Որոնք են թոքերի քաղցկեղի մասին հուշող առաջին ախտանշանները




Բրոնխաթոքային համակարգի օնկոլոգիական հիվանդությունն ամենավտանգավոր ու տարածված ախտաբանություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում։

Այս հիվանդությունը կարող է շատ երկար ժամանակ մնալ աննկատ, ինչի պատճառով հայտնաբերվում է բավական ուշ։ Այնուամենայնիվ սա այն խնդիրներից է, որի վաղ ախտորոշումը զգալիորեն բարձրացնում է բարեհաջող բուժման հավանականությունը, ուստի հիվանդութան մասին հուշող ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։

Քաղցկեղի այս տեսակի ախտորոշումը բավական դժվար է, քանի որ հիվանդությունը հաճախ դրսևորվում է ախտանշաններով, որոնք չեն ասոցացվում թոքերի ախտահարման հետ։ Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ բավական զգոն լինելու դեպքում կարելի է ժամանակին նկատել խնդիրն ու սկսել բուժումը։ Ուռուցքաբան Եվգենի Լևչենկոն ներկայացրել է այս հիվանդության մասին հուշող ամենավաղ ախտանշանները, որոնք թույլ կտան հնարավորինս շուտ ախտորոշել խնդիրը և բարձրացնել բուժման արդյունավետությունը։



Մասնագետի խոսքով՝ քաղցկեղի այս տեսակը հաճախ են շփոթում թոքաբորբի կամ սուր բրոնխաբորբի հետ, ուստի հիվանդները շատ դեպքերում հակաբիոտիկներով բուժում են ստանում։ Սա հետաձգում է անհրաժեշտ բուժումը, ինչի հետևանքով չարորակ նորագոյացությունն էլ ավելի է մեծանում։ Ընդ որում՝ զարգացման վաղ փուլերում թոքերի քաղցկեղը չի դրսևորվում շնչառական համակարգի հետ կապված ախտանշաններով, ուստի շատերը պարզապես չեն վերագրում դրանք այս վտանգավոր հիվանդությանը։

Քաղցկեղը ժամանակին նկատելու համար մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին ուշադրություն դարձնել մարմնի ջերմաստիճանին։ Եթե բարձր ջերմությունը պահպանվում է երկար ժամանակ և այն չի հաջողվում կարգավորել անգամ ջերմիջեցնողներով, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել։ Բացի այդ, այս վտանգավոր հիվանդության մասին կարող են հուշել նաև մաշկային քորն ու հետագայում դերմատիտի զարգացումը, ինչպպես նաև կոորդինացիայի խանգարումը, գլխապտույտները, թուլությունը, հևոցն ու հոգնածությունն անգամ ամենաչնչին ակտիվության դեպքում։

Ինչպես նշում է ուռուցքաբանը, վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անպայման դիմել բժշկին ու բուժզննում անցնել։ Սովորաբար կասկածների դեպքում մասնագետը նշանակում է ռենտգենյան հետազոտություն կամ համակարգչային շերտագրություն։ Բացի այդ, հարկ է հիշել, որ այս հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է 50-80 տարեկան ծխողների մոտ, և որպես կանոն հիվանդների մեծ մասը տղամարդիկ են լինում, ուստի ռիսկային այս խմբում գտնվողները պետք է շատ ավելի զգոն լինեն։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․