Հարցազրույց բժիշկ-արյունաբան, ուռուցքաբան, այժմ իր մասնագիտական գործունեությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ծավալող Տարոն Սարիբեկյանի հետ
– Ի՞նչ է լեյկոզը՝ արյան քաղցկեղը, ինչպե՞ս է այն առաջանում:
– Հարցերին փորձեմ պատասխանել ոչ մասնագիտական՝ հանրամատչելի լեզվով, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե ինչ է արյան քաղցկեղը, և ինչ պետք է անել՝ այն ժամանակին հայտնաբերելու համար: Կան արյան քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ։ Արյան քաղցկեղը չարորակ հիվանդություն է, որի ժամանակ արյունաստեղծ օրգաններում, մասնավորապես՝ ոսկրածուծում, տեղի է ունենում անհաս բջիջների՝ բլաստերի անկառավարելի աճ, և ֆունկցիոնալ առումով ոչ պիտանի այդ բջիջներն անցնում են ծայրամասային արյուն։
Դրանք արյան կազմում գտնվող նորմալ բջիջների երիտասարդ ձևերն են։ Արյան քաղցկեղի պատճառագիտությունը բազմագործոնային է, այսինքն՝ այն առաջանում է մի քանի գործոնների միաժամանակյա ներգործությունից։ Արյան քաղցկեղի առաջացման պատճառ կարող են հանդիսանալ տարբեր գործոններ՝ ժառանգական նախատրամադրվածություն, որոշակի մուտացիաներ, այսինքն՝ օրգանիզմում գենային խաթարումներ, քիմիական որոշակի նյութեր, որոշակի հակաբիոտիկներ, դեղամիջոցներ, տարբեր վիրուսներ:
– Իսկ ինչպե՞ս է այն արտահայտվում, հիվանդն ինչպիսի՞ ինքնազգացողություն է ունենում այդ հիվանդության ժամանակ:
– Քաղցկեղն արտահայտվում է մի քանի համախտանիշներով։ Առաջինն անեմիկ համախտանիշն է, որը դրսևորվում է թուլությամբ, քնկոտությամբ, ախորժակի կորստով, աշխուժության անկմամբ: Երկրորդը հեմոռագիկ համախտանիշն է, որը բնութագրվում է տարատեսակ արյունահոսություններով, օրինակ՝ քթային, լնդային և այլն։ Հաջորդը իմունոդեֆիցիտային համախտանիշն է, որն արտահայտվում է տարատեսակ ինֆեկցիաների նկատմամբ հակվածությամբ, քանի որ իմունային բջիջները հենց արյան կազմում են և հասունացած չլինելով՝ չեն կարողանում ապահովել իմունիտետը, և տարբեր ինֆեկցիաներ, որոնք նորմայում ընկճվում են, այս դեպքում գլուխ են բարձրացնում:
Հաջորդն ինտոքսիկացիոն համախտանիշն է՝ թունավորման, որը պայմանավորված է այդ չարորակ բջիջների կողմից արտադրվող թունավոր նյութերով։ Այն կարող է դրսևորվել ջերմության բարձրացումով, մկանացավերով, հոդացավերով, ոսկրային ցավերով, և այլն: Կա մեկ այլ համախտանիշ ևս՝ գերաճային համախտանիշը, որի ժամանակ որոշակի օրգաններ չափերով մեծանում են, օրինակ՝ լյարդը, փայծաղը, ավշային հանգույցները:
– Ի՞նչ անել, եթե այս ախտանիշներից մի քանիսն առկա են. սովորաբար ի՞նչ հետազոտություններ են արվում:
– Առաջին` նմանատիպ ախտանիշների դեպքում, օրինակ՝ կապտուկներ, արյունահոսություններ, ոսկրային ցավեր, ինֆեկցիաներ, թուլություն, քնկոտություն, ախորժակի կորուստ, ընդհանուր ինքնազգացողության վատացում, անմիջապես պետք է դիմել բժշկի՝ խուսափելու ուշացման պատճառով առաջացող անցանկալի հետևանքներից, հանձնել արյան անալիզ։ Արյան պատկերով արդեն կարելի է կասկածել տվյալ հիվանդությունը և կատարել ավելի մանրակրկիտ հետազոտություններ։
– Արդյո՞ք ամբողջովին բուժվում է, եթե այո, ապա, օրինակ՝ բուժումից հետո երիտասարդ աղջիկը կարո՞ղ է մայրանալ:
– Ինչպես արդեն նշեցի՝ արյան քաղցկեղի մի քանի տեսակներ կան: Կան տեսակներ, որոնք մանկական հասակում շատ լավ են ենթարկվում բուժման, օրինակ՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզը, որի բուժելիության մակարդակը Հայաստանում շատ բարձր է։ Կան տեսակներ, որոնք ավելի վատ պրոգնոզ ունեն, ավելի դժվար են ենթարկվում բուժման: Բուժումը հիմնականում կատարվում է քիմիոթերապևտիկ պրեպարատներով, հետագայում անհրաժեշտության դեպքում կատարվում է ցողունային բջիջների փոխպատվաստում, որը ներկայումս նույնպես իրականացվում է Հայաստանում։ Ինչ վերաբերում է բուժվելուն և հետագայում երեխա ունենալուն, կարող եմ ուրախությամբ նշել, որ քրոնիկ միելոբլաստային լեյկոզով տառապող պացիենտներ կան, ովքեր արդեն երեխաներ են լույս աշխարհ բերել։
– Իսկ կա՞ն կանխարգելիչ միջոցառումներ, որոնց մարդիկ կարող են հետևել. Նկատի ունեմ՝ ի՞նչ անել, ի՞նչ չանել, ինչպիսի՞ սնունդ ընդունել, և այլն:
– Բնականաբար, պետք է առողջ սննդակարգով սնվել՝ հնարավորինս բացառել տապակած սնունդը, քիմիական նյութերով պատրաստված տարատեսակ հյութերը, ավելացնել թարմ մրգերի, բանջարեղենի օգտագործումը, խաշած սնունդը։ Որոշ կառավարելի գործոնների վրա կարելի է ազդել, սակայն կան գործոններ, որոնց դեմ մենք, ցավոք, անզոր ենք։
Աղբյուրը։