռություն և չնյարդայնանալ առօրեական հարցերից


YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։




Դուք ցանկանում եք հասնել հոգեկան հավասարակշռության, հաղթահարել ներքին հակասությունները, հարթել միջանձնային հարաբերությունները… Իհարկե, ցանկանում եք: Բոլորն են դա ուզում… Հաշտվել ինքդ քեզ և շրջապատի հետ, հոգեկան հանգստություն ունենալ:

Այդ ժամանակ և միմիայն այդ ժամանակ կնահանջեն տարատեսակ հիվանդություններն ու մեծ ու փոքր տհաճությունները:

Ահա խորհուրդների մի շարք, որոնք առաջարկում են հոգեբանները:

1. Տալով` ստանում ես

Երբ ձեզ մոտ ծանր շրջան է, և թվում է, թե ամենքն ու ամեն ինչ ձեր դեմ են, մի փորձեք փնտրել մեկին` ուսին լաց լինելու համար: Ընդհակառակը, ուշադիր նայեք շուրջբոլորը և տեսեք, թե ձեր մտերիմներից ու ընկերներից ով է հենց այդ նույն ժամանակ ավելի ծանր վիճակում, քան դուք եք: Ինչ-որ միջոց գտեք նրան օգնելու համար: Կենտրոնացե'ք դրա վրա, և ձեր հոգածությունն այդ մարդու հանդեպ կվերադառնա ձեզ: Նվիրելով նրան ձեր անկեղծ հոգածությունն ու սերը` ձեռք կբերեք հանգիստ և հոգեկան հավասարակշռություն:

2. Մի' պահանջեք և կարողացեք ներել

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան հաճախ ենք մեզ համար ինչ-որ բաներ պահանջում դիմացիններից: Այո', դա տեղի է ունենում օրվա մեջ բազմաթիվ անգամ: Դուք ուշ զարթնեցիք, որովհետև զարթուցիչը չզնգաց… Ախ, այդ անիծյալ զարթուցիչը… Ջուրը նորից չի գալիս` նորից ինչ-որ տեղ վթար է… Շտապեցիք կանգառ, իսկ ձեզ տանող երթուղայինը շարժվեց հենց մոտենալու պահին… Աշխատավայրում նորից խնդիրներ են. ինչ-որ մեկն իր գործը չի արել, ինչ-որ մեկը ձեզնից շտապ ինչ-որ բան է պահանջում, դուք էլ ձեր հերթին` նույնը ուրիշից … Եվ այսպես շարունակ…

Հոգեկան հավասարակշռությունը կգա միայն այն ժամանակ, երբ կսովորեք ներել և կդադարեք ամեն ինչ կապել շրջապատող մարդկանց ու հանգամանքների հետ:

«Իսկ ինչու՞ ես պետք է ներեմ նրանց նմաններին, ինչպիսիք են…»,- կհարցնեք դուք: Լավ, այդ դեպքում պատասխանեք` դուք հանգստությու՞ն եք ուզում ձեր մտքի համար, թե՞ կոնֆլիկտ: Եթե առաջինը, ապա մի կո'ղմ գցեք ձեր մշտական պահանջները, իսկ եթե երկրորդը, նետվեք «հարձակման», և կյանքը ձեզ նորից կներքաշի վեճերի ու կռիվների ամենօրյա շրջապտույտի մեջ, կգցի անկումային տրամադրության և հիվանդությունների հերթական փոսը, որից աստիճանաբար ավելի դժվար կլինի դուրս գալը:

3. Կյանքը նեղսրտելու առիթ չէ

Քանի որ մարդիկ հիմնականում համոզված մատերիալիստներ են, ապա մտածում են, որ հենց շրջապատող կյանքի գործոններն են որոշում իրենց ինքնազգացողությունը: Եթե այդ գործոններն անբարենպաստ են, ապա մեզ վատ ենք զգում: Եթե քիչ թե շատ նորմալ են, նորմալ է նաև մեր հոգեկան վիճակը:

Համաձայնեք, գրեթե բոլորիս ուղեղում իշխում է այս մտայնությունը… Իսկ եթե այն գլխիվայր շրջենք, կարող ենք պնդել, որ արտաքին աշխարհն արձանագրվում է մեր ներքին տրամադրվածության միջոցով: Մեր բանականությունը մի յուրահատուկ տեսախցիկ է, որը ճերմակ կտավի վրա «արտատպում է» մեր մտքերը: Եվ եթե դրանք այսօր սև են, ապա պատկերն էլ կտավի վրա այդպիսին կլինի: Իսկ եթե մեր հոգին խաղաղ է, ապա կյանքն էլ գունեղ կլինի ու լի ներդաշնակ հնչյուններով: Ձեր հոգեկան հավասարակշռությունը կախված է միմիայն ձեզնից: Ավելի ուժեղ եղեք հանգամանքներից: Վերցրեք միայն դրականը, և բացասականին տեղ չի մնա:

4. Կյանքին այլ տեսանկյունից նայեք

Գրեթե բոլորս «թրծված ենք» կյանքի այն փորձով, որ գներն աստիճանաբար ավելի են բարձրանալու, որ կառավարությունը չի մտածում մեր մասին, աշխատավարձերը նույնն են մնալու և այսպես շարունակ… Կարծես մնում է մի բան` մաղձոտել ու չարանալ:

Նմանատիպ մշտառկա մտքերի արդյունքում, որոնք փոխանցում ենք շրջապատին և որոնցով ինքներս ենք սնվում, վերածվում ենք ամենասովորական ռոբոտների կամ զոմբիների:

Դադար տվեք: Հրաժարվեք այդ մտքերից, ինչպեսև ցանկացած բացասական կենսական փորձից: Ազատվեք: Միայն դուք եք պատասխանատու ձեր մտքերի բովանդակության համար և ուրիշ ոչ ոք:

5. Դուք զոհ չեք

Մեզնից շատերն իրենց զգում են դարան քշված գազանի պես: Այդ դարանը ենթադրում է անբարենպաստ հանգամանքների ամբողջ շարք և լի է շրջապատողների ագրեսիայով: Փորձեք հենց այսօր դադարել ձեզ զգալ շրջակա աշխարհի զոհը:

Ձեզ կանչել են շեֆի մոտ: «Ի՞նչ է եղել տեսնես,- մտածում եք դուք միջանցքով դեպի աշխատասենյակ գնալիս,- նորից երևի կսկսի զայրանալ ուշանալու համար: Ամեն օր մի պատրվակով խոսում է: Ինչ է ուզում ինձնից: Ինչի է ուզում հասնել: Որ ամեն ինչ թողնեմ, այլ տե՞ղ գնամ… Իսկ ես հենց այդպես էլ կանեմ: Ամեն ինչ գրողի ծոցը կթողնեմ ու կգնամ: Ինձ նման մասնագետները փողոցում թափված չեն: Թող գրողի ծոցը կորչի…»:

Այդպես մտածում եք դուք` ակամա սեղմելով բռունցքները, այտոսկրերը և ամեն ինչ, ինչ հնարավոր է սեղմել: Կարմրած դեմքով և վառվող աչքերով վճռականորեն մտնում եք ղեկավարի աշխատասենյակ… Իսկ նա… միգուցե կանչել է ձեզ ֆինանսական խրախուսման համար: Քիչ հավանական է… Կամ պաշտոնի բարձրացման համար, իսկ ինչու ոչ: Միգուցե ցանկանում է խորհրդակցել ինչ-որ նախագծի շուրջ: Չէ որ դուք ձեզ բարձրակարգ մասնագետ եք համարում, իսկ ինչու չպետք է խորհրդակցեր այդ դեպքում: Իսկ դուք մի քանի րոպե շարունակ, նախքան շեֆի մոտ մտնելը, իսկ գուցեև ամբողջ կես ժամ, հարձակվում էիք ինքներդ ձեզ վրա` թեկուզև շեֆի անունից: Միթե դա ձեզ պետք է:

6. Մի՛ մեղադրեք

Այո, ջանքեր թափեք և հենց այսօր ոչինչ և ոչ մեկի մի մեղադրեք: Վերահսկեք ձեզ: Եթե պոռթկաք որևէ հարցում, փորձեք վաղվանից: Պետք է ամբողջ օրն ապրել առանց մեղադրելու: Նույնիսկ` առանց ներքին մեղադրանքների, այո, հենց` առանց ներքին, լուռ մեղադրանքների:

7. Կա միայն ներկան

Մարդը հասարակական էակ է, ուստի հաճախ հիշում է անցյալի տհաճ դեպքերը… Հիշում է և «տարածում» իր այդ բացասական մտքերը ապագայի վրա` գալով այն անմխիթար եզրահանգման, որ ապագայում ամեն ինչ լինելու է նույնքան վատ, եթե ոչ ավելի…

Կա'նգ առեք: Օրինակ` հենց հիմա ինչ եք անում: Նստած կարդում եք այս տեքստը: Այս պահին ձեզ հետ ոչինչ չի պատահում: Միգուցե մի փոքր ծարավ եք: Ուրեմն` ջուր խմեք: Եվ շարունակեք կարդալ: Ձեզ համար թեյ կամ սուրճ դրեք և ուրախացեք հենց հիմա ձեզ «ուղեկցող” ներկայով: Բացասական անցյալ չի եղել, իսկ վատ ապագա դեռ չկա: Ձեր «կողքին» հիմա միայն «նորմալ» ներկան է և` վերջ: Ամեն ինչ այնքան վատ չէ, վստահ եղեք: Համապատասխան տրամադրվածության դեպքում կազատվեք անցյալի ազդեցությունից:

8. Դուք պատասխանատու եք ամբողջ աշխարհի համար

Սա այն իմաստով, որ կրում ենք պատասխանատվություն: Եվ եթե տեսնում ենք բացասականը, ապա արտացոլում ենք նույնը: Փորձենք այլևս չլինել չարի ու բացասականի «հաղորդիչ»… Միայն դրականի:

Մեր նպատակը մտքի հանգստությունն ու հոգեկան հավասարակշռությունն է:




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․