Եթե դու վախենում ես կորցնել սիրելի տղամարդուն կամ պարզապես չես ցանկանում ստվեր գցել ձեր հարաբերությունների վրա, երբեք մի’ ասա հետևյալ արտահայտությունները.
«Քո մայրիկն անտանելի բնավորություն ունի»:
Ոչ մի զարմանալի բան չկա նրանում, որ սիրելիդ պատմում է քեզ մայրիկի հետ ունեցած իր խնդիրների մասին: Չի բացառվում նաև, որ նա երբեմն բացասաբար արտահայտվի մոր բնավորության, մտածելակերպի մասին: Բայց դա ամենևին չի նշանակում, որ դու պետք է օգտվես առիթից և նույնպես արտահայտես քո քննադատական կարծիքը: Բավական կլինի, եթե դեմքիդ պատկերես խելացի ընկերուհու լուռ ժպիտ. Տղամարդուն պետք չեն քո մեկնաբանությունները, նա ուղղակի ուզում է, որ իրեն լսեն: Բայց այդ ամենով հանդերձ` նա երբեք չի հանդուժի, որ որևէ մեկը վատ արտահայտվի իր մոր մասին: Բանը միայն այն չէ, որ մոր և որդու միջև ողջ կյանքի ընթացքում ենթագիտակացական կապ գոյություն ունի: Մեծանալով` որդին սկսում է իրեն զգալ նաև մոր պաշտպանը` որպես ուժեղ սեռի ներկայացուցիչ: Այդ պատճառով էլ ցանկացած բացասական խոսք նրա «պաշտպանյալի» հասցեին վտանգի առջև է կանգնեցնում ձեր հարաբերությունների ջերմությունը:
«Ինչի՞ս է պետք այսպիսի նվերը»:
Շատ կանայք անկեղծորեն չեն հասկանում, թե ինչի համար է սիրելին նման հիմար իր գնել: Ավելի հեշտ ու ճիշտ կլիներ, եթե գումարն իրեն տար, իսկ ինքը կգներ այն, ինչ, իրոք, պետք է: Կանայք չեն հասկանում, որ տղամարդիկ նման քայլով ցուցադրում են իրենց զգացմունքը: Ինչպես հայտնի է` տղամարդու համար նվեր ընտրելը մեծագույն տանջանք է: Եվ եթե նա գիտակցաբար գնում է դրան, նշանակում է այդ կինը նրա համար, իրոք, թանկ է: Չէ՞ որ այդ իրի մեջ նա դրել է իր ողջ սերը նրա հանդեպ: Եվ եթե շնորհակալության փոխարեն նա քննադատություն է ստանում, ավելի քչախոս է դառնում զգացմունքների արտահայտման մեջ: Չզարմանաք, եթե նա իր նվերների համար նոր հասցեատեր գտնի, որն ավելի նրբանկատ է:
«Աշխատավայրում բոլոր տղամարդիկ սիրահարված են ինձ»:
Եթե նույնիսկ իրականում ամեն ինչ այդպես է, և մասսայական հիացմունքն ու հաճոյախոսությունները քո մշտական ուղեկիցն են, միևնույնն է, չարժե այդ մասին տեղյակ պահել սիրելիիդ: Քեզ թվում է` դրանով բարձրացնում ես քո գնահատականը, և դրանից հետո նա քեզ ավելի բարձր կգնահատի: Բայց իրականում դու դրանով միայն կասկածներ կհարուցես նրա մեջ քո հավատարմության ու նվիրվածության վերաբերյալ: Միշտ պետք է հաշվի առնել, որ տղամարդիկ այլ կերպ են մտածում: Կինը ցանկանում է ասել . «Տեսնու՞մ ես, ինչքան ուժեղ եմ քեզ սիրում, որ անտեսում եմ բոլորի սերը, հիացմունքն ու կրքոտ ակնարկները»: Բայց տղամարդը դրա փոխարեն լսում է. «Եթե դու ինձ չվերաբերվես այնպես, ինչպես ես եմ ուզում, ես հեշտությամբ քեզ փոխարինող կգտնեմ»: Ինչպես հայտնի է, տղամարդկանց սպառնալիքներով չես պահի: Բացի այդ, նրա ականջներում միշտ կհնչեն իր մրցակիցների երևակայական կրքոտ խոսքերը` ուղղված քեզ: Իսկ դա ոչ մի լավ բանի չի բերի:
«Ինչ հիանալի մարդ է քո ընկերը»:
Շատ հնարավոր է, որ նա իսկապես շատ լավ ու բարի ընկեր ունի: Ու նաև հնարավոր է, որ այդ ընկերը երբեմն տրամադրել է իր ուսը, որպեսզի դու հենվես դրան ու լաց լինես սիրելիիդ հետ հերթական վեճից հետո: Բայց ահա այդ նույն սիրելիին հաստատ դուր չի գա այդ տեղեկությունը: Այն մասին, որ իր ընկերը լավ մարդ է, նա առանց քեզ էլ գիտի: Հիմա պատկերացրու սիրելիիդ հոգեվիճակը, երբ նա սկսում է մտածել, որ իրեն փորձում են դավաճանել միանգամից երկու մտերիմ մարդիկ: Ընդ որում, այդ իրավաիճակում նա, ամենայն հավանականությամբ, կձգտի պահպանել հարաբերություններն ընկերոջ հետ: Իսկ ինչ վերաբերում է այդ ամենին քո մասնակցությանը, այստեղ հնարավոր են մի քանի տարբերակներ: Բայց դեպքերի ցանկացած դասավորվածության դեպքում քո հանդեպ անվստահությունը միշտ կմնա:
«Դու այնքան նման ես (չես) իմ նախկին ընկերոջը»:
Նման է նա քո նախկին սիրեցյալին, թե ոչ, այժմ ոչ մի նշանակություն չունի: Երկու տղամարդկանց համեմատությունը նրանցից մեկի ներկայությամբ ոչ մի լավ բանի չի բերի: Սիրելիիդ համար հատկապես տհաճ կլինի լսելը, որ նախկինին ինքը շատ նման է: Հաշվի առ, որ վերջինիս նա «նախկին» չի համարում, քանի որ տղամարդու հոգեբանությունն այնպիսին է, որ նա իրեն մրցակից է համարում երկրագնդի վրա բնակվող յուրաքանչյուր տղամարդու: Նրա համար առավել տհաճ է հիշելն այդ տղամարդկանցից մեկի մասին, որը նախկինում զբաղեցրել է իր տեղը: Իսկ եթե անգամ դու համեմատությունը նրա օգտին անես, միևնույն է, նա միայն կնկատի, որ դեռևս մտածում ես այդ տղամարդու մասին, որ այդ «նախկին» կոչեցյալը դեռ զբաղեցնում է քո միտքը, և որ ամենասարսափելին է` քո սիրտը նույնպես:
Հետևիր մեզ TikTok-ում 😊