Գայլուկ Սովորական - Хмель обыкновенный. Բուժական նշանակությունը




Գայլուկ սովորական - Хмель обыкновенный - Humulus lupulus L. Հայկական տարանունները - դրոժի թուփ, հմուլ, հյուսիսայգի, հումել, ջղլաբատ

Դեղաբույսի նկարագրությունը: Թթազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա լիան է: Տերևներն ամբողջական կամ բլթակավոր են:

Բուժական նշանակությունը:

Կոները հավաքում են կոթուններով, պարզ եղանակին` մինչև լրիվ հասունանալը, և չորացնում ստվերում, բարակ շերտով, մինչև կոթունները ծալելիս բեկվեն: Դրանից հետո հումքը ծխահարում են ծծմբով և մամլած շերտերով պահում տուփերի մեջ:

Չորացած հումքն ունի հաճելի հոտ, խեժի դուրեկան դառնահամություն: Հասուն և չոր կոների թափահարումից անջատվում է լուպուլինը, որը դեղատներում հայտնի է «գայլուկի ալյուր» անվամբ: Լուպուլինը կազմում է չոր հումքի 7-16%-ը:

Գայլուկը լայն կիրառում ունի աշխարհի տարբեր երկրների ինչպես ժողովրդական, այնպես էլ գիտական բժշկության մեջ: Ֆրանսիայում այն անվանում են «հյուսիսային խաղող» և օգտագործում են որպես տոնուսավորող և քնաբեր միջոց, ինչպես նաև սեռական գերգրգռվածության և սրտանոթային ֆունկցիոնալ թուլությունների ժամանակ:

Լեհաստանում դեղաբույսն օգտագործում են ընդհանուր թուլության, նևրասթենիայի, կլիմակտերիկ նևրոզի, ստամոքսաաղիքային տրակտի հիվանդությունների բուժման նպատակով, Բուլղարիայում` սեռական գերգրգռվածության, հատկապես ցավոտ էրեկցիայի, սերմնահոսության, անքնության, ախորժակի բացակայության, գեղձախտի, դեղնուկի, միզուղիների բորբոքման և քարերի, դաշտանային ցավերի ու գլխացավերի ժամանակ:




Ավստրիայում և Գերմանիայում գայլուկը հանրածանոթ միջոց է նևրոզների և անքնության ժամանակ (կոները լցնում են բարձի մեջ և քնում վրան): Հունգարիայում և Չեխոսլովակիայում գայլուկի չոր մզվածքը կազմում է «խովալետտին» և «վալոսեդան» հանգստացնող բնույթի դեղամիջոցների բաղադրիչ մասերից մեկը: Գայլուկը` քսուքի ձևով, Բելոռուսիայում օգտագործվում է թարախային վերքերը, հին խոցերը և խուղակները բուժելու համար:

Ըստ Մ.Ա. Նոսալի տվյալների, Ուկրաինայում գայլուկի կոներն օգտագործում են միզուղիների բորբոքման, ջրգողության, ստամոքսի կատառի, լյարդի և լեղապարկի հիվանդությունների և նևրոգեն անքնության ժամանակ: Կոմպրեսի կամ թրջոցների ձևով որպես ցավ հանգստացնող և ներծծող միջոց, գայլուկն օգտագործվում է նաև չիբանը և խոցային վերքերը բուժելու համար: Ռուսական ժողովրդական բժշկության մեջ գայլուկը լայն կիրառում է գտել գաստրիտների, ճիճվակրության, լնդախտի, մազաթափության, նևրասթենիայի, ռադիկուլիտի, նևրալգիաների, չիբանի և մկնատամի բուժման գործում:

Ըստ Գ. Մենևիշյանի, գայլուկի կոներն ունեն նյարդերը հանգստացնող, սրտանոթային համակարգը տոնուսավորող, վերքերը հականեխող հատկություններ:

Ա.Գ. Գորելովան փորձնական տվյալներով պարզել է, որ գայլուկի մզվածքն օժտված է էսթրոգեն ակտիվությամբ: Այսպես, պատրաստուկը 10-30 մգ դոզայով առաջ է բերում կաստրացիայի ենթարկված էգ մկների սեռական սֆերայի դրդման երևույթներ. դրանով հեղինակը հիմնավորում է ժողովրդական անասնաբուժության փորձը, երբ կովերին բեղմնավորման նպատակով տալիս են գայլուկի կոների թունդ եփուկ:

Գիտական բժշկության մեջ գայլուկը դեռևս վերջնականապես չի արմատավորված: Սակայն այն մտնում է հանգստացնող № 1 թեյի բաղադրության մեջ: Գայլուկի եթերայուղը և հումուլինն ունեն հանգստացնող հատկություն և մտնում են հանրահայտ վալոկորդինի բաղադրության մեջ, որը կիրառվում է կրծքային հեղձուկի, սրտանոթային խանգարումների, մի շարք վեգետանևրոզների և աղիքային կծկումնային ցավերի ժամանակ:




Կոների փոշուց պատրաստված քսուքն օգտագործվում է սալջարդերի, պոդագրիկ և ռևմատիկ հոդացավերի, թարախապալարների բուժման ժամանակ որպես ցավազրկող և ներծծող միջոց: Կոների եփուկը` խնկեղեգի հետ, լվացման ձևով արդյունավետ է ներգործում գլխի մաշկի թեփոտության և մազաթափության ժամանակ: Հիմք ընդունելով ժողովրդական բժշկության փորձը, պարֆյումերիայում այս խառնուրդն օգտագործվում է շամպունի պատրաստման մեջ:

Որպես ախորժակը լավացնող միջոց բույսի ջրաթուրմը կարելի է օգտագործել բոլոր այն հիվանդությունների դեպքում, որոնք ուղեկցվում են ախորժակի վատացումով: Ջրաթուրմը դրականապես է անդրադառնում նաև երազախաբության և անքնության ժամանակ:

Անհրաժեշտ է նշել, որ կոներն օժտված են արտահայտված ֆիտոնցիդային, ախտահանիչ և մանրէասպան հատկություններով: Հիմք ընդունելով ժողովրդի դարավոր փորձը` մենք Կ.Ա. Մարջանյանի հետ մեկտեղ գայլուկի եփուկն օգտագործել ենք քրոնիկական թերսեկրետոր գաստրիտով հիվանդներին բուժելու համար: Եփուկը` 10 գ հումքը 500 մլ ջրում, հիվանդներն ընդունել են 1-ական ճաշի գդալ, օրական 3 անգամ, ուտելուց 5-10 րոպե առաջ, 3-4 շաբաթ տևողությամբ:

Գայլուկի եփուկը առաջարկել ենք խրոնիկական թերսեկրետոր գաստրիտների բուժման համար` ինչպես առանձին, այնպես էլ այլ դեղամիջոցների հետ համակցված:

Կիրառման եղանակները:




Ջրաթուրմ պատրաստելու համար վերցնում են 1 ճաշի գդալ մանրացրած կոն, խառնում 1 բաժակ եռման ջրին, հովանալուց հետո քամում և ըմպում 1/4 բաժակ, օրական 3-4 անգամ` ուտելուց 15-20 րոպե առաջ:

Անքնության դեպքում 2 թեյի գդալ մանրացրած կոները 1 բաժակ եռման ջրում 4 ժամ թրմելուց հետո ըմպում են 1-2 ճաշի գդալ` քնելուց առաջ: Ջրաթուրմի դոզան կարելի է փոփոխել. այսպես, 20 գ կոնը 1 լ եռման ջրին կամ 2 ճաշի գդալ կոնը 1 բաժակ եռման ջրին` 1 օրում ըմպելու համար:

Ջրաթուրմ պատրաստում են նաև մատղաշ ընձյուղների հյութից: Այսպես, դեղնուկի դեպքում 2 ճաշի գդալ հյութը խառնում են 1 բաժակ եռման ջրին և 1 բաժակ եռման կաթին: Խառնուրդը հովանալուց հետո ըմպում են ամբողջ օրվա ընթացքում:

Եփուկ պատրաստելու համար վերցնում են 10 գ կոն, եռացնում 200 մլ ջրում 30 րոպե, որից հետո ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ:

Ոգեթուրմի համար մանրացրած կոները և 70° սպիրտը խառնում են 1:4 հարաբերությամբ, 2-3 շաբաթ թրմելուց հետո անքնության դեպքում ընդունում 5-7-ական կաթիլ` մի կտոր շաքարով կամ նույն քանակությունը` 1 թեյի գդալ ջրով` քնելուց առաջ:




Այլ հիվանդությունների բուժման համար ոգեթուրմն ընդունում են 40-ական կաթիլ` օրական 3-4 անգամ: Տրորված կոներից կամ մաքուր լուպուլինից (խոզի ճարպով կամ կարագով) կարելի է պատրաստել 1:1 հարաբերությամբ քսուք` արտաքին կիրառման նպատակով:

Լուպուլինը կարելի է օգտագործել նաև թրջոցների, հանգստացնող լոգանքների ձևով, ինչպես նաև մաքուր վիճակում, 0,2-0,4 գ` օրական 2 անգամ ըմպելով ջրով: Նման ձևով են ընդունում նաև կոների փոշին, մեկական պտղուց` օրական 3 անգամ:

№ 1 հանգստացնող թեյի մեջ մտնում են 1-ական մաս գայլուկ և կատվախոտի արմատ, 2-ական մաս անանուխ և ջրառվույտ: 1 ճաշի գդալ այս խառնուրդը 1 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ըմպում 1/2 բաժակ` օրական 2 անգամ:

Բույսի այլ հատկանիշները: Գայլուկը թունավոր բույս է: Երբեմն առաջ է բերում «գայլուկ հավաքողների հիվանդություն», որը բնորոշ է քնկոտությամբ, քրտնարտադրությամբ, ընդհանուր գրգռվածությամբ, ջերմության բարձրացումով, սրտի շրջանի ցավերով, իսկ որոշ դեպքերում էլ առաջ է բերում քրոնիկական էկզեմա: 1-2 գ լուպուլինը թունավորում է առաջացնում:

Անասնաբուժության մեջ գայլուկն օգտագորում են նաև ընդհանուր սուր թուլության և ջրգողության ժամանակ: Բացի բուժական նպատակներից, գայլուկն անհիշելի ժամանակներից օգտագործվում է հացաթխման և գարեջրի պատրաստման պրոցեսներում:



Հացաթխման մեջ կոներն օգտագործում են թթխմոր պատրաստելու համար, ոմանք հացին տալիս են հաճելի համ ու հոտ: Գարեջրի մշակման պրոցեսում գայլուկի դաբաղանյութերը կարգավորում են հումքի խմորումը և կանխում գարեջրի թթվեցումը: Եթերայուղը, խեժը և լուպուլինը գարեջրին տալիս են յուրահատուկ համ ու բուրմունք, փրփրոտություն. ուստի գարեջրի որակը հիմնականում պայմանավորված է գայլուկի մեջ մտնող դաբաղանյութերի և եթերայուղի քանակներով (որքան բարձր է այդ նյութերի քանակն, այնքան բարձր է ստացված գարեջրի որակը): Եթերայուղն օգտագործվում է նաև կվաս և լիկյոր պատրաստելու համար:

Շատ երկրներում գայլուկը լայնորեն մշակվում է որպես գյուղատնտեսական կուլտուրա: Նրա մատղաշ ընձյուղները, որոնք հարուստ են C վիտամինով, գարնանը տապակում են ծնեբեկի նման, պատրաստում են ապուր, շիլայանման սոուս, օգտագործում հում ձևով, սալաթի մեջ և այլն:

Գայլուկի երկար ցողունները պիտանի են տեխնիկական նպատակով` մանվածք, մանրաթել, թուղթ, պարան, բրեզենտ, պարկ պատրաստելու համար: Ծաղիկներից ստացվում է դեղին գույնի ներկ: Որպես դեկորատիվ բույս օգտագործվում է նաև կանաչապատման մեջ:


Աղբյուրը։




Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․