Հայալեզու ԶՐՈՒՑԱՐԱՆ-ԿԱՅՔԻ քննարկման ամփոփ ներկայացում
_____________________________________________________________________________
«Ինչքան էլ չուզենք ու ցավալի համարենք, պետք է նշենք, որ աղջկա և տղայի հարաբերությունների մեջ իր դերն ունի փողը, ու դա մանավանդ մեր տեղական իրականության մեջ վառ արտահայտված է, և փողի խաղացած այդ դերն այնքան էլ երկրորդական չէ:
Իմ կարծիքով ճիշտ չէ ասել, թե փողը կարևոր չէ, կարծում եմ, որ «рая в шалаше не бывает»; սակայն, միևնույն ժամանակ, փողը չպետք է լինի առաջին տեղում:
Բայց, ցավոք սրտի, նկատում եմ շրջապատումս փողի ազդեցությունը աղջկա և տղայի հարաբերություններում: Նկատում եմ շատ աղջիկների մեջ նյութական արժեքներին չափից շատ նշանակություն տալը:
Լինում են շատ դեպքեր, երբ տղաները ասում են` «փող ըլներ, ընկերուհի կպահեի», «փող չկա ապե, ինչ ընկերուհի», կամ էլ «լավ է՛, ինչ ընկերուհի, հո չե՞մ գժվել, իզուր փող ծախսել ա»…
Իմ կարծիքով տղան, եթե սիրում է աղջկան, ուրեմն պետք է կարողանա այնպես անի, որ նա երջանիկ լինի, որոշ բաներում դա փողից էլ է կախված, ու պետք չէ խուսափել սիրուց, քանզի կարծում ես, թե փող չունես այդքան: Աղջիկներն էլ պետք է չափավոր լինեն ու շատ նյութապաշտ չլինեն, ասենք, երբ տղան ծաղիկ է նվիրում, չպիտի նայեն Բրաբիոնից է, թե՞ ինչ-որ տեղից քաղել է, թե՞ ուրիշ տեղից է, մի հատ վարդ է, թե՞ 35 հատ… կարևորը հասկանան, իմաստն ու այն զգացմունքները, որ տղան ուզում է արտահայտել դրանով…»: (Ուրվական)
«Թքել եմ փողի վրա, մարդկանց գիտեմ, որ փող քչից-շատից ունեն, ու հույս ունեն, որ ոչ թե մի օր շատ փող կունենան և հետո սեր, այլ կունենան սեր և ձեռք կբերեն երջանկություն, դե փողն էլ կճարվի, էլի, ինչ ա եղել, մարդու մտքին տեղ լինի: Բայց, ցավոք, չգիտեմ ուրիշ տեղերում ոնց, Հայաստանում փողից այն կողմ բան չեն ճանաչում, դե, իհարկե, բացառություններ ամեն տեղ էլ լինում են: Աստված չտա, եթե հանկարծ էդ ձևի աղջկա կամ տղայի հանդիպեք: Ուղղակի թքեք այդպիսինների վրա ու հեռացեք»: (electrical_storm)
«Պիտի ասեմ, որ իսկապես շատերի համար փողը կարևոր դեր է խաղում, երևի դա
90 ականների սոված տարիներից հետո է այդպես: Բայց որ կողքից լսում եմ, թե ինչպես են աղջիկները գերադասում հարուստ տղաներին` անտեսելով սերը, վերջապես մարդու ներքին աշխարհը... ուղղակի ցավալի է:
Բայց հենց ինձ շրջապատողներից շատերը այդպես են կարծում, և անիմաստ է բանավիճել նրանց հետ, անիմաստ է հասկացնել, որ կան մնայուն և ոչ մնայուն արժեքներ: Է~հ...»:
(Apsara)
«Իմ կարծիքով բոլորն էլ կցանկանային անհոգ ապրել, առանց որևէ գումարային նեղության՝ լավ ժամանակ անցկացնել, ման գալ, գնալ շրջագայության կամ ընտանիք ստեղծել… Ֆինանսականը հարաբերություններում մեծ դեր ունի: Դրա բացակայությունից են հաճախ ստեղծվում ընտանեկան տհաճություններ..
Իսկ կույր-կույր ամուսնանալ առանց սիրո կամ կեղծ հրապուրանքով, համարում եմ անմտածված քայլ.
Հարուստ խնամիներ ունենալը դեռ չի նշանակում հետագայում երջանիկ ապրել…»:
Kheranyan
«Եթե մարդկանց փոխհարաբերություններում առկա են փողային հարաբերություններ, ապա այդ ամենը դառնում է ուղակի գործարք, որտեղ կողմերից յուրաքանչյուրը փնտրում է իր շահը, և ահա այս դեպքում անիմաստ է դառնում խոսել մաքուր, անշահախնդիր սիրո կամ ընկերության մասին:
Փողը ուղակի միջոց է կյանքը որոշակիորեն ավելի հեշտացնելու համար, այն երբեք չպետք է դարձնել գլխավոր նպատակ կամ դառնալ փողի գերին, պետք է կարողանալ ճիշտ օգտագործել այն»: (Wagamaffia)
«Այն ինչ փողը չի անում աղջիկ-տղա հարաբերություններում անում է կին-տղամարդ հարաբերություններում»: (Apsara)
«Ավելացում՝ սիրով ամուսնանալը դեռ չի նշանակում հետագայում երջանիկ ապրել»: (Մարիաննա)
«Փողն, անշուշտ դեր ունի, ցավալին այն է, որ հիմա փողն ամեն տեսակ հարաբերություններում դեր ունի, պարզապես մի տեղ այդ դերը գերագնահատվում է, փողն՝ առաջնորդի ու պայմանները թելադրողի դերում է լինում, մեկ այլ տեղ փողն ունենում է զուտ իրեն բնորոշ, ոչ առաջնային դեր: Բնական է, որ մեզանից յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե իր համար գնահատման սանդղակի որ տողում է փողը, իսկ այդ որոշումն էլ ուրվագծում է այդ մարդու հետագա վարքը նրա ողջ կյանքի ընթացքում:
Ըստ իս, փողը տղա-աղջիկ հարաբերություններում դեր չունի կամ էլ այնքան աննշան է ինձ համար, որ այն ես պարզապես չեմ նկատում: Եթե կա սեր, ապա այն ամեն ինչ է: Ինձ պետք չեն լինի Բրաբիոնից կամ մեկ այլ տեղից պատվիրված ծաղիկները, կամ էլ դրանց քանակն ու տեսակը կարող է փոխել իմ զգացմունքը. ԲՆԱՎ
Փողի դերը մի փոքր մեծանում է ամուսնության դեպքում, բայց այն էլ մի փոքր, որովհետև այդ դեպքում նրա պահանջարկը աճում է՝ կապված նոր ընտանիքի գոյության հետ: Բայց այդ մի քիչն էլ չի կարող մեծ դեր ունենալ, որովհետև դուք երկուսով կարող եք լրացնել փողի այն պակասը, որը մինչև ամուսնանալը նա չուներ:
Սա իմ կարծիքն է փողի դերի մասին տղա- աղջիկ հարաբերություններում:
Ինչ վերաբերում է նյութապաշտ աղջիկներին, ապա նույն ցավով պետք է նշեմ, որ գնալով ավելանում են նաև նյութապաշտ տղաները, ինչը հայ տղային առավել, քան հարիր չէ:
Այն դեպքում, երբ ընտանիքում սեր կա, բայց ոչ ֆինանս, բնական է, որ երեխաներին չես համոզի՝ սիրով ապրել, սնվել, հագնվել, անգամ եթե դու կարող ես, բայց կան ուղիներ՝ վիճակը շտկելու, ընտանիքն էլ պահելու, բայց երբ հարուստ ընտանիքում բավականին լավ են սնվում, հագնվում երեխաները, սակայն ամեն օր տեսնում են ծնողների՝ միմյանց նկատմամբ տածած անտարբերությունը, երբեմն էլ՝ արհամարհանքը, այդ երեխաները հաստատ կգերադասեին քիչ ճոխություն՝ մի քիչ սիրո ու ընտանեկան երջանկության դիմաց, և այս երկրորդ դեպքում ես լուծման ուղի, ընտանիքը անսասան պահելով հանդերձ, չեմ տեսնում:
Պարզապես պետք է անշահախնդիր սիրել, հակառակ դեպքում, ոչինչ ապագա ունենալ չի կարող, գոնե երկարաժամկետ հատվածում դա հաստատ այդպես է»: (Selene)
«Մենք բոլորս էլ գեղեցիկ ենք մեր մարդկային կերպարում քանի դեռ լի ենք երիտասարդությամբ, եռանդով, հավատքով ու անմեղ միամտությամբ: Կյանքի ընթացքում մենք նպատակներ ենք ձեռք բերում, ուղիներ գծագրում մեր համար, խենթություններ անում... բոլոր ժամանակներում էլ փողը երբեք ավելորդ դեր չի խաղացել ամուսնական կապերում և ոչ միայն: Օրինակ, ես հարգում եմ այն կանանց և տղամարդկանց, որոնք անկախ իրենց ամուսինների ֆինանսական դրությունից, ձգտում են ֆինանսական անկախության: Ասում են՝ այն ինչ չի կարելի անել փողով կարելի է անել շատ փողով, և դա ճիշտ է, գլոբալացման պրոցեսների վայրիվերումների թնջուկում, այնուամենայնիվ, մեր հասարակությունը շատ քիչ պատկերացում ունի՝ ինչպես և որտեղ ծախսել այդ փողը, ինչ հաճույքներ և զվարճանքներ կան աշխարհում... ամուսնու համար ինչպիսի անակնկալներ մատուցելու և, հետևաբար, երջանկության պահեր պարգևելու հնարավորություններ կան...
Անշուշտ, մեր հասարակությունում շատ աղջիկներ կան, որոնք գերադասում են «պադզեմկից» գնված ծաղիկներ նվեր ստանալ, քան, ասենք, «Բրաբիոն Ֆլորա Սերվիսից» ստացած անվանական ծաղկեփնջեր, որոնք ի վերջո պատճառ են դառնալու իրենց սիրելիի «սնանկացմանը»: Ծաղկեփնջի որակի նկատմամբ պահանջը նաև կապված է ընկերոջ ֆինանսական կարողությունների հետ: Նույն աղջիկը, որը գերադասում է սովորական տղայի «պադզեմկից» գնվածը, նմանապես չեր արձագանքի որևէ մի օլիգարխի զավակի համանման նվերին:
Ինչևիցէ, ավելի կոնկրետ խոսելով ձեզ հուզող հարցի շուրջ` կարող եմ փաստել, որ երիտասարդության հիմնական մասը գտնում է, որ կարևորը սերն է և ոչ փողը:
Սակայն, մարդկության կեցության փորձը ցույց է տալիս, որ սերը կամ այն սիրո տեսակը, որը դրսևորվում է այդ տարիքում, ցավոք հավերժ չէ, այն ինչ կապում է տղամարդուն ու կնոջը, հազվադեպ է, սիրո ուրիշ տեսակ է, իսկ հիմնականում` փոխադարձ հարգանք, ընկերություն, հարազատություն, ընդհանուր երեխաներ և տնային տնտեսության բյուջե: Փողը տղամարդ կին հարաբերություներում էական մեծ դեր ունի, քանի որ դրա վրա հիմնված է ամբողջ ընտանիքի ապագան ու բարօրությունը:
Կանացի սերը սահմաններ չունի, բայց վատ կյանքի ձանձրույթն ու աղքատության շեմը ավելի անցանկալի են թե' տղամարդկանց և թե' կանանց համար: Եվ դա բնական է... մենք բոլորս էլ ապրում ենք առաջին անգամ, թեպետ քչերս ենք գիտակցում, որ այս տեսակում՝ վերջին... բոլորս էլ ցանկանում ենք ապրել լավ, իրականացնել մեր երազանքները, իղձերն ու նպատակները... ձեզանից ո՞ր մի ռոմանտիկը իր սիրելիին չի խոստացել «Լուսնային զբոսանք»: Իսկ ահա հարգարժան Բիլ Գեյթսը արդեն իսկ երջանկացրեց իր զավակին վերջինիս ծննդյան օրը ընտանյոք հանդերձ տիեզերքում նշելով: Ինչքան ավելի ենք մեծանում մենք, այնքան ավելի ենք սիրում կյանքը և կառչում նրանից, այնքան ավելի ենք հասկանում կեցության տրված հնարավորություններն ու դրանց դերը մեր կյանքում... բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ հավերժ չենք, և Ժամանակը գնալով մոտենում է... այդ ժամանակ մենք ավելի ենք տրվում կյանքին... մեր նպատակների իրականացմանը և, հետևաբար, նաև իրականացման միջոցին` փողին:
Այս թոհուբոհի մեջ երբեմն հանդիպում ես նաև սկզբունքային մարդկանց, որոնք ապրում են իդեալիստական գաղափարների շրջականներում` զգացմունքներ, կրոն, մարդկային կերպարի պահպանում և այլն: Սա էլ է բնական... նրանք ովքեր չեն կարողանում հասնել փողին, կամա թե ակամա փնտրում են իրենց վիճակի արդարացում: Սեփականությունը և փողը անհատին ավելի են անհատականացնում, եթե ընտանիքը կապում է, ապա փողը շեշտում կամ ուրվագծում է յուրաքանչյուրի պրոֆիլը ...»: (Root)
«Ցավոք, իրոք իմ շրջապատում էլ հանդիպել եմ փողով գնված «սերեր», բայց մի՞թե կարելի է այն սեր անվանել
Շատ տղաների համար այսօր փողը դարձել է այն միջոցը, որի պակասի դեպքում չեն խոստովանում իրենց սերը, որն, ըստ իս, արդեն մեծ խոչընդոտ է հանդիսանում այդ հարաբերությունների մեջ, իսկ այն տղաներին, երբ փողի շատ մեծ պաշար կա, երբեմն թվում է, թե յուրաքանչյուր աղջիկ, տեսնելով իր բջջային հեռախոսը կամ պապայի փողերով գնած մեքենան, կվազեն իրենց մոտ, սակայն ի ուրախություն ինձ դեռ կան աղջիկներ, որոնց երբեք փողը չի հետաքրքրել, և տղաներ, ովքեր սիրում են անշահախնդիր աղջիկների
Մի մտածեք, եթե փող չունեմ մոտենամ, ի՞նչ անեմ, չէ որ այդ աղջիկը այդքան լավը լինի և հասկացող, ապա նրան երբեք փողը չի հետաքրքրի
Չգիտեմ ինչքանով կարողացա հասկանալի դարձնել միտքս, բայց հույսով եմ արտահայտեցի այն, ինչ ցանկանում էի»: (Goga)
«Հարուստ փեսացու հիմա շատերն են փնտրում, առանց հաշվի առնելու զգացմունքները, տարիքը... նրանք վազում են մարդու փողերի հետևից:
Ես ձեզ կոնկրետ մի դեպք կպատմեմ, որը հենց հիմա տեղի է ունենում ու ես այդ ամենը տեսնում և ամենայն մանրամասնություններով լսում եմ: Չխորանամ ով է, բայց այդ ամենը պատմում է նրա մայրը: Աղջիկը մի տղայի հետ հանդիպելու ժամանակ պատահաբար ծանոթացել է 45-50 տարեկան ամերիկահայ մի տղամարդու հետ, որը գերվել է նրա «գեղեցկությամբ"», ոսկե սարեր խոսք տվել, եթե նա նրա կինը դառնա և հեռախոսի համարը վերցնելով գնացել ետ ԱՄՆ: Աղջիկը շարունակել է հանդիպել մյուս երիտասարդ և հարուստ տղայի հետ, միաժամանակ հեռախոսով հավատարմություն և հույս տալով ծեր հարուստին: Մայրը պատմում է ինձ՝ «Էհ լավ կլիներ եթե Ա-ն լիներ, համ ջահել ա համ հարուստ, բայց անտերը ոչ մի քայլ չի անում, խեղճ աղջիկս կոտորվեց նամյոկներ անելով, բայց ոչ իրանց տուն ա տանում, ոչ էլ ասումա, որ կամուսնանան, բայց ոչինչ զատո իրա հաշվին ծնունդը օպերա կլուբում նշեց ու լավ-լավ նվերներ տվեց աղջկաս…:
Լսիի բա բիձեեեն, խեղճը խփնվելա, ամեն օր զանգում ա, մանրամասն հարցնում ա, թե էդ օրը ինչ ա արել աղջիկս, ուր ա գնացել, հետաքրքրվում ա՝ իրա համար սապոգ ու մուշտակ առելա ձմռան համար, որ հանկարծ չմրսի: Մալադեց աղջկաս, նենց լավ հասկացրեց, որ «ինչով առնի», հեսա 1000 դոլարա ուղարկելու…
Բիձեն ուղարկեց 1000 դոլարը գնացինք աղջկաս համար լիքը բան առանք, դե ես էլ ոչինչ մի կերպ յոլա կգնամ, հա բիձեն խոսք ա տվել, որ հենց գա Երևան, ինձ հանելուա էս գործից, ինքը պահի ինձ էլ աղջկաս էլ…»:
Աղջիկը շարունակում է հանդիպել երիտասարդի հետ: Նրա պատմելուց հասկանում էի, որ տղան լավ էլ «բիթի ա», թե ինչ տիպի աղջկա է հանդիպել ու լավ քթից քարշ է տալիս, հետը «ֆռֆռում», բայց հարազատներից հեռու է պահում, հետո պարզվեց, որ մի ուրիշ աղջկա է սիրահետում ու լուրջ… «Խեղջ աղջիկս նենց ա հիասթափվել, սաղ տղերքը ծախու են դավաճան, ասեցի մի տխրի բալես, զատո դրա հաշվին լավ ֆռֆռացել ես»: (Apsara)
«Ես էլ մի հատ «մայր» գիտեի, որի աղջիկը իր ամուսնուց գաղտնի իր ընտանիքի ոսկեղենից բերում էր մորը տալիս, որ լիուլի իր հոր ու մոր ընտանիքը նոր տարի անեն: Իսկ մայրը, իմանալով էս ամենը, ոչ միայն չէր կանգնեցնում ու սաստում աղջկան, այլև հակառակը, գովում էր, թե նայի՝ ինչքան է հորն ու մորը սիրում:
.......
