YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Աղբյուրը՝ Hayzinvor.am
Հարց. Որդիս 6 ամսից կզորացրվի: Ծառայության ընթացքում նրան տրվել է արձակուրդ: Աշնանը մարտական պատրաստության քննությունները հանձնել է գերազանց: Նրան, որպես խրախուսանք, արդյո՞ք հասնում է լրացուցիչ արձակուրդ: Առհասարակ, որքա՞ն է պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվող արձակուրդի տևողությունը և ի՞նչ կարգով է տրամադրվում այն:
Գ. ԲԱԲԱՅԱՆ
զինվորի հայր, ք.Երևան
Պատասխան. Հարգելի պարոն Բաբայան, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայողի ծառայության ընթացքում խրախուսման կարգով` ոչ պակաս, քան 6 ամսվա բարեխիղճ ծառայության դեպքում, կարող է տրվել մեկ հիմնական արձակուրդ` հետևյալ տևողությամբ.
1) զինվորներին` 15 օր.
2) սերժանտներին և ավագներին` 20 օր:
Խրախուսանքի արժանի են համարվում զինծառայողի կարգապահությունը, ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումը և ուսման առաջադիմությունը:
Միաժամանակ, նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին լրացուցիչ արձակուրդ տրվում է հրամանատարի (պետի) որոշմամբ մինչև 5 օր տևողությամբ` զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշների համար, ինչպես նաև ելնելով ընտանեկան պայմաններից (ամուսնացածներին` 6 ամիսը մեկ անգամ):
Վերը նշվածի համաձայն, այո՛, Ձեր որդուն ծառայության բարձր ցուցանիշների համար կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ արձակուրդ:
Նշենք նաև, որ 12.08.2009թ. արձակվել է պաշտպանության նախարարի` N հրամանը, որով, ղեկավարվելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով, կանոնակարգվել է ՀՀ զինված ուժերի զինծառայողներին հերթական (հիմնական) և լրացուցիչ արձակուրդ տալու գործընթացը:
Ըստ այդ հրամանի 16-րդ կետի` պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմերի զինծառայողներին ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում տրվում է մեկ հիմնական արձակուրդ` զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով: Արձակուրդ տալու գործընթացը կանոնակարգելու նպատակով զորամասի հրամանատարի (պետի) կողմից օրացուցային տարվա յուրաքանչյուր 6 ամսվա համար հաստատվում է զորամասի (զինվորական կառավարման մարմնի) պարտադիր զինառայողների արձակուրդների տրման ժամանակացույց, որը կազմվում է ըստ պարտադիր զինծառայողի զորակոչման ժամկետի: Ժամանակացույցը կարող է փոփոխության ենթարկվել միայն ծառայողական անհրաժեշտությունից ելնելով կամ զինծառայողի հիմնավորված զեկուցագրի հիման վրա` հրամանատարի (պետի) պատճառաբանված հրամանով:
Նույն հրամանի 19-րդ կետով սահմանված է, որ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, պարտադիր զինծառայողի ցանկության դեպքում, հիմնական արձակուրդը կարող է տրվել մաս-մաս, ոչ պակաս` քան հիմնական արձակուրդի կեսի չափով, և ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:
Անհրաժեշտ է ընդգծել, որ պարտադիր ժամկետային զինծառայողին ընտանեկան հանգամանքներից ելնելով լրացուցիչ արձակուրդ տրվում է զինծառայողի ամուսնացած լինելու` ծառայության յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ, զինծառայողին երեխա ծնվելու, զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնության, ընտանիքի անդամի և կնոջ (ամուսնու) մերձավոր հարազատների (հայր, մայր, քույր, եղբայր, պապ, տատ) մահվան, ինչպես նաև պաշտպանության նախարարի հանձնարարականով` այլ հարգելի դեպքերում: Նախատեսված դեպքերը պետք է հավաստվեն պարտադիր ժամկետային զինծառայողի զորակոչի վայրի զինվորական կոմիսարի կողմից ստացված հեռագրով (հեռախոսագրով) կամ զինծառայողի` զորամաս առձեռն ներկայացված փաստաթղթերով: