Թեփն արտադրական թափոն է: Այո, թեփ են անվանում ալյուրի արտադրության ընթացքում ստացված թափոնը:
Բայց, եթե ալյուրի մեջ համարյա թե ոչ մի վիտամին և միկրոէլեմենտ չկա (այն մաքուր օսլա է), ապա թեփում պահպանվում է հացահատիկի մեջ եղած կենսաբանական ակտիվ նյութերի 90%-ը: Շնորհիվ իր եզակի բաղադրության, թեփն օգտագործում են շատ տարբեր հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի համար:
Այն նաև պարունակում է հագեցած և չհագեցած ճարպաթթուներ, վիտամին Е, В խմբի վիտամիններ, մեծ քանակությամբ միկրոտարրեր՝ կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, նատրիում, երկաթ, ինչպես նաև քրոմ, սելեն, պղինձ, ցինկ և այլն:
Ընդամենը մի քանի օրում թեփը կարգավորում է աղիների աշխատանքը, վերանում է փորկապությունը, կարգավորվում է միկրոֆլորան, քանի որ այն սկսում է սնվել բջջանյութով և բազմանալ:
Ներկայացնում ենք թեփով բուժվելու մի քանի ժողովրդական բաղադրատոմս:
Բրոնխիտ, լարինգիտ, ֆարինգիտ, թոքերի բորբոքում, տոնզիլիտ, տրախեիտ և մրսածության հետ կապված այլ հիվանդություններ
Վերցրեք 400գ ցանկացած հացահատիկի թեփ, վրան ավելացրեք 1,5լ եռման ջուր, թույլ կրակի վրա եփեք 10 րոպե, թրմեք կես ժամ, քամեք և մի քիչ մեղր կամ այրած (շագանակագույն) շաքար ավելացրեք: Եփուկը պետք է խմել տաք վիճակում՝ թեյի և սուրճի փոխարեն, օրը 4-5 անգամ, կես բաժակ:
Վիտամինային անբավարարություն (հիպովիտամինոզ)
Պատրաստեք հետևյալ եփուկը: 1 ճ.գ. տարեկանի թեփի վրա 1 բաժակ եռման ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի: Վերցրեք կրակից, փակ ամանի մեջ թողեք թրմվի 1 ժամ և քամեք: Խմեք օրը 2 անգամ, կես բաժակ, ուտելուց կես ժամ առաջ:
Սրտի աշխատանքի լավացում, սակավարյունության և աթերոսկլերոզի պրոֆիլակտիկա
2 ճ.գ. տարեկանի թեփի վրա 1,5 բաժակ եռման ջուր լցրեք, մեկ րոպե եռացրեք, թրմեք 1 ժամ և քամեք: Խմեք 1/3 բաժակ, օրը 3-4 անգամ, ուտելուց կես ժամ առաջ:
Փորկապություն, լեղապարկի ատոնիա, դիսբակտերիոզ
Այս հիվանդությունների դեպքում օգտակար է ընդունել ջրում թրջած 1-1,5 ճ.գ. թեփ՝ օրը 3 անգամ, ուտելուց 15-20 րոպե առաջ կամ հենց ուտելու ժամանակ: Կարող եք թեփը պարզապես ուտելիքին ավելացնել: Սկսեք 2 թեյի գդալից:
Հաշվի առեք, որ թեփն արգելվում է օգտագործել գաստրիտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդությունների սրացման ժամանակ: Բորբոքային պրոցեսն անցնելուց հետո շարունակեք թեփ ընդունել: