Վանո Սիրադեղյան՝ ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ, որը զբաղեցրել է մի շարք պետական առանցքային պաշտոններ:
Սիրադեղյանի մասին տեսակետները ծայրահեղ տարբեր են, տեղ-տեղ՝ իրար հակասող։ Առհասարակ նա մեր պատմության էջեր է մտել որպես հակասական կերպար: Սիրադեղյանի ստեղծագործությանը բնորոշ է յուրատեսակ տխրությունը, ափսոսանքը, թեև նա նաև հմուտ է հումորային դրվագներ ստեղծելու մեջ: Սիրադեղյանի արձակը ռիթմիկ է, պարբերաբար՝ համընկնող վերջավորություններով, ավելի հաճախ՝ ուղղակի տպավորվող համաչափությամբ:
Սիրադեղյանի ուղիղ տողերը
Ափսոսանքի մասին՝
«…Կյանքը մեր ուզածով չեղավ, ու առուփախի հրապարակում ապշած մնացինք: Հետո ցավից երկու տակ եղանք, հետո քունքներս ճերմակեցին մի գիշերվա մեջ, բերաններս դառն իմաստնությամբ ծամածռվեցին, ընդոստ շտկվեցինք, որ չտրորեն, – այսպես դարձանք հուսահատության քարե արձան. իրանը` ձիգ, գլուխը` բարձր, ձեռքերը` ծոցը, որ մաքուր մնան»:
***
«Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ»։
Ապրելու, չապրելու, սավառնելու մասին՝
«…բախտավորություն է սավառնելու զգացողություն ճանաչելը,բայց սավառնողին , ախր, խփում են: Եվ ճիշտ են անում:Համենայնդեպս ,ներքևիններին ես հասկանում եմ:Եթե ցածում ես,այդ տեսիլքից կամ լեզուդ պիտի կապ ընկնի,կամ լեղիդ պայթի,կամ պիտի խփես»…
***
«Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը»։
***
«Երկրի ձգողականությունը բավարար է մարդուս կանգուն պահելու համար, բայց բավարար չէ հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար՝ ժամանակի անբեկբեկ ընթացքի մեջ: Մարդը չի կարող ժամանակի ձյութե հոսքի մեջ լռած հոսել ու ծեփվել տիեզերքի անհունությանը»:
Մանրամասն սիրելու հայրենիքի մասին՝
«Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։ ՀՀՇ֊ի՝ նախկինը։ Ռամկավարի՝ դաշնակը։ Դաշնակի՝ հիմարը։ Դեպուտատի՝ օգտագործածը։ Ռետինի՝ կոմպլեմենտարը՝ վերջում գլխին քաշելու համար։ Իսկ խոսնակի՝ Խոշորը։ Փոխխոսնակի՝ խուրդեն»։
***
«Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում ենք հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:
Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ»:
***
«Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա»:
***
«Արարողություններից զուրկ հայ կյանքում խաշ ուտելը միակ ամբողջական արարողությունն է, որ կապված չէ հուղարկավորության, ցեղասպանության և այլ արհավիրքների հետ»:
Կնոջ, տղամարդու, մարդու մասին՝
«Սիրտդ լրիվ քար մի արա, բայց սիրելուդ կարոտ թող, թող չմտաածի, որ դու իրենն ու իրենն ես, մի բան էլ գուցե, կողքից լինի… Թող համոզված մնա ,որ մի կյանքը քիչ է տղամարդուն իրենով անելու , մինչև տակը տեսնելու համար…Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա,սիրտդ խալու պես ոտների տակ չփռես: Պարզ է, սկզբից կողքերով կգնան, հետո կբոբկանան ու սիրուց-բանից կսրսփան, հետո տանու չստերով կտրորեն,հետո գոյությունդ լրիվ կմոռանան»…
***
«Օգոստոսին գեղեցիկ կին, գեղեցիկ աղջիկ քաղաքում չկա․ կամ ծովափին են, կամ լեռներում։ Բայց այդ բանը նկատվում է սեպտեմբերին, երբ արևառած վտառները խուժում են քաղաք։ Իսկ օգոստոսը քաղաքում մնացածների միջից ջոկում, առաջ է քաշում ժամանակավոր գեղուհիների։ Շոգ ու կրակ է։ Աղջիկների շորերը կարճ են միջօրեի ստվերի նման։ Շորերը ծածկում են այնքանը միայն, որ գաղտնիք մնա։ Լավ մերկությունը այն է, որ մերկանալու էլի տեղ ունի»։
***
«Քո կծուլեզու ներկայությունը նրանց հանգիստը թունավորում է, որովհետև ամեն մեկը հացի հարց ունի, որ լուծում է կակազելով, գիրկապ անելով, նաև համրությամբ` ամեն օր ու ամեն ժամ, բայց առավել անտանելին քո հեգնաժպիտ ներկայությունն է, նույնն է թե` առանձնությունը: Իրենք` նախիրով, իրենք ոհմակով լինելով` էլի անապահով են, դու, ախր, դու էդ ինչի՞ տեր ես, որ ինքդ քեզ այդքան հերիք ես»:
***
Հիասթափվելու համար էլ, ի դեպ, արիություն է պետք: Արիություն նաև քո՛ մեջ փնտրելու կրկնվող հույսերի կրկնվող կործանման պատճառը:
Ուղտին չի կարելի ուտել, հեծնել և հավատալ միաժամանակ։
Հնարավոր է անգամ, որ երբ մահը մոտ լինի, ապրելու սովորույթը թույլ չի տալու կռահել այդ մասին:
Ես երբեք ռոմանտիկ չեմ եղել, եւ ինձ համար ռոմանտիզմն երբեք սիրո առարկա չի եղել: Ես կարող եմ համակերպվել ռոմանտիկի հետ միայն այն դեպքում, եթե նա այլ գերորակներ ունենա:
Երբ ուրանում են գլխավորը, մանր բաները շատանում են:
Մարկեսը ասում է՝ «Բազմացե՛ք, կովեր, կյանքը կարճ է»։ Հետեւեք իմաստունի խորհրդին, կերեք ձեր խոտը, կշտացեք ու բազմացեք խելքից դուրս, բայց դուրս մի՛ եկեք ձեր փարախի սահմաններից։ Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, մի՛ շփոթեք այն ախոռի հետ։
Հայրենիքի, անշուշտ, մեծն է լավը։ Ինչպես եւ վարունգի՝ կանաչը։ Աղջկա՝ կույսը։ Կրծքի՝ երկու հատը։ Ազգի՝ համաշխարհայինը։
Եթե ապրել լինում է գրեթե առանց փողի, ինչու՞ պիտի չապրվեր բոլորովին անփող:
Պարզապես հարկավոր է այլոց շահերի ու խաղերի բախման ոլորտում զգոն մնալ – չխեղճանալ, չմեծամտանալ, մոտիկը թողած հեռուն չվազել, խելացիորեն մեզնից բացի ոչ մեկին չհավատալ, տառացիորեն ոչ մեկի:
Քեզ մի քիչ էլ թաքուն պահի: Բարձր մնա, սիրտդ խալու պես ոտների տակ չփռես:
Դադարը, ժամանակավոր, թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։
Մի կյանքի ընթացքում մարդը հասցնո՞ւմ է փոխվել, թե՞ մակընթացությունն ու տեղատվությունն են ընկալվում որպես փոփոխություն։
Սեփականության հատկանիշը չէ՞ որ պատկանելությունն է, ոչ թե զգացմունքն ու դատողությունը: Եւ առհասարակ սերը անցողիկ է լինում: Իսկ միակողմանի սերը լինում է ողբերգական:
Լավ մերկությունն էլ այն է, որ մերկանալու էլի տեղ ունի:
Ոչ ոք իր կամքով չի եկել այս աշխարհ անգոյությունից, եւ ուրեմն կյանքը չի կարող պատիժ լինել, որովհետեւ պատիժ չի հասնում անմեղին։
Պետք է վայելել այն զգացողությունը, որ այսօր նույն սուրճից ես խմում, ինչ խմել ես տասնհինգ տարի առաջ։ Չի բացառվում, որ վաղուց արդեն դա նույն սուրճը չէ, հնարավոր է, որ համն է արդեն ուրիշ, բայց համի հիշողությունը ասում է՝ նույնն է։