Դիսմենորեան կանանց շրջանում բավական տարածված խնդիր է, որը դրսևորվում է դաշտանի օրերին որովայնի ստորին հատվածի սաստիկ ցավերով ու սպազմներով։
Այս խնդրին բախվում են միլիոնավոր կանայք, որոնք ցավի դեմ սովորաբար պայքարում են ցավազրկող դեղամիջոցներով, սակայն քչերին է հայտնի, որ որոշ դեպքերում անգամ այդ դեղամիջոցները կարող են բավական արդյունավետ չլինել սխալ կազմված սննդակարգի պատճառով։
Ինչպես գրում է The Health Site պորտալը, գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք օգնում են մեղմել դաշտանային ցավերը, սակայն կան նաև այնպիսինները, որոնց գործածությունն էլ ավելի է վատթարացնում իրավիճակը՝ սաստկացնելով տհաճ զգացողություններն ու ցավերը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ մթերք, որոնցից հարկավոր է խուսափել դաշտանի օրերին տհաճ զգացողություններից ու ցավի ուժգնացումից խուսափելու համար։
Սուրճ
Կոֆեինի չարաշահումը կարող է դառնալ արյունատար անոթների նեղացման պատճառ, ինչն էլ կսաստկացնի դաշտանային ցավերը։ Բացի այդ, այս մթերքը հանգեցնում է փորափքանքի զարգացման, ինչն էլ իր հերթին ուղեկցվում է տհաճ զգացողություններով։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է բացառել սուրճը դաշտանի ընթացքում կամ սահմանափակվել օրական ընդամենը մեկ բաժակով։
Ռաֆինացված ածխաջրեր ու շաքար
Դաշտանի ժամանակ արյան մեջ շաքարի մակարդակը լուրջ տատանումների է ենթարկվում, իսկ մեծ քանակությամբ քաղցրացուցիչների գործածությունն էլ ավելի է ակտիվացնում տհաճ զգացողությունները։ Բանն այն է, որ շաքարն օժտված է բորբոքային ազդեցությամբ, ինչն էլ ուժեղացնում է սպազմները։ Ավելին՝ ռաֆինացված շաքարը նպաստում է օրգանիզմում նատրիումի ու ջրի կուտակման, ինչն էլ դառնում է փորափքանքի, տհաճ զգացողությունների ու տրամադրության տատանումների պատճառ։
Կաթնամթերք
Արախիդոնաթթուն կամ օմեգա-6 պոլիչհագեցած ճարպաթթուն, որը պարունակվում է կաթնամթերքի մեջ (օրինակ՝ կաթի, պանրի, պաղպաղակի), կարող է բարձրացնել օրգանիզմում բորբոքային գործընթացների մակարդակն ու էլ ավելի սաստկացնել դաշտանային ցավերը, ուստի դաշտանի ընթացքում խորհուրդ է տրվում խուսափել նման մթերքի գործածությունից։
Արագ սնունդ
Ճարպերի բարձր պարունակությամբ մթերքի, այդ թվում՝ սենդվիչների, կարտոֆիլ ֆրիի կամ արագ սննդի այլ տեսակի գործածությունը կարող է բարձրացնել օրգանիզմում պրոստագլանդինների մակարդակն ու էլ ավելի սաստկացնել դաշտանային սպազմները։ Բացի այդ, ճարպերն ավելի երկար են մարսվում՝ ստիպելով աղիներին կծկվել, ինչն էլ ուժգնացնում է ցավը։ Հենց սա է պատճառը, որ դաշտանի ընթացքում հարկավոր է խուսափել ինչպես արագ սննդից, այնպես էլ յուղոտ մսից։
Շոկոլադ
Դաշտանի օրերին կանանց մեծամասնությունը շոկոլադ ուտելու սաստիկ ցանկություն է ունենում, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ այն կարող է բարձրացնել պրոստագլանդինների մակարդակն ու հանգեցնել դաշտանային ցավերի սրման։ Նման դեպքերում հարկավոր է խուսափել շոկոլադից, իսկ եթե ցանկությունը չափազանց մեծ է ապա խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ մուգ շոկոլադին և միայն խիստ սահմանափակ քանակությամբ։