YouTube-յան ալիք՝ «Ժամանց & Տեղեկատվություն»։ FB էջ՝ erkusov.com: Մենք՝ TikTok-ում: Մենք՝ Ինստագրամում։
Առաջարկում ենք տեղեկանալ հավի ձվի օգտակար հատկությունների մասին:
Օգտակար հատկություններ
Հավի ձուն օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ է պարունակում. Այն բավականաչափ հարուստ է հատկապես А, В1, В2, В9 (ֆոլաթթու) եւ Е վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ միայն ձկան յուղին է զիջում: Օգտակար միներալներից էլ կալցիումը, ֆոսֆորը, յոդը, երկաթը, պղինձն ու կոբալտն են առկա:
Որոշ փորձագետների պնդմամբ, ձուն նաեւ հակաօքսիդանտային հատկություններով է աչքի ընկնում. շաբաթական մի քանի ձու ընդունող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման անհամեմատ ցածր ռիսկ է գործում:
Հավի ձուն իմունային համակարգն ամրապնդելու ներուժ եւս ունի եւ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոց է՝ աթերոսկլերոզի ու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն նաեւ դրական անդրադարձ է ապահովում ստամոքսաաղիքային համակարգի վրա եւ կարող է խոցային հիվանդության դեմ պայքարի միջոց ծառայել: Ձվի՝ տեսողության վրա անդրադարձը նույնպես չի կարելի թերագնահատել. սննդատեսակի մի շարք բաղադրիչներ աչքերը կատարախտից պաշտպանելու հատկություն ունեն: Բացի այդ էլ, ուղեղի աշխատանքը, հիշողությունը եւ մտավոր կարողությունները բարելավելու հնարավորություն են ընձեռում:
Երեխա լույս աշխարհ բերելու մտադրություն ունեցող զույգերին գիտնականները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ անպայման ձու ներառել, քանի որ այն տղամարդու սերմնահեղուկի որակական հատկանիշները բարձր պահելու, իսկ կանանց էլ պտղի զարգացման համար անհրաժեշտ ֆոլաթթվով ապահովելու հատկություն է դրսեւորում:
Հավին ձուն նաեւ ոսկրային հյուսվածքների ամրապնդմանը եւ ատամների, եղունգների ու մազերի որակի բարելավմանն է նպաստում:
Կալորիականություն
Հավի մեկ ձուն շուրջ 157 կալորիա է պարունակում: Դեղնուցը գլխավորապես սպիտակուցներից, ճարպերից եւ խոլեստերինից է բաղկացած, իսկ սպիտակուցը՝ ջրից ու սպիտակուցներից: Քանի որ ձվի բաղադրության մեջ առկա սպիտակուցները հեշտությամբ են մարսվում եւ կարող են մկանների զարգացման հանգեցնել, մարզիկներին խորհուրդ է տրվում անպայման սննդակարգի մեջ հավի ձու ներառել:
Նախազգուշական միջոցառումներ
Բոլոր՝ վերը հիշատակված օգտակար հատկությունների հետ միասին, ձուն կարող է նաեւ սպառնալիք պարունակել՝ մարդու առողջության համար: Վտանգն, առաջին հերթին, մակերեսին գտնվող, երբեմն նույնիսկ՝ ներս թափանցող տարատեսակ մանրէների եւ մակաբույծների հետ է կապված: Այնպես որ, վտանգավոր հիվանդություններից խուսափելու համար, հարկավոր է ձուն պատշաճ ջերմային մշակման ենթարկել եւ ոչ մի պարագայում հում վիճակում չուտել: Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ հում ձվին դիպչելուց հետո ձեռքերն անպայման լվանալ: