Կանանց զվարճալի պատմություններ՝ կապված տղամարդկանց հետ





Հանրակացարանային արկած

Ես ու ընկերուհիս, լինելով ոչ քաղաքաբնակ, ուսանողական տարիներին ապրում էինք հանրակացարանում: Հեռավոր 2001 թվականն էր։ Մենք, կիսադատարկ հանրակացարանում նստած, տխրում էինք. տոնը տնից հեռու նշելու հեռանկարը մեզ այնքան էլ չէր գրավում: Որոշեցինք հայտարարություն գրել. «Երկու ուսանողուհիներ ցանկանում են դիմավորել Նոր Տարին հաճելի երիտասարդների ընկերակցությամբ»: Թողեցինք նաև փեյջերի համար: Կես ժամ անց սկսվեց հաղորդագրությունների տարափը: Ընտրեցինք մեկը, պատասխանեցինք և պայմանավորվեցինք հանդիպել հարևան զբոսայգում: Նշված ժամին երկու երիտասարդների փոխարեն տեսանք քառասունն անց գինովցած տղամարդկանց մի խումբ: Մեզ տեսնելով՝ նրանք անչափ ուրախացան և առաջարկեցին գնալ իրենց հետ: Մենք լուռումունջ շրջվեցինք և որքան ուժ ունեինք, վազեցինք դեպի հարազատ հանրակացարանը. նման արկածները մեզ համար չէին:

Իննա, 29 տ.

Կրունկների զոհը

Ամանորը դիմավորեցինք Ծաղկաձորում: Նախագահի ելույթից հետո ընկերներով որոշեցինք սահել սարից: Ամենաբարձր սարի մոտ հերթ էր ու հրմշտոց: Մենք բոլորս սահեցինք միաժամանակ: Մեր հետևից ցած էր իջնում աղջիկների մեծ խումբ, և նրանցից մեկն իր բարձրակրունկով հարվածեց ուղիղ ճակատիս: Անմիջապես արյուն ժայթքեց: Աղջիկն այնքան սարսափած էր տեղի ունեցածից, որ մեզ հետ եկավ հիվանդանոց: Վերքը կարեցին, ախտորոշեցին ուղեղի ցնցում և ինձ այդ գիշեր պահեցին հիվանդանոցում: Առավոտյան պալատ ներխուժեց իմ դժբախտության մեղավորը` ուտելիքով տոպրակը ձեռքին: Նա ստիպված էր եղել ասել, որ նշանածս է, որպեսզի իրեն ներս թողնեին: Այժմ Զառան պաշտոնապես իմ նշանածն է, և այդ դեպքից հետո ես արգելել եմ նրան սարից սահել բարձրակրունկ կոշիկով:

Կառլեն, 27 տ.

Ոչ եթերային պահվածք

Ես ու Աննան հանդիպում էինք մոտ կես տարի, սակայն ես դեռ ծանոթ չէի նրա մտերիմ ընկերների հետ, քանի որ նրանք ապրում էին այլ քաղաքում: Նոր տարուն որոշեցինք գնալ նրանց հյուր: Ես խիստ հուզվում էի. անծանոթ խումբ, զննող ու գնահատող հայացքներ: Այնուամենայնիվ, մեկնեցի: Ես ու Աննան աշխատում ենք հեռուստատեսությունում. ես օպերատոր եմ, նա` լրագրող: Նրա մտերիմ ընկերուհին ևս հեռուստատեսությունում էր աշխատում և վարում էր ամանորյա եթերը: Եվ այսպես, մենք նրա հետ հայտնվեցինք հեռուստատեսությունում: Այնտեղ ուրախ մթնոլորտ էր տիրում: Ծանոթացանք նրա գործընկերների հետ։ Վերջիններս հաճույքով ընդունեցին մեզ իրենց ընկերական խումբ և օղի առաջարկեցին: Ես խմիչքի հետ սեր չունեմ, սակայն անհարմար զգացի մերժել… Ուշքի եկա մի քանի ժամ անց ինձ անծանոթ բնակարանում` անտանելի գլխացավով և ամոթի զգացումով: Մինչ օրս չեմ կարող առանց հուզվելու հիշել այդ պատմությունը:

Մելս, 22 տ.

Անակնկալ

Կորպորատիվ երեկույթն այս տարի դիմակահանդեսի տեսքով էր: Ես վաղուց երազում էի մտերմանալ մեր նոր աշխատակցի՝ Արմենի հետ: «Զարտուղի» ճանապարհներով պարզեցի, որ նա պատրաստվում է հայտնվել «Շրեք» մուլտֆիլմի գլխավոր հերոսի հագուստով, և որոշեցի ընտրել ինձ համար այդ հերոսի սիրած աղջկա՝ արքայադուստր Ֆիոնայի կերպարը: Երեկոյի ժամանակ պարզ դարձավ, որ կար երկու Ֆիոնա. ես չկերպարանափոխված գեղեցկուհու կերպարով էի, իսկ մյուս Ֆիոնան՝ ահռելի կանաչ օգրի տեսքով էր և մշտապես քայլում էր իմ սիրելի Շրեքի հետ: Երկար մտածում էի՝ ինչպես շեղել նրա ուշադրությունը: Համոզեցի մեր ծրագրավորողներից մեկին, որ հրավիրի մրցակցուհուս պարի, իսկ ես անմիջապես հրավիրեցի Շրեքին: Ի զարմանս ինձ, պարզվեց, որ հսկայի դիմակի տակ թաքնված էր ոչ թե իմ համակրած տղան, այլ մեր բաժնի ղեկավարը: Իսկ Արմենը՝ օգր Ֆիոնայի հագուստով, ուրախ-զվարթ թռչկոտում էր մեր ծրագրավորողի հետ:

Վիկա, 26 տ.

Խոսում են տղամարդիկ

Վիկա՛, շտապ միջոցներ ձեռնարկիր Արմենին գրավելու համար, քանի դեռ նա իսկական արքայադուստր չի դարձել: Անմիջապես երևում է՝ տղան հումորի զգացում և մեծ ֆանտազիա ունի: Դուք ստեղծված եք միմյանց համար:

Հայկ, 27 տ.

Աղբյուրը՝ Cosmo


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․