Ինչու պետք չէ ընկերոջը (ընկերուհուն) զայրացած SMS ուղարկել




Երբ հաջորդ անգամ վիրավորվես ընկերոջիցդ և վիրավորանքդ արտահայտելու համար վերցնես բջջայինդ... խորհուրդ կտանք այն մի կողմ դնել: Վերջին ուսումնասիրությունների hամաձայն՝ այդ հաղորդագրությունն ի զորու է ավելի մեծ վնաս պատճառել ձեր հարաբերություններին, քան դու կարծում ես:

Երբ ընկերդ որևէ արարք է թույլ տալիս, որը բարկացնում է քեզ (օրինակ՝ հետաձգում է ընթրիքը հանդիպումից ընդամենը 20 րոպե առաջ), սովորաբար քեզ մոտ առաջանում է նրան մարտահրավեր նետելու ցանկություն: Եվ այսպես, դու նրան անմիջապես պատասխան հաղորդագրություն ես ուղարկում` բացատրելով, թե ինչու ես վիրավորվել, այնպես չէ՞: Դե, իսկ այժմ պատկերացրու, որ իրականում դա այնքան էլ այդպես չէ: Եթե քո նպատակը կայուն և ամուր հարաբերություններ պահպանելն է, ապա հարկավոր է հաղթահարել այդ ցանկությունը: «Հաղորդագրության բառերը վակուումի ներգործություն են ունենում,- բացատրում է հոգեբան Իշ Մեյջորը: - Դու պատկերացում չունես, թե ինչպես այդ անձնավորությունը կարձագանքի, և մինչև գիտակցես այդ ամենը, սովորական հաղորդագրությունը կվերածվի ճակատամարտի»: Դա նշանակում է, որ այդ հաղորդագրությունները գործելու են քո իսկ դեմ` սպառնալով ձեր հարաբերություններին:

Վիճաբանիր երես առ երես

Շփման արգելքը, որ առաջանումէ նամակագրության դեպքում, շատ ավելի լուրջ է, քան քեզ թվում է: «Նամակագրության դեպքում երեք անգամ ավելի քիչ տեղեկություն ես ստանում, քան երես առ երես շփվելիս,- ասում է կլինիկական հոգեբան, գիտությունների թեկնածու Խավիեր Ամադորը: - Դու չես կարող տեսնել դեմքի արտահայտությունը, լսել ձայնի տոնայնությունը կամ հետևել մարմնի շարժումներին»: Արդյունքում՝ շփումը կարող է վերածվել իսկական խառնաշփոթի: Ի վերջո այդպես ավելի հեշտ է հավասարակշռությունից դուրս գալ, քանի որ բացակայող դետալները դու լրացնում ես երևակայությամբ: Իսկ վիճաբանության ելքը գուշակելը պրակտիկորեն անհնար է: «Երբ վիճում ես ընկերոջդ հետ երես առ երես, նախքան արտահայտվելը կարող ես տեսնել նրա շարժումները, որոնք յուրօրինակ ազդանշաններ կարող են դառնալ` գիտակցելու, որ արդեն չափազանց հեռուն ես գնացել,- զգուշացնում է բժիշկ Մեյջորը: - Մինչդեռ նման ազդանշան քո բջջային հեռախոսը քեզ տալ չի կարող»:

Խճճվել ես սխալ մեկնաբանության մեջ

Կախված նրանից, թե ինչպես է քո ուղեղն ընկալում հաղորդագրությունները (ինչպես գրելը, այնպես էլ կարդալը), վիճաբանության նոր ալիք կարող է բարձրանալ: «Հաղորդագրություն գրելիս ակտիվանում է ուղեղի տրամաբանական հատվածը,- բացատրում է Ամադորը,- իսկ խոսելիս ավելի շատ կիրառում ենք զգացմունքային տարրեր»: Այնպես որ, նույնիսկ երբ հաղորդագրությունը սիրային կամ ցավակցական բնույթի է, ընթերցողին այն կարող է փոքր-ինչ սառը և խորթ թվալ: Ավելին՝ մեր ուղեղը սովոր է կարդալ հաղորդագրության միայն մի մասը` ամբողջ հաղորդագրության փոխարեն, և միանգամից եզրակացություն անել: «Նման երևույթը ձևավորվում է վաղ տարիքում, երբ դեռ նոր ենք սովորում կարդալ: Ուղեղը մեխանիկորեն հավաքում է բառերն ու արտահայտությունները, և մենք արդեն իսկ կռահում ենք, թե որն է լինելու հաջորդ բառը»,- ասում է Ամադորը: Այսպիսով՝ հաղորդագրությունն ուշադիր կարդալու փոխարեն քո աչքերը որսում են միայն մի քանի կարևոր բառ, ինչի ընթացքում միտքն ամբողջովին հանգստանում է: Եվ եթե նույնիսկ կարդում ես յուրաքանչյուր բառ, հաղորդագրությունը կարող ես մեկնաբանել անհամար եղանակներով:

Ստեղծիր հաշտության նախապայմաններ

Ինչպես գործել, որ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից: Մի՛ ակնարկիր, թե ինչն է բարկացնում քեզ. այդպես դու կսկսես պտտել ձնագունդը: «Ավելի լավ է ասել, որ ցանկանում ես խոսել երես առ երես»,- խորհուրդ է տալիս Ամադորը: Եթե արդեն հասցրել ես բարկացած հաղորդագրություն գրել, պարզապես ջնջիր այն, հակառակ դեպքում չափազանց գայթակղիչ է կրկին ու կրկին աչքի անցկացնել հաղորդագրությունը և կրկին ու կրկին զայրանալ: Հաղորդագրությունները բջջայինից հեռացնելը չի նշանակում, որ այն կհեռացնես նաև քո հիշողությունից, սակայն այդպես ավելի հեշտ կլինի առաջ շարժվել ու հաշտության եզրեր գտնել:


Հետևիր մեզ TikTok-ում 😊



Կիսվել...

Яндекс.Метрика

Ընթերցվող․․․