Գլխավոր էջ » Սեքս. Քրեական |
Քրիստինեն իրենց քաղաքի բնակչուհի Քնքուշին կասկածել է իր ամուսնու հետ սիրային կապ ունենալու համար
37-ամյա Քրիստինեն «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատողներից էր: Նրան մեղադրանք էր առաջադրված մարդու առևանգման և շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին և 182 հոդվածի 1-ին մասերով: Ըստ դատական ակտի՝ Քրիստինեն իրենց քաղաքի բնակչուհի Քնքուշին (անունը փոխված է) կասկածել է իր ամուսնու հետ սիրային կապ ունենալու համար: Ամուսնու և Քնքուշի հարաբերություններն իր համար պարզելու նպատակով Քնքուշի հետ խոսելու մտադրությամբ 2016 թվականի ապրիլի 25-ին, ժամը 13-ն անց 30-ի սահմաններում Քրիստինեն իր «ՎԱԶ-21015» մեքենայով գնացել է նախապես պայմանավորված վայր՝ Վանաձորի մշակույթի պալատի մոտ: Նա հանդիպել է Քնքուշին ու առանց մեքենայից իջնելու առաջարկել է, որ Քնքուշը մեքենա նստի, մեքենայի մեջ զրուցեն: Հենց որ Քնքուշը նստել է մեքենայի առջևի նստատեղին, Քրիստինեն փակել է մեքենայի դռները և Քնքուշի կամքին հակառակ նրան առևանգել է՝ մեքենայով տեղափոխել է Վանաձորի վերջնամասի անմարդաբնակ վայր, ապա տեղափոխել է քաղաքի այլ հատվածներ: Ճանապարհին Քրիստինեն Քնքուշի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, սպառնացել է, թե նրա «գլուխը ուտելու է», նա «տուն չի հասնելու»: Երբ գտնվել են քաղաքի ամայի ծայրամասում, Քրիստինեն նկատել է, որ ամուսինն ընկերոջ մեքենայով եկել է Քնքուշին օգնելու: Քրիստինեն իր մեքենան արագ վարել ու հեռացել է, ամուսինը չի հասցրել նրան հետապնդել ու կորցրել է տեսադաշտից: Ամուսնու կողմից Քնքուշի համար մտահոգվելը, քաղաքի ծայրամաս հասնելը Քրիստինեին ավելի են զայրացրել: Նա աջ ձեռքով հարվածել է Քնքուշի դեմքին, պատճառել է քթի ձախ մասի քերծվածք՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք: Ըստ դատական ակտի՝ «չբավարարվելով Քնքուշի նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ գործադրելուց, նրան այլ կերպ ևս պատժելու նպատակով Քրիստինեն որոշել է նրանից գումար շորթել՝ նաև գույքային վնաս հասցնել նրան: Քրիստինեն իր այս նպատակին հասնելու համար Քնքուշին անհիմն մեղադրել է իր ամուսնուն, վերջինիս միջոցով նաև իրեն սեռավարակով վարակելու համար: Կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ տալով, պատճառաբանելով, թե բուժման համար իրեն գումար է պետք՝ Քրիստինեն Քնքուշից պահանջել է 100 հազար դրամ: Համոզվելով, որ Քնքուշն ի վիճակի չէ պահանջված գումարը ճարելու, Քրիստինեն սակարկել ու գումարը նվազեցրել է մինչև 30 հազար դրամը: Նա սպառնացել է այդ գումարը չտալու դեպքում իրականացնել իր սպառնալիքները: Իր կատարածի համար պատասխանատվության ենթարկվելուց խուսափելու, իր արարքը քողարկելու նպատակով Քրիստինեն ստիպել է, որ Քնքուշը գրություն գրի՝ նրան 30 հազար դրամ պարտք լինելու վերաբերյալ: Քրիստինեի պահանջած գումարը հայթայթելու համար Քնքուշը զանգել է իր ծանոթներին ու հարազատներին: Ժամը 16-ի սահմաններում Քնքուշը կրպակներից մեկի աշխատակցուհուց վերցրել է մոր թողած 30 հազար դրամը և տվել է Քրիստինեին: Միայն դրանից հետո Քրիստինեն թույլ է տվել, որ Քնքուշը դուրս գա մեքենայից ու հեռանա: Դատարանում Քրիստինեն իրեն մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով: Դատարանը հաշվի է առել, որ Քրիստինեի խնամքին է մանկահասակ՝ 10 ամսական 1 երեխա: Տուժողը Քրիստինեի դեմ բողոք, պահանջ չի ներկայացրել: Ընդհանուր իրավասության դատարանը Քրիստինե Հ.-ին մեղավոր է ճանաչել: Առևանգման համար Քրիստինեն դատապարտվել է 2 տարի ազատազրկման, իսկ շորթման համար՝ 500 հազար դրամ տուգանքի: Դատարանը վճռել է առևանգման համար նշանակված 2 տարի ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով 1 տարի փորձաշրջան:
Տարածել... Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی | ||||||||||
Դիտումներ: 532 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|