ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ Հանրապետական կուսակցությունում տրամադրված են մասնակցել դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երեկվա գործադիր մարմնի նիստում հարցը քննարկել են, առայժմ հստակեցրել հետհեղափոխական խորհրդարանում նախկին իշխանության առաքելությունը:
«Պետք է լինի ընդդիմադիր իրական ուժ պառլամենտում, որը կսահմանափակի իշխանության քաղաքական ախորժակը: Եվ այդ իմաստով, ես կարծում եմ, որ Հանրապետականը պետք է մասնակցի ընտրություններին և պետք է մասնակցի որպես ընդդիմադիր քաղաքական դաշինք և ուժ», - հավելեց Շարմազանովը:
Իշխանության ախորժակը սահամանփակելու հարցում ընդդիմադիր հարթակում ՀՀԿ-ն փոքր ախորժակ չունի: Նվազագույն շեմը հաղթահարելու համար չեն պայքարելու․ - «Հանրապետական չի պատրաստվում պայքարել երկու տոկոսի կամ հինգ տոկոսի կամ չորրորդ ուժ լինելու համար: Հանրապետականը, եթե մասնակցի ընտրություններին, պետք է մասնակցի որպես լուրջ հավակնություններ ունեցող ընդդիմադիր ուժ»:
Ժողովրդի պահանջով իշխանությունից հեռանալուց ամիսներ անց ընտրողի հետ դեմ առ դեմ հանդիպելուց կաշկանդված չեն: Շարմազանովի փոխանցմամբ, քաղաքացու վստահության քվեին մտադիր են հենց իրենց անցած ճանապարհով ու ծրագրերով արժանանալ․ - «Նախկին տարիներին եղել ենք իշխանություն: Մենք մեր քաղաքական իշխանության համար տվել ենք քաղաքական պատասխանատվություն՝ զրկվելով իշխանությունից: Քաղաքական դաշտում չպիտի առաջնորդվել մտավախություններով, մտահոգություններով և վախերով, քաղաքական դաշտում պետք է առաջնորդվել ծրագրերով»: