Օրգանիզմի համար առավել վտանգավոր են հիվանդությունները, որոնք զարգացման վաղ շրջանում ախտանշաններով չեն ուղեկցվում, սակայն չբուժելու դեպքում կարող են անդառնալի հետևանքների հանգեցնել:
Այդ հիվանդություններն ընթանում են առանց ախտանշանների կամ թաքնվում այլ հիվանդությունների դիմակի տակ: Հիվանդը կարող է նույնիսկ չմտածել հիվանդության մասին, սակայն ժամանակին չբուժվելու դեպքում դրանք կարող են լուրջ բարդություններ առաջացնել:
Զարկերակային ճնշման բարձրացում: Դեպքերի մեծամասնությունում զարկերակային ճնշման բարձրացումն ախտանշաններով չի ուղեկցվում: Գլխացավերը, շնչահեղձությունը, արյունահոսությունը քթից կարող են վկայել խնդրի մասին, սակայն, որպես կանոն՝ դրանք նկատվում են, երբ զարկերակային ճնշման ցուցանիշներն արդեն շատ բարձր են:
Դիաբետ: Որոշ գնահատականների համաձայն՝ աշխարհում 687 մլն մարդ տառապում է շարքարային դիաբետով, սակայն յուրաքանչյուր երկրորդը գաղափար անգամ չունի, որ հիվանդ է: Առանց վերահսկողության մնալու դեպքում շաքարային դիաբետը կարող է սրտի և երիկամների հիվանդությունների, կաթվածի, տեսողության կորստի պատճառ դառնալ:
Արյունատար անոթների հիվանդություններ: Քանի որ այս վիճակի դեպքում ախտանշաններ չեն նկատվում, հիվանդությունները կարող են աննկատ մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդը սրտի կաթված չի ստանում: Հենց այս պատճառով այդքան կարևոր է պարբերաբար բժշկական հետազոտություն անցնել:
Լյարդի ճարպային հիվանդություն: Հիվանդության զարգացման սկզբնական շրջանում հաճախ նկատելի ախտանշաններ չեն առաջանում, կամ նկատվում են բութ ցավ որովայնի վերին հատվածում, հոգնածություն, ախորժակի կորուստ, ինքնազգացողության վատացում: Քանի որ այդ խնդիրները բնորոշ են մի խումբ հիվանդությունների, լյարդի ճարպային հիվանդության ախտորոշումը բավական բարդանում է:
Օստեոպարոզ: Այս հիվանդությունն ազդում է ոսկրային հյուսվածքի վրա: Այն ևս լուռ մարդասպանների շարքում է, քանի որ զարգացման վաղ շրջանում ախտանշաններ չեն նկատվում:
Հաստ աղու քաղցկեղ: Քաղցկեղի վաղաժամ հայտնաբերումը և քաղցկեղային բջիջների հեռացումը հնարավորություն է տալիս բուժել այն 90 տոկոս դեպքերում: Խնդիրն այն է, որ վաղ շրջանում հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների:
Մաշկի քաղցկեղ: Քաղցկեղը զարգանում է մաշկի վերին շերտերում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով: Հաճախ հիվանդության մասին վկայում է կարմիր, թեփոտվող հետքը, որը երկար ժամանակ չի անցնում: Մարդկանց մեծ մասն անտեսում է դա:
Հեպատիտ: Հեպատիտը լյարդի բորբոքային հիվանդություն է: Վարակն օրգանիզմում կարող է զարգանալ տարիներ շարունակ՝ առանց ախտանշաններ առաջ բերելու:
Արգանդի վզիկի քաղցկեղ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակներից 4-րդն է: Որպես կանոն՝ վաղ շրջանում հիվանդության որևէ ախտանշան չի նկատվում:
Հետևիր մեզ TikTok-ում 😊