Հակաբիոտիկներ. ինչ պետք է իմանա յուրաքանչյուրը




Ամենայն հավանականությամբ, բոլորս էլ կյանքում գոնե մեկ անգամ ընդունել ենք հակաբիոտիկ դեղամիջոց: Այնպիսի տարածված հիվանդություններ, ինչպիսին են թարախային անգինան, ականջի ցավը, միզուղիների բորբոքումը, մաշկային ինֆեկցիաները և այլ բակտերիալ ծագում ունեցող հիվանդություններ, բուժվում են հակաբիոտիկների օգնությամբ:

Հակաբիոտիկները հակամանրէային դեղամիջոց են, որոնք կա՛մ իսպառ ոչնչացնում են բակտերիաները, կա՛մ սահմանափակում են դրանց աճը: Յուրաքանչյուր հակաբիոտիկ պայքարում է որոշակի խումբ բակտերիաների դեմ և, սովորաբար, հակաբիոտիկները չեն կարող փոխարինել մեկը մյուսին:

Ո՞ր հիվանդությունների դեպքում է նշանակվում հակաբիոտիկ դեղամիջոց

Հակաբիոտիկ նշանակվում է որոշ ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ: Սակայն ոչ բոլոր ինֆեկցիոն հիվանդություններն են բուժվում հակաբիոտիկներով: Հակաբիոտիկները օգտագործվում են բակտերիաներով, սնկերով և որոշ պարազիտներով հարուցված ինֆեկցիոն հիվանդությունները բուժելու համար:

Վիրուսային ինֆեկցիաների ժամանակ հակաբիոտիկ ընդունելը՝

Չի՛ բուժելու ինֆեկցիոն հիվանդությունը,
Չի՛ պաշտպանելու այլ մարդկանց վարակվելուց,
Չի՛ լավացնելու ձեր երեխայի ինքնազգացողությունը,
Կարող է առաջացնել անիմաստ և վնասակար կողմնակի ազդեցություններ,
Կարող է նպաստել հակաբիոտիկների նկատմամբ կայունության ձևավորմանը, երբ բակտերիաները կարողանում են դիմադրել հակաբիոտիկ դեղի ազդեցությանը և շարունակում են վնասել օրգանիզմին:



Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը համարում է առողջապահության հիմնական խնդիրներից մեկը: Այն նշում է, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունության պատճառներից են հանդիսանում հիվանդների կողմից բժշկի նշանակած հակաբիոտիկի չափաբաժնին և բուժմանը չհետևելը, հակաբիոտիկների անհարկի և չափից հաճախ օգտագործումը:

Հակաբիոտիկաբուժության ութ մոլորություններն ըստ Կոմարովսկու

Հակաբիոտիկներն ազդում են վիրուսների վրա: Ո՛Չ, հակաբիոտիկները վիրուսային հիվանդությունների վրա չեն ազդում, չեն օգնում լավանալ, չեն լավացնում ոչինչ, բացի արտադրողների նյութական բարօրությունից:
Հակաբիոտիկները կանխարգելում են վիրուսային ինֆեկցիաները: Իրականում, հակաբիոտիկներով բուժումը ՉԻ՛ կարող նվազեցնել բակտերիալ բարդացումների հավանականությունը վիրուսային ինֆեկցիաների ժամանակ:
Հակաբիոտիկները լինում են թույլ և ուժեղ:

Միջին վիճակագրական քաղաքացին հակված է մտածել, որ որքան ավելի թանկ է հակաբիոտիկը, այնքան այն ավելի արդյունավետ է: Իրականում, թանկ դեղամիջոցները կիրառվում են միայն շատ բարդ, և բարեբախտաբար, հազվադեպ դեպքերում, երբ հիվանդության պատճառն այնպիսի մանրէ է, որը կայունություն է ձեռքբերել հակաբիոտիկ պատրաստուկների մեծ մասի նկատմամբ, երբ կա ցածր իմունիտետ, երբ վիճակն այնքան վատ է, որ անհրաժեշտ է արագ և շատ արդյունավետ միջամտություն:

Թուլացնում են իմունիտետը: Ժամանակակից պատրաստուկները իմունային համակարգի վրա թուլացնող ազդեցություն չունեն: Իմունիտետը թուլացնում է հիվանդությունը, որի բուժման համար նշանակվել է հակաբիոտիկը:
Հակաբիոտիկների հետ պետք է ընդունել հակասնկային պատրաստուկներ: Հակաբիոտիկների կողմնակի ազդեցություն համարվող կանդիդոզ սնկային հիվանդությունն իրոք բուժվում է հակասնկային միջոցներով: Սակայն ոչ մի ապացույց չկա, որ հակասնկային միջոցները կարող են պրոֆիլակտիկ դեր խաղալ և նվազեցնել կանդիդոզի առաջացման հավանականությունը: Արդյունքում, հիվանդն ընդունում է ավելորդ դեղամիջոց և անիմաստ ծախս է անում:

Հակաբիոտիկ ընդունելու ժամանակ պետք է ընդունել “ստամոքսի համար” դեղամիջոց: Իրականում, ստամոքսի միկրոֆլորայի այնպիսի խանգարումը, որը պետք է բուժել, բավական հազվադեպ երևույթ է: Հակաբիոտիկների կուրսն ավարտելուց հետո՝ ճիշտ սննդակարգի դեպքում աղեստամոքսային համակարգի միկրոֆլորան բավական արագ է վերականգնվում:

Հակաբիոտիկների ընդունման ժամանակ պետք է ընդունել հակաալերգիկ միջոցներ: Եկեք սա քննարկենք օրինակի վրա: Մամիկոնն ունի ամպիցիլինի նկատմամբ ալերգիա, բայց մենք դրա մասին չգիտենք: Նա խմել է ամպիցիլինի հաբ և մեկ ժամ հետո նրա մոտ քոր եկող ցան է առաջացել: Հակաբիոտիկների ընդունումը չեղարկել են: Երկրորդ սցենար: Ամպիցիլինի հետ Մամիկոնին տվել են հակաալերգիկ պատրաստուկ՝ սուպրաստին: Այս դեպքում ցանն առաջանում է ոչ թե անմիջապես, այլ ամպիցիլինի երրորդ դեղահաբն ընդունելուց հետո: Ստացվում է, որ Մամիկոնն իրեն հակացուցված ամպիցիլինի ոչ թե մեկ, այլ երեք հաբ է խմել: Դատե՛ք ինքներդ:

Եթե հակաբիոտիկ խմելուց հետո հիվանդի վիճակը վատացել է, ապա այն պետք է չեղարկել և փոխարինել այլ հակաբիոտիկով: Հակաբիոտիկների ազդեցության տակ բակտերիաները քայքայվում են, որի արդյունքում արյան մեջ մեծ քանակությամբ էնդոտոքսիններ (ներթույներ) են անցնում: Օրգանիզմը դրանց արձագանքում է սարսուռով, մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ, որը բուժման առաջին օրն արտահայտվում է վիճակի վատթարացմամբ:

Վիճակի նման զարգացումն ունի “էնդոտոքսիկ արձագանք” անվանումը, և բժիշկներին հատուկ սովորեցնում են, թե ինչպես տարբերել էնդոտոքսիկ ռեակցիան պատրաստուկի անարդյունավետությունից: Այսպիսով, եթե որևէ դեղամիջոց ընդունելուց հետո ձեր մոտ բարձրացել է ջերմությունը կամ սարսուռ է սկսվել, դա չի նշանակում, որ պետք է վազել դեղատուն այլ դեղ գնելու համար: Դա նշանակում է, որ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Երեխաների բուժումը հակաբիոտիկներով. ծնողների վեց սխալներն ըստ Կոմարովսկու
Ինքնաբուժում: Հակաբիոտիկներով ինքնաբուժման պատճառը որոշ ծնողների անպատասխանատվությունն է, որոնք ոչ միայն իրենք իրենց, այլ նաև իրենց երեխաներին են նման կերպ բուժում:
Վիրուսային ինֆեկցիաների դեպքում հակաբիոտիկների պրոֆիլակտիկ նպատակով օգտագործում: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ նման պրոֆիլակտիկ բուժում անում են ոչ միայն ինքնաբուժությամբ զբաղվող ծնողները, այլ նաև շատ բժիշկներ:

Սիստեմային դեղերի ոչ ռացիոնալ օգտագործում: Հակաբիոտիկները, որոնք ընդունվում են սիստեմային՝ ներերակային, ներմկանային ճանապարհով, չպետք է օգտագործվեն տեղային ձևով (որպես քթի կաթիլներ, քսուկներ և այլն): Կան երկու բացառություններ՝ թարախային օտիտը և թարախային կոնյուկտիվիտը:
Հակաբիոտիկների ընդունման ժամանակից շուտ դադարեցում: Փաստարկում են հետևյալ կերպ՝ վիճակը թեթևացել է, ջերմությունն իջել է, ավելորդ դեղ ընդունելու կարիք չկա: Հակաբիոտիկներով բուժման տևողությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով:

Այդ գործոններից են, օրինակ, տվյալ հակամանրէային պատրաստուկի ազդեցության մեխանիզմը, առանձին օրգաններում և հյուսվածքներում կուտակվելու ընդունակությունը և այլն: Յուրաքանչյուր ինֆեկցիա ունի բուժման օպտիմալ տևողություն, որը դրա ռեցիդիվի ռիսկը հասցնում է մինիմումի:
Նույն դեղամիջոցի օգտագործումը միևնույն հիվանդության կրկնության կամ ռեցիդիվի դեպքում: Դեղի նման օգտագործումն ավելացնում է ալերգիայի հավանականությունը, որը հատկապես կարևոր է երեխաներին հակաբիոտիկներով բուժելու ժամանակ: Եթե նույն հիվանդությունը կրկնվում է բուժվելուց կարճ ժամանակ անց, կարելի է ենթադրել, որ այն կրկնվում է նախորդ բուժումից մնացած մանրէների պատճառով:

Նման դեպքում արդեն մեկ անգամ այդ հիվանդության դեմ օգտագործված դեղամիջոցը արդյունավետ չի լինի:
Բուժման կանոնների և չափաբաժնի խախտում: Հակաբիոտիկների ընդունման ունիվերսալ ձև չկա: Կախված հակաբիոտիկի տեսակից՝ այն կարելի է ընդունել օրական մեկից չորս անգամ, սննդի հետ կամ առանց սննդի, և այլն… Սովորաբար մայրերն ուշադրություն չեն դարձնում բաղադրատոմսին կամ բժշկի ցուցումներին, որի արդյունքում տուժում է բուժման ընթացքը:

Կազմեց՝ Քրիստինե Բարսեղյանը


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․