Էնպես որ շատ մի զարմացիր, որ մայրը աղջկան ինչերի կարող է մղի: Դրա համար էլ ասում են, աղջկա մասին կարծիք կազմի մորը ուսումնասիրելով»: (Racer)
«Իհարկե, ֆինանսական կարողությունը և ունեցվածքը չեն կարող երջանկության գրավական լինել, բայց ընդունիր, որ այն ևս նշանակություն ունի ընտանիքի կարիքները հոգալու իմաստով: Կարիերա-փող իմաստով չեմ ասում, որովհետև չեմ ընդունում որ մարդ իր երջանկությունը կապի կարիերայի կամ փողի քանակության հետ և դրա պատճառով զրկվի երջանիկ ընտանեկան կյանքով ապրելու հնարավորությունից կամ իր ամբողջ կյանքը նվիրի «փող շինելուն» (վերջիվերջո ոչ բոլորը կարող են դա անել):
Խոսքս վերաբերում է այն տղամարդուն, որը արդեն կայացել է կյանքում, վստահ է իր ունակությունների վրա, ունի պատասխանատվության զգացում, ծնողների ու ընկերների վզին նստած չէ: Իսկ տղամարդը նաև մարդ է և եթե արդեն ուշ տարիքում նա հանկարծ գլխի է ընկնում, որ ինչ-որ բան պետք է անի կամ ինչ կարող է անի, կարող է ռեսուրսները չհերիքեն:
Բնության տեսանկյունից եթե դիտարկենք, ապա կինը իհարկե ցանկանում է ընտանիք կազմել ապահովված և ուժեղ տաղամարդու հետ, որը կպաշտպանի և կկերակրի իրեն և իր երեխաներին:
Քանի որ մարդը բանական արարած է և ինքն է որոշում իր երջանկության կրիտերիաները, ապա նորմալ կամ ոչ հարուստ ընտանիքները ևս կարող են երջանիկ լինել և զգացմունքներն ու հարաբերությունները չարժեվորել մեքենաներով, ամառանոցներով կամ ոսկեղենով:
Սակայն կյանքն այնպիսին է, որ կենցաղային դժվարությունները կարող են լուրջ վնաս հասցնել ընտանիքին ու միայն փոխադարձ սիրո, սատարումի, կարեկցանքի, փոխօգնության շնորհիվ կարելի է հաղթահարել դրանք:
Կանացի երջանկության մասին: Դա բարդ հարց է, ոչ միշտ է տղամարդուն հաջողվում հասկանալ թե ինչ է պետք անել իր կնոջը երջանկացնելու համար: Դե, կանայք էլ են տարբեր լինում:
Բայց սա երևի ուրիշ թեմայի զրույց է»:(dvgray)
«Մեր օրերում կարելի է ասել, որ փողն է նստել աշխարհի գահին, չնայած բոլոր ժամանակներում էլ այն իր ծանրակշիռ դերն է խաղացել հասարակության կյանքում: Փողն իսկապես անհրաժեշտ է բոլորին բարեկեցիկ կյանքով ապրելու համար, բայց չպետք է նաև մոռանալ, որ փողի մոլուցքով կարելի է տարվել (դա շատ հաճախ է հանդիպում) և մոռանալ մարդկային զգացմունքների և բարոյական արժեքների մասին:
Ինչ խոսք, եթե հարցը վերաբերում է աղջիկ-տղա հարաբերություններին, ապա այս պարագայում փողն անպայման իր խոսքն ասում է՝ լինի աղջիկ, թե տղա: Մարդկանց մի ստվար զանգված անվերջ որոնում է իր հարուստ ապագա կողակցին, բայց ինչպես ցույց է տալիս կյանքը, նման հիմքի վրա կառուցված ընտանիքների մոտ 90 տոկոսը լինում է դժբախտ, որովհետև ժամանակին հաճախ անտեսվում են զգացմունքները, ու հետո արդեն ուշ է լինում... Մարդը մշտապես պետք է ձգտի բարեկեցիկ կյանքի, դա շատ նորմալ է, բայց երբ գալիս է ապագա կողակցիդ ընտրելու պահը, ապա միանշանակ փողը պետք է մղել հետին պլաններ` առաջին հերթին կարևորելով զգացմունքները, քանզի հետո այդ զգացմունքներն են դառնալու ամուր ընտանիքի հենքը: (Ramzes)