Օրգանիզմում տեղի ունեցող բազմաթիվ գործընթացներ կախված են վահանաձև գեղձից: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձն արտադրում է կարևոր հորմոններ, այդ օրգանի աշխատանքից է կախված նաև նյութափոխանակությունը: Եթե քաշն անբացատրելիորեն փոխվում է, հնարավոր է՝ խնդիրը պայմանավորված է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարմամբ:
Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման դեպքում առաջանում են հիվանդություններ, որոնք դեղորայքային բուժում են պահանջում: Պակաս կարևոր չէ նաև սննդակարգի շտկումը. մթերքի մի մասը բացասական ազդեցություն է ունենում այս գեղձի առողջության վրա:
Վահանաձև գեղձի առողջության խնդիրներն ուղեկցվում են այնպիսի նշաններով, ինչպիսիք են.
Հոգնածություն: Եթե մշտապես հոգնածություն եք զգում, և նույնիսկ լավ հանգստանալու դեպքում այդ զգացումը չի անցնում, մեծ է հավանականությունը, որ վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում:
Քաշի անբացատրելի և հանկարծակի փոփոխություն: Հիպո և հիպերթիրեոզի դեպքում կարող են քաշի նկատելի փոփոխություններ լինել, որոնք հստակ պատճառներ չունեն: Այս խնդիրը կարող է վկայել նաև գլյուկոզայի, խոլեստերինի բարձր մակարդակի մասին: Վատագույն դեպքում այս ամենը կարող է ազդել արյան շրջանառության վրա՝ առաջացնելով սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ: